Հայաստանում այս տարի էլ ջուր չկա
Այս տարի էլ գյուղացին ոռոգման ջրի խնդրի առաջ է կանգնել: Չնայած տեղումներին՝ Հայաստանի ջրամբարները դատարկ են։ Ջրային կոմիտեում դեռ ոռոգման շրջանը չսկսած՝ արձանագրում էին՝ տարին ջրառատ էր թվում, բայց իրականում այդպիսին չէ։ Ջրամբարները 50 տոկոս թերլցվածություն ունեն, ոռոգման ջրով ապահովվող երեք հիմնական ջրամբարներն ու Հրազդան գետը սակավաջուր են։
Ըստ Հիդրոմետի՝ Ապարանի ջրամբարում, որի ծավալը շուրջ 90 մլն խորանարդ մետր է, ունենք 26 մլն կուտակված ջուր։ Ախուրյանի ջրամբարում շուրջ 250 մլն խորանարդ մետր ջուր կա։ Կուտակված ջուրն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 150 մլն խորանարդ մետրով պակաս է։
Ոռոգման ջուր չլինելու առաջին ահազանգն Արմավիրի մարզից ստացվեց, տարբեր համայնքների հողօգտագործողները դժգոհում էին, որ այգիներն ու ծառերը չորանում են, ջուրը քիչ է, ոչ բոլորին է հասնում:
«Գյուղացուն հերիք չի՝ չեն օգնում, մի հատ էլ վնաս են տալիս, ոռոգման ջուր չտրամադրելու հետևանքով ծիրանի ամբողջ բերքը վարի է գնացել: Ահռելի գումարներ ենք ծախսել, պարարտանյութ գնել, ոռոգման ջրի գումար վճարել, բայց այս տարի ընդամենը 1 անգամ են ջուր տրամադրել: Այս տարի էլ կռվով-դավով մայիսի 25-ին նոր ջուր են տվել: Ջուր չեն տվել, որ ջրենք, ծիրանի բերքը մանր է: Հիմա ես այս մանր բերքը ո՞ւմ մթերեմ, ո՞վ կառնի: Լորի ձու է, որ ձեռքիս մեջ 2 հատից ավելի չպետք է տեղավորվի, 10-15 հատ է տեղավորվում»,- Ագրոպրեսի հետ զրույցում սրտնեղեց գյուղացին:
Արմավիրցիների բողոքին հաջորդեց Արարատի մարզի հողօգտագործողների ակցիան: Վեդի խոշորացված համայնքի գյուղացիները հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցում և պատկան մարմիններից ոռոգման ջուր էին պահանջում:
Նրանք հայտարարում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ծիրանի բերքը տուժել է, իրենք անգամ ներդրած գումարները չեն կարողանում հետ բերել:
«Նախորդ տարի ընկել էին ժողովրդի հետևից, թե պայմանագիր կապեք, որ ջուր տանք, ասացի՝ հարց չկա, մեծ ուրախությամբ։ Ես իրենց պայմանագրի կետերը գիտեի, այնտեղ նշված է, որ, եթե պահանջ ներկայացնելուց 3 օր հետո ջուր չտվեցին, ապա պարտավոր են ամբողջ ծախսերը փոխհատուցել։ Նախորդ տարի իմ 1 հեկտար դաշտի համար 120․000 դրամ մուծեցի, պայմանագիր կնքեցի, բայց նորմալ ջուր չտրամադրեցին, ծիրանը փչացավ։ Տարել, բերքը հանձնել եմ ֆուռին, 407 արկղ հետ են տվել, ասել են՝ էս թառամած ծիրանը բերել ես, ի՞նչ անենք։ Ստիպված 40 դրամով հանձնել եմ մթերման կետ, նույնն էլ այս տարի է սպասվում։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան շարենք, աշխատողներին փող տանք, վերջում տանենք, 40 դրամով հանձնենք»,- բողոքեց գյուղացիներից Աշոտ Մկրտչյանը:
Բողոքի հաջորդ հասցեն Դիտակ համայնք էր: Գյուղացիների պնդմամբ՝ մեկ շաբաթից ավել բույսերն ու այգիները ջուր չեն տեսել:
«Մեծ տրակտորներից բերեցին ջրային տնտեսությունից, քար, մետաղներ լցրեցին, որտեղից որ ջուր է գալիս, փակեցին: Հիմա բնակիչներով խնդրի առաջ ենք կանգնել, ջուր չունենք, ծառերը, բույսերը չորանում են»,- ասաց բնակիչներից մեկը:
Հասարակությունը, սակայն, ցնցվեց ոռոգման ջրի հետ կապված միջադեպով, երբ պարզվեց, որ Արագածավանում Թալինի Ջրօգտագործողների ընկերության պետը ծեծի է ենթարկել բնակիչներից մեկին: Միջադեպը ծագել էր այն ժամանակ, երբ բնակիչներից Արմենը պահանջել էր, որ ոռոգման ջուրը ժամանակին հասնի դաշտերին:
Եթե հեղափոխություն էլ անենք, ջրի քանակը չի ավելանալու
Ջուրը պետք է խնայողաբար օգտագործել, ջրի պակաս է լինելու, երաշտի վտանգների մասին Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլին զգուշացրեց Կառավարության նիստում:
Գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում անընդհատ լինելու է երաշտ, այսինքն՝ ջուրն անընդհատ պակասելու է։
«Ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մենք ինչ-որ ձևով գլորում ենք, հետո փետրվարի վերջերից սենց նստում ու նայում ենք, տեսնենք՝ անձրև ավելի շատ կգա՞, չի՞ գա, ջուրն ավելի շատ կլինի՞, թե՞ չի լինի։ Եկեք արձանագրենք՝ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս։ Նույնիսկ եթե ճանապարհները փակենք, ինչ էլ անենք, հեղափոխություն էլ անենք, այ, դա էն դեպքն է, որ ջրի քանակը չի ավելանալու»,-ասել էր Փաշինյանը։
Նա հորդորել էր բոլոր ոլորտներում ջուրը խնայողաբար օգտագործել, անգամ փողոցներում ցայտաղբյուրների վրա պետք է փականներ դնել:
«Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր, կենցաղում, արդյունաբերության, ձկնարդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, որովհետեւ եթե ոռոգման նոր տեխնոլոգիաներ եւ ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդրվեն, մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են»,- նշել էր կառավարության ղեկավարը:
Փրկել այգինե՞րը, թե՞ Սևանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր պարզաբանել էր, որ Կառավարությունը ֆերմերներին ջուր տրամադրելուց առաջ գրեթե ամբողջությամբ սուբսիդավորում է դրա արժեքը, այդ պատճառով ջրի գինը, որը վճարում են ֆերմերները, որևէ կերպ չի խթանում նրանց տեղադրել արդյունավետ սպառման համակարգեր:
«Ջրի ոլորտում պետք է տեղի ունենան բարեփոխումներ, թանկանա ջրի գինը, որպեսզի ֆերմերները մոտիվացված լինեն ներդրումներ անել կաթիլային համակարգի տեղադրման մեջ»,- կարևորել էր նախարարը:
Իսկ մինչև ջրի ոլորտում բարեփոխումներ կլինեն, ոռոգման նպատակով այս տարի էլ Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի։ Ջրային կոմիտեն արդեն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հավելյալ 70 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու համար։
Կոմիտեում հաշվարկել են՝ լճից ջրի բացթողումը շուրջ 70 մլն խորանարդ մետր կկազմի, իսկ մնացած դեֆիցիտը՝ 45 մլն խորանարդ մետրը, պետք է լրացնեն խորքային հորերի միջոցով:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան