Այս գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ կառավարությունը խստացրել է գյուղաապահովագրության պայմանները: Գործադիրը կառավարության նիստում որոշել է մեկ տարով ապահովագրական ցանկից հանել ծիրանն ու խաղողը:
Գործադիրի նոր որոշումից զարմացած է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանյանը: Խաղողագործը չի հասկանում՝ ինչու է պետությունը նման քայլի գնում, երբ հայտարարում են, որ ծիրան ու խաղողը գյուղատնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեն:
Արտակ Սարգսյանն անհանգստացած է՝ անգամ մեկ տարով կասեցումը մեծ հարված կհասցնի իրենց:
«1 հեկտարի կտրվածքով, 1 հեկտար խաղողի այգին մինչև բերքահավաքը ներառյալ մենք ներդրում ենք կատարում միլիոն 500-ից մինչև միլիոն 700 հազար դրամ։ Եթե մենք դա ապահովագրում ենք, նշանակում է՝ մենք կարողանում ենք մեզ ապահովված զգալ, գոնե այն ներդրումը, որ մենք արել ենք, ակնկալիքով, որ հավելյալ շահույթ ստանանք, ապրենք, գոնե դա վերադարձվում է։ Ապահովագրության իմաստը դա է, եթե խաղողը չի ապահավոգրում, պատկերացրեք՝ ինչ է կատարվելու՝ ինքնարժեքը՝ բարձր, գնվող գինը, առաջարկվող գինը՝ ինքնարժեքից ցածր և ինքնարժեքով, էլ սրանից ռիսկային ոլորտ հանրապետության գյուղատնտեսության մեջ ո՞րն է: Եթե կարկուտ էլ եկավ, մեր վարկերը չենք կարողանալու մարել»,- Ագրոպրեսի հետ զրույցում դժգոհեց խաղողագործը:
Ծրագրի շրջանակում 2023 թվականին ապահովագրվել էին ծիրանը, խաղողը, դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, սեխ ու կարտոֆիլը, ինչպես նաև ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն էին՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտն ու հրդեհը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացմամբ՝ անցած տարի ապահովագրվել էր 11 հազար 662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ, դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2․7 մլրդ դրամի չափով։
Նրա փոխանցմամբ՝ այս տարի, պայմանավորված գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ Այդ է պատճառն, ըստ նախարարի, որ ծրագիրը
ժամկետից ուշ մեկնարկեց, ուստի, անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել և վերափոխել ծրագրի մոտեցումները:
Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ՝ թերևս թվարկված պատճառներով է, որ այս տարի կկարողանան ապահովագրել միայն դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը այն էլ կարկուտի ռիսկից:
«Դեղձ ու սալորը քիչ են մշակում, խաղողին ու ծիրանին պետք է առաջնահերթությունը տալ: Ի՞նչ հաշվարկի արդյունքում է խաղողագործությունը դուրս մնում: 18 հազար հեկտար խաղողի այգիներ ունենք: Ոլորտը քայքայման եզրին կկագնի»,- Գևորգ Պապոյանին հակադարձեց Խաղողագործների միության նախագահը:
Հացահատիկը կապահովագրվի, բայց ոչ կարկուտից
Ապահովագրության պայմանների փոփոխությամբ՝ հացահատիկային մշակաբույսերը՝ ցորենը, գարին և վարսակ էլ միայն երաշտից կապահովաագրվեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում կառավարության նիստում հետևյալ բացատրությունն էր տվել.
«Մենք տեղեկություններ ունեինք, որ մարդիկ գիտեն՝ որտեղ է ամեն տարի կարկուտ գալիս, գնում էին, այնտեղ ցորեն էին ցանում, որ ապահովագրություն ստանային: Կարկուտը գիտեն, որ ծեծած տեղն է ծեծում, տանում էին էդ ծեծած տեղերը ցորեն էին ցանում, ասում էին՝ թող ծեծի»:
Խաղողագործն անհասկանալի է համարում վարչապետի պնդումը:
«Մարդը, եթե սեփականաշնորված թղթով, որի մասին այդքան խոսում են, հողակտորում գյուղատնտեսությամբ է զբաղվում, անիվների վրա չի, որ իմանա, որտեղ է կարկուտ գալիս, տանի այդտեղ մշակի»,- նկատեց մեր զրուցակիցը:
Կառավարության որոշումը՝ մտահոգության առիթ
Հացի շտեմարան համարվող Շիրակի մարզի ցորեն մշակող գյուղացիները ևս վրդովված են գործադիրի նոր որոշումից:
«Այս որոշումն ընդունելիս կառավարությունը հաշվի չի առել ոչ կլիմայական պայմանները, ոչ էլ իրական ռիսկերը: Հակակարկտային կայանք էլ չունենք, ինչ ցանենք, կարկուտը խփելու է, կորուստներ ենք ունենալու, միայն մեր չարչարանքն է մնալու և բանկի վարկերը»,-նեղսրտեց Հայկասարի բնակիչը:
Պետությունը մասամբ կկիսի ապահովագրական ռիսկը
Բացի այս, գործադիրը նորություն ունի նաև ապահովագրական ընկերությունների համար:
Ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունն ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը, բացի ապահովագրավճարների սուբսիդավորումից, մասամբ կկիսի ապահովագրական ռիսկը, այսինքն՝ աջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով:
«Գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը»,- ընդգծել էր նախարարը։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ կառավարությունը աջակցություն է ցուցաբերելու նաև գյուղատնտեսությանը ապահովագրողների ազգային գործակալության ծախսերի համար։
Ապահովագրության փորձագետ Արտակ Մարտիրոսյանը շեշտեց, որ ժամանակին ինքն առաջարկել է, որ պետք է պետական ապահովագրական գործակալություն լինի, որպեսզի կարգավորի գործընթացը:
«Պետությունը հիմա նոր է որոշել, որ այդ ռիսկը պետք է կիսի: Ժամանակին ասում էի՝ պետք է մասնակցի նաև պետությունը, սա վաղուց պետք է լիներ և պետությունն այսօր ոչ թե պետք է մտածեր թե ինչ ձևով աջակցի ապահովագրականին, այլ՝ ապահովագրականներն արդեն կկարողանային մրցակցել և պրոդուկտ առաջարկել գյուղացիական տնտեսություններին: Հիմա ապահովագրականները դեռ աջակցության դաշտում են, ոչ՝ մրցակցային»,- հավելեց մասնագետը:
Վարչապետը նաև հայտարարել էր՝ վերաապահովագրողներն են որոշել դադարեցնել գործունեությունը:
«Այդ ապահովագրող ընկերությունները այդ ապահովագրությունները վաճառել են, որի գնի կեսը վճարել է կառավարությունը, մյուս կեսը՝ գյուղացիները, ապահովագրող ընկերությունն, իր հերթին, իր ռիսկերը գնահատելով՝ գնացել է, վերաապահովագրողից է ապահովագրություն ստացել։ Ինքը գյուղացիների փողերը տվել է, հետո գնացել է, վերաապահովագրողին ասել է՝ դե, դու էլ իմ փողերը տուր։ Մի տարի, երկու տարի, երրորդ տարում ասել է՝ մի րոպե, մի բան այն չի, որովետև ամբողջ աշխարհում վերաապահովագրություն կա, ոչ մի տեղ սենց բան չկա, ոնց որ մի բան էն չի Հայաստանում, ես հրաժարվում եմ, գնացեք, ուրիշ տեղ վերաապահովագրեք։ Դրսում է պրոբլեմ առաջացել, ոչ թե ներսում», - արձանագրել էր Փաշինյանը։
Ապահովագրության փորձագետը նշեց, որ վերաապահովագրողները, խաղողն ու ծիրանը դիտակելով ռիսկային, խուսափում են հնարավոր վտանգն իրենց ուսերին վերցնելուց: Հետևաբար, ըստ Մարտիրոսյանի, ենթադելի է, որ վերաապաահովաագրողները հիասթափվել են այս բիզնես գործունեությունից:
Այդուհանդերձ, մինչ այգեգործները մտահոգված են, որ պետությունն խաղողն ու ծիրանը չի ապահովագրում և ամբողջ ռիսկը մնացել է իրենց վրա, գործադիրը հավաստիացնում է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի հաջորդ գյուղատնտեսական տարում ծիրանն ու խաղողը բնական աղետներից ապահովագրվեն:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան