Չնայած ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագրում կասկածներ կան, որ այգին չկա, բայց սուբսիդավորում կա, այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրը երկարաձել մինչև 2025 թվականի վերջը: Ավելին՝ Էկոնոմիկայի նախարարությունը վերաբաշխում կանի և լրացուցիչ 1 մլրդ դրամից ավելի գումար կհատկացնի Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շրջանակում փոխհատուցում տրամադրելու նպատակով: «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում: Ըստ նախարարության՝ Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2025թթ ծրագրի փոխհատուցման բաղադրիչով մասնակից շահառուների կողմից ներկայացվել է այգեհիմնումն ավարտելու և փոխհատուցում ստանալու 19 դիմում, իսկ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտել և փոխհատուցման դիմում են ներկայացրել 2 շահառու: Ընդհանուր 21 շահառուների փոխհատուցման գումարը կազմում է 1 մլրդ 415 մլն 407 հազար դրամ:
«Ներկա պահին միջոցառման տարեկան ճշտված պլանով առկա է մոտ 219 մլն դրամ, որը չի բավարարում շահառուներին փոխհատուցում հատկացնելու համար: Ուստի անհրաժեշտ է լրացուցիչ 1 մլրդ 148 մլն դրամ՝ 66.7 հա այգեհիմնման և 48 մլն 225 հազար դրամ՝ 260.9 հա ոռոգման արդիական համակարգերի հիմնման փոխհատուցումը իրականացնելու համար: Ֆինանսական միջոցներն առաջարկվում է տրամադրել նախարարության այլ ծրագրերից»,- ասել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախարարը նաև նշել էր, որ հաջորդ 5 տարիներին վերահսկողական միջոցառումներ են իրականացնելու, խնդիրներ նկատելու դեպքում կա՛մ պահանջելու են վերացնել դրանք, կա՛մ պետության մասնաբաժինը հետ են պահանջելու: «Լինում են դեպքեր, երբ 3-րդ, 4-րդ տարում տեսնում ենք, որ այգու մի հատվածը չորացած է կամ պատշաճ խնամված չէ: Այդ մասով պետության գումարը հետ ենք պահանջում»,-ընդգծել էր Պապոյանը:
Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ պետության կողմից վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, իսկ ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման կամ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանց ներդնելու դեպքում՝ նաև ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Оրերս էլ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը խոսել էր ծրագրից: Նրա խոսքով՝ ինտենսիվ այգեգործության ծրագիրը, որը գործարկվել է 2018 թվականից, վերջին շրջանում մեծ ակտիվություն է գրանցել։ Խոջոյանը նշել էր, որ շատերը ցանկանում են օգտվել պետական ծրագրի հնարավորությունից, հիմնել նոր պահանջներին համապատասխան այգիներ՝ ստանալով աջակցություն մինչև 50 տոկոսի չափով։ Եթե մեկնարկային շրջանում տարեկան ստացվում էր 10 հա, 58 հա այգեհիմնման հայտ, ապա այսօր ցուցանիշները նկատելիորեն բարձր են։ 2024 թվականին գրանցվել է 780 հա այգեհիմնման հայտ:
«2018 թվականից ի վեր ստացվել է 7700 հա այգեհիմնման հայտ։ Այն ներգրավել է 200-230 մլրդ դրամ ներդրում այգեգործության ոլորտում։ Քանի որ այգիները հիմնելու գործընթացն իրականացվում է 2 տարվա ընթացքում, ապա այսօրվա դրությամբ, կարող ենք ասել, որ արդեն ունենք ամբողջական հիմնված 2600 հա հիմնված այգի»,- հավելել էր Արման Խոջոյանը։
Անդրադառնալով հիմնված այգիների աշխարհագրական բաշխվածությանը՝ նախարարի տեղակալը հայտնել էր, որ ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Արմավիրին, որին հաջորդում է, Արագածոտնը, այնուհետև Կոտայքը, Արարատը։ Ինչ վերաբերում է մշակաբույսերին, ապա առաջին տեղում դեղձենին ու նեկտարենին են, մեծ հետաքրքրություն կա նշենու այգիների, կեռասի, սալորի, պիստակի, ընկույզի նկատմամբ։
2021 թվականին կառավարությունը սահմանել էր տարեկան շուրջ 1000 հա այգեհիմնման թիրախ։ Արման Խոջոյանն ուրախությամբ նշել էր, որ յուրաքանչյուր տարի այդ ցուցանիշը գերակատարել են։
«Մի կարևոր հանգամանք ևս կցանկանայի ընդգծել։ Այս ծրագիրն ունի ոռոգման արդիական համակարգերի աջակցության բաղադրիչ։ Եթե ֆերմերը 0,5 հա-ից մինչև անսահմանափակ տարածքով հատվածում ներդնում է ջրախնայող տեխնոլոգիաներ, ապա կառավարությունը ևս փոխհատուցում է ծախսերի մինչև 50 տոկոսը։ Դրանից բացի, ասեմ նաև, որ առանձնացվել է 270 բնակավայր, որտեղ կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար փոխհատուցումը սահմանվել է 75 տոկոս»,-ասել էր նախարարի տեղակալը։
Այնպես չէ, որ ինտենսիվ այգեգործության ճյուղում ամեն ինչ հարթ է՝ արձանագրեց Նոր Գեղիում ինտենսիվ այգեգործությամբ Գևորգ Սահակյանը: Նրա դիտարկմամբ՝ այստեղ էլ այլ խնդիրներ կան:
«Տեղում էդքան ապրանքը չի իրացվում, դուրս ենք տանում: Գիտեք՝ սեզոնին Լարսն ամենաքիչը երկու- երեք անգամ փակվում է, դժվարությամբ ենք բերքը ՌԴ հասցնում: Բացի դա, ամենուրեք ինտենսիվ այգիներ են դրել, և խնձորի բերքն ավելացել է: Տավուշում, Գյումրիիում էլ են այգիներ տնկել, ժայռերի մեջ ինտենսիվ այգի են աճեցնում: Այգեգործությունն այլևս գրավիչ չէ, սառնարանային տնտեսություն պահելը միայն լրացուցիչ ծախսեր է առաջացնում»,- նշել էր նա:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան