Գյուղատնտեսություն

Ինչու լոլիկի գինը չի իջնում

Պահանջարկ կա, բերք՝ չկա

Ամռան կեսն է, բայց լոլիկի գինը չի իջնում ու չի իջնում․ այս օրերին մանրածախ շուկայում 1 կիլոգրամի գինը հասնում է մինչև 800 դրամի։ Սպառողները բողոքում են, որ չի եղել նման դեպք, երբ իրենք ամռան սեզոնին լոլիկի և ընդհանրապես բանջարեղենի համար այսքան թանկ վճարեն:

«Թանկ է բանջարեղենը, գումարի մեծ մասը վճարում ենք բանջարեղենի համար: Հիմա պահածոյի ժամանակն է, բայց պոմիդորի արժեքը բարձր է, չեմ կարող այդքան թանկ վճարել: Ամեն ինչն էլ թանկացել է միրգն էլ»,- Ագրոպրեսի-ի հետ զրույցում նեղսրտեց քաղաքացի Մարինե Իվանյանը:

Լոլիկի մշակությամբ զբաղվող ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը բացատրում է՝ բերքը թանկ է մի քանի պատճառով։ Այսօր սպառողի սեղանին հայտնվող լոլիկը հիմնականում ջերմատներից է, բաց դաշտի բերքն այս տարի քիչ է, եղածն էլ որակով չէ։

Վարուժան Խոդեդանյանը չի հիշում մեկ այլ տարի, որ եղանակը լոլիկ աճեցնելու համար այսքան անբարեհաճ գտնվի․ ամռանը տեղացած հորդառատ անձրևներն իրենց բացասական հետևանքներն են թողել։

«Բաց գրունտում այսօր ստանում են նախատեսվածից ավելի քիչ բերք, մոտ 30 տոկոսով պակաս, շուկայում պահանջարկ կա,  բայց ապրանք չունենք, դրա համար էլ արժեքը բարձր է»,- ասաց ֆերմերը։

Վարուժան Խոդեդանյանը 1500 քառակուսի մետր մակերեսով հինգերորդ սերնդի ջերմատանն աճեցրած լոլիկի բերքից չի դժգոհում։ Ձմռանը սաստիկ ցուրտ չի եղել, ջերմոցը տաքացնելու համար էլ  էներգակիրներ քիչ են օգտագործել։ Եթե անցած տարի լոլիկի 1 կիլոգրամի ինքնարժեքը 400 դրամ է կազմել, ապա այս սեզոնին՝ 100  դրամով պակաս։ Ֆերմերը վստահեցնում է՝ այս գործը եկամտաբեր է։

«1 քառակուսի մետրի համար ամեն վեգետացիայի դեպքում կարելի է 4000-5000 դրամ ստանալ։ Եթե ունես, օրինակ, 1000  մետր ջերմատուն,  դու 5 միլիոն եկամուտ կունենաս, եթե նորմալ ամեն ինչ անես՝ մշակես, պարարտացնես»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Լոլիկը քանդում, ծաղիկ են աճեցնում

Ի տարբերություն Վարուժան Խոդեդանյանի, հարևան ֆերմեր Արմեն Սիմոնյանը  24  տարի լոլիկ մշակելուց հետո 5 000 քառակուսի մետր մակերեսով ջերմատունը քանդել է։ Նա սրտնեղում է, որ ամեն տարի լոլիկի գնի հետ կապված խնդիրների պատճառով շահույթ ստանալը գրեթե անհնարին է դարձել։ Հիմա  ջերմատան մի հատվածում հազար է աճեցնում, մյուսում էլ վարունգի և պղպեղի նոր տեսակներն է փորձարկում։

«Այս տարի ես անցել եմ սալաթների՝ մառոլի և այլ բույսերի աճեցմանը, տարբեր տեսակի սալաթներ եմ  մշակում։ Թեև աշխատանքը մի քիչ ավելի հանգիստ է ու մի քիչ էլ ավելի քիչ ենք փող աշխատում, գոնե գիտեմ՝ աշխատանք ունեմ»,-հավելեց նա։

Արմեն Սիմոնյանը, սակայն, միակը չէ, որ հրաժարվել է լոլիկ աճեցնելուց․ ասում է՝ իր շրջապատում շուրջ 4 հեկտար լոլիկի ջերմոց է քանդվել, տեղը ծաղիկ են աճեցնում։ Ֆերմերը դեռ պարտք է բանկերին, ջերմատունը վարկով է կառուցել և դեռ չի ստացվում վարկերը մարել։

«Էս ամեն ինչը վարկերով և սուբսիդավորմամբ է կառուցվել: Այսօր պլանավորված գյուղատնտեսություն չկա, դրա համար գյուղացինները մի տարի լոլիկ քիչ են ցանում, լճացում է առաջանում, հաջորդ տարի էլ քիչ կցանեն, և լոլիկն էժան կլինի»,-մատնանշեց Դարակերտ համայնքի բնակիչը:

Ֆերմերի խոսքով՝ այսօր ոչ միայն ներքին շուկայում է վաճառքը խնդիր, այլ նաև արտահանումը: Նա նշեց, որ Վերին Լարսում ռուսական կողմը հաճախ խոչընդոտներ է ստեղծում հայկական գյուղմթերքի արտահանման համար, ռուսական շուկա հասնելու դեպքում էլ վաճառքը դժվարությաամբ է ընթանում:

«Ռուսական շուկայում խոշոր առևտրի կենտրոններն ադրբեջանցիներին են պատկանում, իրենց երկրի արտադրանքն են վաճառում, մերը չեն ուզում: Հայկականը վաճառում են այն դեպքում, երբ Ադրբեջանում պտուղ- բանջարեղենի դեֆիցիտ է լինում»,- շեշտեց նա:

Դաշտում գրեթե լոլիկ չկա

Հովտաշատ համայնքի բնակիչԱրարատ Մնացականյանն այս տարի դաշտում լոլիկ է մշակում: Նա, սակայն, բերքաատվությունից դժգոհ է: Նշում է, որ անձրևների պատճառով բույսերի մոտ հիվանդություններ են առաջաացել, բերք գրեթե չկա: Հողագործի տեղեկացմամբ՝ 70 տոկոսով կրճատվել է լոլիկի ցանքատարածությունները:

«Գործարանները շատ քիչ թվով մարդկաանց հետ են մթերման պայմանագրեր կնքել: Դրանից ելնելով՝ գյուղացիների մեծ մասը պոմիդոր չեն դրել, որ իրացման հետ կաապված խնդիրներ չառաջանան»,-փաստեց նա:

Արտահանումն ու ներկրումը նվազել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում  նաև պակասել է մեր երկիր ներմուծված լոլիկի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։  Ներմուծման մեծ մասը բաժին է ընկնում  Իրանին և Վրաստանին, քիչ ծավալով բերվել է նաև Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Արաբական միացյալ էմիրություններից։

Գերատեսչության փոխանցմամբ ՝ հուլիսի 23-ի դրությամբ Հայաստանից ռուսական շուկա է ներմուծվել 73,9 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը գրեթե համապատասխանում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Հիմնական ծավալը բաժին է ընկնում ծիրանին (28,8 հազար տոննա), խնձորին (12,4 հազար տոննա), լոլիկին (8,7 հազար տոննա), պղպեղին (5,7 հազար տոննա)։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից լոլիկի արտահանումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է կրկնակիից ավելի․այս պահին լոլիկ արտահանում ենք միայն Ռուսաստան և Բելառուս։

Մանրածախ շուկայում լոլիկի գնի հետ կապված ֆերմերների կանխատեսումները լավատեսական չեն․ կարծում են՝  առաջիկայում գնի նվազում դժվար թե լինի։ Ջերմատների բերքն արդեն սպառվում է, իսկ բաց դաշտում ցանքատարածությունները կրճատվել են։

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search