Խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են
Խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են` մթերմանն ընդառաջ շտապեց հայտարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ որոշ ընկերություններ այս պահին խաղողի մեկ կիլոգրամը մթերում են 140–150 դրամով, ինչը համարվում է բավականին բարձր գին։
«Ամենանվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք տեսնում ենք, որ գները բարձրանալու տենդենց ունեն»,- ասել է նախարարը:
Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի խաղողագործ Ռոման Մնացակայանը նկատում է` ճիշտ է նախորդ տարվա համեմատ արժեքը բարձր է, քանի որ անցած սեզոնին շատ էժան է եղել:
«Բարձրը ո՞րն է, այս տարի մարդիկ կիլոյի մեջ 30 դրամ օգուտ ունեն, անցած տարի էդ էլ չեն ունեցել, էդ եղա՞վ բարձր: Սաղ զավոդները խաղող են ուզում, որովհետև ձրի ապրանք է»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց խաղողագործը:
Սարդարապատում քանդել են խաղողի այգիները
Ռոման Մնացակայանն այգու խաղողը Երևանի կոնյակի գործարանին է հաննձնում կիլոգրամը 140 դրամով: Խաղողագործի խոսքով՝ նախորդ տարի 150 դրամով է գործաարանի հետ պայմանագիր կնքել, և 4 հեկտար այգու բերքը հանձնել:
«Մեկ կիլոգրամ խաղողի ինքնարժեքը 100 դրամ է կազմում: Բերքը քիչ է. հեկտարը 15 տոննա բերք էլ չի ապահովում: 2 տարի Երևանի կոնյակի գործարանն ավելի թանկով է խաղողն ընդունել մինչև 160 դրամ»,- շարունակեց Սարդարապատի բնակիչը:
Ըստ նրա՝ հենց խաղողի մթերման անկայուն գների պատճառով էլ գյուղացիներից շատերն անցած տարի քանդել են այգիները:
«Ձեռ չի տալիս, մարդիկ չեն ուզում փող դնել ու եկամուտ չստանալ, դրա համար էլ քանդել են այգիները: Խաղողագործությունը հաջողված գործ կլիներ, եթե մթերման գներն ինքնարժեքի համեմատ բարձր լիներ: Գոնե կիլոյի մեջ խաղողագործը պետք է 100 դրամ շահույթ ստանա: 20 տոննայի մեջ 40 հազար դրամ եկամուտն ի՞նչ է, սաղ տարին մարդը հեկտար է մշակում 800 հազար փող չի առնում, էդի փո՞ղ է այսօրվա դրությամբ: Կողքից տեսում են՝ հողեր ունես, բայց սաղ գումարը տալիս ես աշխատողին: Հիմա աշխատող գտնելն էլ է դժվար. հին սերունդն է միայն աշխատոում»,- հավելեց հողի մշակը:
60 տոկոսով խաղողի բերքը պակաս է
Արմավիրի մարզի մեկ այլ խաղողագործ՝ Արթուր Խաչատրյանն էլ հայտնեց, որ «ՄԱՊ»-ին խաղող հանձնում է 135 դրամով, իսկ Երևանի կոնյակի գործարանին՝ 140-ով: Նա նախորդ տարիների փորձն աչքի առաջ ունենալով, սակայն, մտավախություն ունի, որ հնարավոր է գինն իջնի:
«Գներն այսպես լավ է, բայց ամեն տարի սկզբից բարձրով են տանում, հետո 100 դրամ են արժեքը դարձնում: Նախորդ տարի, իբրև, 120 դրամ էր մթերման գինը, բայց գյուղացուց տանում էին 100-110-ով»,-ընդգծեց նա:
Խաղողագործը շեշտեց, որ այս սեզոնին բերքը պակաս է, եթե նախորդ տարի հեկտարից մինչև 32 տոննա բերք է ստացել, ապա հիմա՝ 18 է կազմել, ուստի, նրա դիտարկմամբ, բերքի համեմատ վերամշակող ընկերություններն էժան են խաղողն ընդունում:
Տեխնիկական սորտի խաղողի արտահանումը քառապատկվել է
Մթերման այս տարվա գնագոյոցման վրա երկու գործոն է ազդել. քիչ բերքն ու տեխնիկական սորտի խաղողի արտահանումը՝ փաստեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սաարգսյանը:
Նա արձանագրեց, որ խաղողի բերքատվության ցուցանիշների վրա ազդել են եղանակային անբարենպաաստ պայմանները՝ նշելով, որ հանրապետության որոշ հատվածներում վաղ գարնանային ցրտահարության, ամառայինն անձրևերի ու կարկտահարության պատճառով բերքը պակաս է:
Խաղողագործների միության նախագահի պնդմամբ՝ այս տարվա խաղողի բերքն անցած տարվա իրական խաղողի բերքատվության ցուցանիշից պակաս է շուրջ 60 տոկոսով:
Արտակ Սարգսյանը բացատրեց, որ համեմատաբար բարձր մթերման գինը պայմանավորված է նաև արտահանմամբ:
«Տեխնիկական սորտի խաղող է արտահանվում Ռուսաստան և Վրաստան, այդ սորտը, որը կոյնակի սպիրտի և գինու համար է, դաշտում գյուղացուց առնում են 140 դրամով և ֆուռերով արտահանվում է: Պատճառը դա է, որ տեղի գործարանները վերջապես զգացին, որ խաղողագործի հետ պետք է հաշվի նստեն: Տեխնիկական սորտի խաղողի արտահանումը եռապատկվել, քառապատկվել է: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ֆուռերը ստեղից 140 դրամով խաղողը տարել և ՌԴ-ում վաճառել են 100 ռուբլով, իսկ դա կազմում է 420 դրամ: Սա ի ուրախություն խաղող մշակողների և ի դժբախտություն վերամշակող ընկերությունների»,-ասաց նա:
Սարգսյանի գնահատմամբ՝ խաղողագործության վրա բացասական է անդրադարձել նաև ապահովագրությունից ցրտահարության և կարկտահարության հանելը:
Միության նախագահը կարևորում է ոչ միայն գյուղատնտեսական հումքի ձեռքբերման համար վերամշակող ընկերություններին սուբսիդավորման տրամադրումը, այլ նաև խաղողագործին պետական աջակցություն տալը: Նա հիշեցնում է, որ արդեն մի քանի տարի է՝ իրեք առաջարկում են խաղողագործին սուբսիդավորել, բայց ապարդյուն:
«էդ սուբսիդավորումը թող տան խաղողագործին, ինչ անում են զվոդի տիրոջ համար են անում: Ամենասթից գինու արժեքը սկսվում է 1000 դրամից, իսկ մի կիլո խաղողից մի շիշ գինի է ստացվում»,-սրտնեղեց Ռոման Մնացականյանը:
Նույն վիճակն է Արարատի և մյուս մարզերում: Այգեգործներն ասում են՝ բերքը սակավ է, իսկ գործարանների առաջարկած գինը բերքի համեմաատ՝ ցածր:
Նշենք, որ նախորդ տարիներին խաղողը մթերվում էր 100-120 դրամով, և գյուղացիները պարբերաբար ակցիաներ էին անում` բողոքելով ցածր գնի դեմ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան