Գյուղատնտեսություն

Աճ գյուղոլորտում՝ ինչպես են տարին ամփոփում ֆերմերները


Բերքը
շատ էր, գինը՝ ցածր

Ի տարբերություն 2021 թվականի՝ գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ տարվա 9 ամսում, ներառյալ ձկնաբուծությունը, արձանագրվել է 0.5 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 713 մլրդ ՀՀ դրամ:

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով անցնող տարվա աշխատանքը:

Անցյալ տարի գյուղոլորտում 1.1 % անկում էր գրանցվել:

Գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021թ-ին պատկան մարմինները մեկնաբանում էին գրանցված անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ։

Իսկ այս տարվա աճը գյուղատնտեսական ոլորտում պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում։ Իսկ ի՞նչ են ասում հողի մշակները:

Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը դժգոհ չէ այս տարվա բերքից: Ասում է՝ տարին բերքառատ էր, հողն առատ պարգևատրել է գյուղացուն չարչարանքի դիմաց, միայն թե մեկ բան սիրտով չէ: Չնայած բերքատվության բարձր ցուցանիշներին՝ ֆերմերը սրտնեղում է, որ բերքի գինն է ցածր:

«Այս տարի ֆերմերների ծախսներն ավելացան: Տարվա սկզբին, երբ սկսեցինք վարուցանքը, պարարտանյութի գինը եռակի բարձրացավ, դրան զուգահեռ՝ թանկացան նաև թունաքիմիկատն ու դիզվառելիքը: Սակայն այս թանկացումների ֆոնին մեր արտադրանքի արժեքը 10-20 տոկոսով բարձրացավ, ինչը շատ չնչին գումար է մեր ահռելի ներդրումների դիմաց: Պարզ է, որ մեր շահույթի մասին խոսելն ավելորդ է դառնում»,- Ագրոպրեսի հետ զրույցում ներկայացրեց ֆերմերը:


Տաք ձմեռն է դեռ գոհացնում ջերմոցատերերին:

Եղանակը ջերմոցատերերի օգտին է

Վարուժան Խոդեդանյանն արդեն 13 տարուց ավել ջերմոց է մշակում: Նկատում է՝ այս սեզոնին գրանցված ջերմաստիճանը հօգուտ իրենց է:

«Դեռ տաք է, ջերմոցները շատ քիչ ենք ջեռուցում, իսկ դա բերելու է մեր ծախսերի կրճատմանը, գազի գումար քիչ կվճարենք: Բնությունը մեզ փոխհատուցում է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Վ Խոդեդանյանի համոզմամբ՝ 0,5 տոկոս չէ, այլ ավելի բարձր կլինի գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճը. խնձորը շատ է, արժեք չունի. կաղամբ, ծաղկակաղամբ ու բրոկոլի էլ որքան ասես կա, բայց քանակով պայմանավորված՝ գին չունեն:

«Ամեն տարի այս շրջանում բրոկոլիի մեկ կիլոգրամը վաճառել ենք 600-1000 դրամով, իսկ հիմա «Մեհմանդարի» շուկայում մեծածախ արժեքը կազմում է 300 դրամ: Ծաղկակաղամբի մեծածախ արժեքն էլ 80-100 դրամ է»,- նշեց նա:

Չարչարանքից գրեթե օգուտ չի ստացել Էջմիածնի բնակիչ Սամվել Լալազարյանը:

Դժգոհում է՝ եթե պարարտանյութը չթանկանար, կկարողանար գոնե բանկի վարկերը մարել:

«Վարկ վերցրի այն հույսով, որ բերքի վաճառք կլինի, ու գումարները կվճարեմ: Բայց ինչ եղավ. ծախսերն ավելացել են, նույնիսկ վերցրած վարկը բավարար չէր ներդրումների համար: Սկզբից ասացին՝ պարտանյութը 9000 դրամ, հետո սարքեցին 12.000։ Հարցրինք՝ պատճառն ի՞նչն է, որ թանկացել է, պատասխանեցին՝ ճանապարհածախս է, սա՛ է, նա՛ է։ Մեկ պարկի հաշվով՝ 3000 դրամ, էդ ի՞նչ ծախս են արել, Թիֆլիսից էդ մի հատ պարկը բերել-հասցրել են Երևան, դարձել է 3000 դրա՞մ։ Մինչև 3հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորեցին պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը, բայց քչերն օգտվեցին այդ ծրագրից: Ինչի՞ց գոհ լինեմ»,- վրդովվեց հողագործը:

Խաղողագործները դարդոտված են

Բերքահավաքի եռուն շրջանում՝ սեպտեմբերին, դարձյալ աղմկեցին գյուղացիները. խաղողագործները բողոքում էին, որ ընկերությունները պայմանագրեր չեն կնքում, դարձալ ջրի գնով խաղող են ուզում: Մթերման խնդիրներից հուսահատված՝ որոշ խաղողագործներն էլ արդեն այգեթաղին վազերն էին քանդում:

Նրանցից մեկը սարդարապատցի խաղողագործ Կարենն էր: Խաղողագործը հույս ուներ, որ իշխանությունները, ինչպես խոստացել էին, այս տարի կլուծեն մթերման խնդիրը, բայց հուսախաբ եղավ և որոշեց քանդել խաղողի 6000 մետր այգին։

Այգին քանդելը ծանր որոշում էր, սակայն այլ ելք չուներ։ Այգուց տարեկան մինչև 22 տոննա խաղող էր ստանում։ Պայմանագիր ուներ «Նոյ»  գործարանի հետ, բայց վերջին տարիներին, ըստ խաղողագործի, գործարանը խաղող չի մթերում կամ էլ ցածր գնով է ընդունում, ինքն էլ այս տարի հարկադրված, որ աշխատանքը ջուր չդառնա, մեկ այլ գործարանում ինքնարժեքից ցածր՝ 120 դրամով է մթերել խաղողը և դեռ գումարն էլ չի ստացել։

«Մեզ խաբեցին պայմանագրերի առումով, մի կերպ տարա ՄԱՊում հանձնեցի, նիսյա տվեցի, որ խաղողից պրծնեմ։ Էլ չեմ մշակելու, որովհետեւ մթերման ժամանակը հենց գալիս է, հոգեկանիս վրա ամեն ինչ ազդում է, աշխատող էլ չեմ գտնում։ 13 մարգ խաղողը քաղելու համար 38 հոգի մարդ է պետք, միայն բերքահավաքը 400 հազար դրամ է նստում ինձ վրա»,- բողոքեց գյուղացին։

Սարդարապատի բնակիչը դեռ չի որոշել՝ խաղողի այգու փոխարեն գարնանն ինչ է մշակելու։ Բանջարեղեն աճեցնել չի կարող հողը քարոտ է։ Սալորի այգի ունի, որի եկամտից չի դժգոհում, կարող է այգին մեծացնել, բայց դեռ երկմտում է։

Դրական տեղաշարժ՝ անասնապահության ոլորտում

Աճ գրանցվել է անասնապահության ոլորտում կատարած ուսումնասիրություններն է հայտնում ՄԱԿ փորձագետ, նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա եղանակային պայմանները նպաստավոր էին հատկապես կերի արտադրության համար: Արոտավայրերում, անցյալ տարվա համեմատ, բավականին բարենպաստ վիճակ էր, հաջողվեց նաև անասնակեր կուտակել:

«Գրեթե 6-70 տոկոսով առվույտի գինը ցածր էր նախորդ տարվա համեմատ: Դա նպաստեց խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացմանը: Տավարաբուծության և ոչխարաբուծության ոլորտներում դրական տեղաշարժեր են նկատվում»,- ասաց փորձագետը:

Պետրոսյանի խոսքով՝ մինչդեռ բացասական ցուցանիշներ ունենք հացահատիկի արտադրության ծավալներում, կարտոֆիլի բերքատվությունն էլ չի գերացանցում նախորդի ցուցանիշները:

Իսկ բանջարաբոստանային մշակաբույսերի, որոշ պտղատեսակների գծով ևս մասնագետը աճ չի նկատել:

Ի՞նչ է արվում հօգուտ գյուղացու

Հիմա մի փոքր գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերից:

Նշենք, որ հաստատվել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը, որը 2023թ. կմտնի իրականացման փուլ: Ինտենսիվ այգեգործության ծրագրով՝ 2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 1533 հա այգեհիմնման և 2000 հա (ներառյալ այգեհիմնումը) ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ:

ԱԺ կողմից էլ ընդունվել է «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը, որով ՀՀ-ում սկիզբ է դրվել տնկանյութի հավաստագրման գործընթացին։ Հաջող իրականացվում են գյուղտեխնիկայի լիզինգի և գյուղապահովագրության ծրագրերը: Մեկնարկել է կենդանիների համարակալման ծրագիրը, համարակալվել է շուրջ 100.000-ը:

Գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրով 2022թ. երրորդ եռամսյակում տրամադրվել է 6969 միավոր վարկ, որով Կառավարության նախանշած թիրախը գրեթե կատարված է (7000), ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 224 մլրդ ՀՀ դրամ, 2023թ. հունվարի 1-ից ծրագիրը կդադարեցվի: Շարունակվել է նաև ընթացիկ մի շարք այլ ծրագրերի իրականացումը և զուգահեռ՝ դրանց արդյունքային մշտադիտարկումը:

Մշակվել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունները, որոնք գտնվում են քննարկման/շրջանառության փուլում:

Հաջող իրականացվում են նաև գյուղտեխնիկայի լիզինգի եւ գյուղապահովագրության ծրագրերը:


Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search