Հայաստանի հացի շտեմարան հանդիսացող մարզում՝ Շիրակում, այս տարի ցորենի առատ բերք է սպասվում: Գյուղացիները պատրաստվում են հունձին, մի քանի օրից կոմբայնն արդեն արտ կմտնի:
Շիրակի մարզի հողագործներն ասում են, որ տարին նպաստավոր էր հացահատիկի համար:
«Լավ էլ բերք կա: Մեկ հեկտարից սպասում ենք 4-6 տոննա՝ 40-60 ցենտների սահմաններում բերք: Դա լավ ցուցանիշ է: Միաժամանակ նշեմ, որ տարբեր վայրերում տարբեր են բերքատվության ցուցանիշները. ունենք անջրդի և ջրովի հողատարածքներ, որտեղ տարբեր քանակությամբ բերք ենք ակնկալում»,- Ագրոպրեսի հետ զրույցում տեղեկացրեց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը:
Թեև եղանակային պայմանները նպաստավոր են եղել հացահատիկի համար, բայց կարկտահարությունից վնասվել են Ազատանի ցորենի ցանքսերը:
Համայնքի ղեկավարը, սակայն, վստահեցնում է՝ դաշտերում տարբեր է եղել վնասի չափը, կարկտահարությունը չի ազդել ցորենի բերքատվության ցուցանիշի վրա:
Ցորենի ցանքատարածություններն էլ են այստեղ ավելացել: Վարդան Իկիլիկյանի հրապարակած տվյալներով՝ 970 հեկտար աշնանացան են արել: Նախորդ տարվա 850 հեկտար ցանքսն ավելացել է շնորհիվ պետական աջակցության:
Պետությունը խթանում է ցորենի արտադրությունը
Դեռ նախորդ տարվանից կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը: Ցորենի արտադրության խթանման ծրագրի շրջանակներում 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես՝ սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար տրամադրվում է 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ փոխհատուցում։
Ըստ Շիրակի մարզպետարանի՝ աշնանացանի համար, ընդհանուր առմամբ, մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի տարածաշրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։
Մարզում մոնիտորինգի արդյունքում դրական եզրակացություն ստացած ընդհանուր 13091 հա ցանքից 10695 հա-ն չհավաստագրված սերմերով է իրականացվել, 2397 հա-ը՝ հավաստագրված սերմերով։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն հացահատիկը գրեթե ամբողջությամբ (9 9.9%) ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։
2022 թվականին ՀՀ է ներմուծվել 533.6 հազար տոննա հացահատիկ, որից 379.0 հազար տոննան ցորեն է, 57.5 հազար տոննան՝ գարի, 97.1 հազար տոննան՝ եգիպտացորեն։
Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ ՀՀ–ն հացահատիկի պահանջարկը մեծամասամբ լրացնում է ներկրման միջոցով։
2021 թվականին հանրապետությունում հացահատիկի ինքնաբավության մակարդակը կազմել է 23.2 %:
Իսկ 2022 թվականի դրությամբ Հայաստանում հացահատիկային կուլտուրաների համախառն բերքը կազմել է 235 հազ․ տոննա, որից ցորենը՝ 140,2 հազ․ տոննա։
ՀՀ–ում քայլեր են ձեռնարկվում հացահատիկի աճեցման ուղղությամբ։
Աշնանացան ցորենի արտադրության խթանման համար պետական աջակցման ծրագիր է իրականացվում, որի շնորհիվ աշնանացան ցորենի ցանքատարածությունների ընդլայնման պոտենցիալ հնարավորությունը կազմում է շուրջ 81 000 հա, հետևաբար աշնանացան ցորենի համախառն բերքը կարող է կազմել շուրջ 162 հազ․ տոննա։
Ցորենը եկամտաբեր կուլտուրա չէ
Գեղարքունիքի մարզում էլ ցորենի լավ բերքի սպասումով են նախապատրատվում բերքահավաքին:
Շուրջ 30 տարի հացահատիկի մշակությամբ զբաղվող Գրիշա Կարապետյանը փաստում է, որ անցյալ տարվա համեմատ այս աշնանը մոտ 10 հեկտար ավել են ցորեն մշակել:
Թեև տարիներ շարունակ այստեղ ֆերմերները դժգոհում էին, որ չեն կարողանում ցորենի էլիտար սերմացու գնել, բայց եղած հնարավորությունից էլ չեն օգտվում:
«Հայտարարություն տվեցի, որ կարող են պետության կողմից սուբսիդավորված սերմնացուն գնել, չուզեցին: Ասում են՝ թանկ է, նույն գնով կարող ենք նաև շուկայից գնել, և այդպես էլ արեցին: Սուբսիդավորված էլիտար սերմ ձեռք բերելու համար թղթաբանություն պետք է ներկայացնեն, դա էլ լրացուցիչ գլխացավանք է ֆերմերի համար, և նախընտրում են շուկայից գնել: Սակայն ցորեն ցանելով չեն կարողանում եկամուտ ստանալ: Դա եկամտաբեր կուլտուրա չէ․ միայն ծախս ես անում: Հողն անմշակ չթողնելու պատճառով ցորեն ենք ցանել: Ինչքան էլ ցորեն ցանենք, մեր երկիրն ինքնաբավ չի կարող դառնալ»,- շեշտեց հողագործը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան