Այս գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ կկարգավորվեն մթերումների դիմաց ուշ վճարումների հարցերը:
Մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին:
Էական փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական արտադրանքի իրացման և ձեռքբերման հարաբերություններում: Սահմանվել է լիովին նոր ինստիտուտ՝ գյուղատնտեսության արտադրանքի իրացման բանակցային ուժեղ դիրք, եթե վերամակող ընկերությունը չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:
Ընդ որում՝ այս դեպքերով հանձնաժողովը կարող է տուգանք կիրառել տնտեսվարողի նկատմամբ՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսի չափով:
Բացի այս, ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, եթե գյուղատնտեսական արտադրանք իրացնողը ֆիզիկական անձ է, ապա ձեռք բերողը կարող է ունենալ բանակցային ուժեղ դիրք նախորդ տարվա հասույթը 25 մլն դրամը գերազանցելու դեպքում: Իսկ այն պարագայում, երբ իրացնողը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, սահմանվել են իրացնողի և ձեռք բերողի հասույթների հարաբերակցության շեմեր՝ սկսած 25 մլն դրամից: Միաժամանակ ձեռք բերող կազմակերպության հասույթը պետք է 10 անգամ գերազանցի իրացնողի հասույթի չափը:
Գործարանները վճարումներն ուշացնում են
Գործարանի ուշ վճարումների տուժածներից է Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի ֆերմեր Գրիշա Արշակյանը: Նա հիշում է՝ եղել են ժամանակներ, երբ մթերված լոլիկի և խաղողի դիմաց ընկերությունները չեն վճարել՝ այս կամ այն պատճառով անընդհատ հետաձգելով վճարման վերջնաժամկետը: Նախորդ տարի էլ մի գործարան արմավիրցիներից գնած գյուղմթերքի դիմաց մեծ դժվարությամբ է վճարել:
«Մեծ գործարանները մեկ- երկու ամսվա ընթացքում վճարումներ կատարում են, հիմնականում փոքրերն են ուշացնում գումարները, նույնիսկ պարտքի մարումը տարիներ է ձգում: Ամենավատը խաղողի մթերումն է, երբ գումարը չեն վճարում»,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց հողագործը:
Անկախ նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց՝ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի այգեգործ Գեղամ Մանուկյանն արդեն մի քանի տարի է՝ վերամշակող ընկերությունների հետ անկանխիկ եղանակով է համագործակցում: Նա լավ տարբերակ է համարում անկանխիկ եղանակով գործարանների հետ առևտուր կատարելը:
Այգեգործի խոսքով՝ գործարանների հետ փոխանցումներով աշխատելու դեպքում բարդություններ կառաջանան այն գյուղացիների համար, որոնք քարտեր չունեն և անկանխիկ եղանակով գործարք չեն անում:
«Մեծամասնությունը, սակայն, այս նոր փոփոխությանը լավ չի նայելու, քանի որ շատերը ԴԱՀԿ-ի հետ կապված խնդիրներ ունեն, և փոխանցումային տարբերակն ի վնաս իրենց կլինի: Այստեղ, սակայն, գյուղացիների մոտ է խնդիրը, նրանք պետք է իրեց պարտավորությունները ժամանակին կատարեն, որպեսզի իրենց հաշիվները կալանքի տակ չմնան: Իսկ այն գյուղացիները, որոնք իրենց պարտավորությունները ժամանակին կատարել են և խնդիրներ չունեն, իրենց համար տարբերություն չկա, բանկով կաշխատեն, թե՝ ոչ»,- կարծիք հայտնեց ֆերմերը:
Արմավիրցի լոլիկագործ Գրիա Արշակյանի փոխանցմամբ էլ իրենց գյուղում մեծ թիվ են կազմում այն ֆերմերները, որոնց հաշիվներն արգելանքի տակ են՝ ժամանակին վարկերը չմարելու հետևանքով:
Գյուղացին նշեց, որ նրանց ձեռնտու չի լինի անկանխիկ եղանակով արտադրած ապրանքը գործարանին հանձնելը:
Լոլիկագործներն ու խաղողագործներն են հիմնականում բախվում խնդիրների, երբ մթերող ընկերություններն ուշացումներով են վճարում գնված գյուղմթերքի դիմաց:
Որոշ գյուղացիներ կտուժեն
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը հայտնեց, որ 3 տարի է՝ «Հայասի» ընկերությունը գյուղացիներին պարտք է մթերած խաղողի դիմաց:
Միության նախագահը համոզված է՝ եթե նոր կարգավորումներով մթերումների դիմաց 1 ամսում գործարանը չվճարելու դեպքում տուգանվի, այն հօգուտ գյուղացու է և մեկ քայլով կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը:
Սարգսյանի խոսքով՝ նման մի քանի ձեռնարկություններ կան, որոնք մթերված գյուղմթերքի դիմաց ժամանակին վճարումները չեն կատարում: Այս դեպքում, ըստ մասնագետի, անգամ տուգանվելու դեպքում, գործարանը շահող է դուրս գալիս:
«Եթե մթերող ընկերությունը գյուղացու հետ նախապես ունենա իրավական ուժով կնքված պայմանագիր, որտեղ նշվի մթերվող ապանքի քանակը և գինը, այս դեպքում հանձնաժողովի ընդունած որոշումն ի շահ գյուղացու է: Եթե 31-րդ օրը գումարը չվճարվի, ապա գործարանը պետք է տույժ- տուգանքների ենթարկվի: Իհարկե, այս դեպքում էլ օրենքում սողացող տեղեր կարող են լինել: Իրավական ուժ ունեցող պայմանագրերի մեջ նշված է, որ յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0, 002
տոկոս տուգանք պետք է կիրառել ընկերության նկատմամբ, եթե դա հաշվում ես՝ ընդհանուր առմամբ գումար չի կազմում: Օրինակ, «Հայասի» գրուպը 3 տարի այդ գումարները չի վճարել գյուղացուն, բայց միլիարդավոր գումարների եկամուտ է ունեցել: Եթե գործարանի տուգանքները հաշվենք 0,002 տոկոսով, չնչին գումարներով է գործարանը տուգանվում»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ըստ Խաղողագործների միության նախագահի՝ պետությունը պետք է այնպիսի կարգավորումներ մշակի, որ 30 օր գյուղացուն չվճարելու դեպքում տուգանքների հետ մեկտեղ, նաև պայմանագրի մեջ կետ լինի, որ ամեն չվճարված օրվա համար գնորդն ավելի բարձր տոկոսներով փոխհատուցի գյուղացուն, որպեսզի ռիսկերը կրճատվեն: Նրա համոզմամբ՝ միայն այս դեպքում կստացվի փոխշահավետ առևտուր, ոչ թե պայմանագիրը կնքվի միակողմանի:
Արտակ Սարգսյանն արձանագրեց, որ ցածր եկամտաբերության պայմաններում գյուղացիներից շատերը չեն կարողանում ո՛չ հողի հարկերը վճարել, ո՛չ էլ բանկից վերցրած վարկերը մարել, մեծ մասի հաշիվներն էլ կալանքի տակ են:
Խաղողագործն ընդգծեց, որ գործարանների հետ անկանխիկ եղանակով աշխատելու դեպքում հաշիվներն արգելանքի տակ գտնվող գյուղացիները տուժելու են, փոխանցված ամբողջ գումարը ԴԱՀԿ-ն է գանձելու:
«Եթե այս տարբերակը գործի, և մարդիկ կալանքներ ունենա, իրենց ոչինչ չի մնալու, էլի դառը դատելու են դատարկ նստելու: Օրենքը գյուղացու շահերից կբխի միայն այն դեպքում, երբ գյուղացին և գործարանն ունենան իրավական ուժով կնքված փոխշահավետ պայմանագիր, որի մեջ նշված կլինի, որ չվճարման դեպքում գնորդն ապրանք արտադրողին ինչ տոկոսայնությամբ պետք է փոխհատուցի: Եթե սա լինի, գործարանն ինքն էլ չի ուզենա ենթարկվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տույժ-տուգանքներին Իսկ, եթե օրենքն ի շահ գործարանի է, որ չնչին գումարով պետք է տուգանվեն չվճարելու դեպքում, այդ պարագայում էլի գյուղացուն օգուտ չկա: Տույժ-տուգանքները պետք է լինեն այնպիսին, որ վերամշակող ընկերությունը խուսափի ուշացումներից, որ չտուգանվի և ֆինանսական կորուստներ չկրի»,- մատնանշեց նա:
Բոլոր դեպքերում Խաղողագործների միության նախագահը բարձրաձայնում է, որ սեզոնին մթերումների հետ կապված խնդիրներ չառաջանալու դեպքում վերամշակող ընկերությունները պետք է սկսեն գյուղացու հետ պայմանագրեր կնքել:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան