Այս տարի ևս խաղողի մթերման գործընթացն անաղմուկ չի անցնում: Մթերման գործընթացը դեռ պաշտոնապես չմեկնարկած՝ խաղողագործներն արդեն մի քանի անգամ ճանապարհներ են փակել՝ բողոքելով մթերման ցածր գնից; Նրանք դժգոհում են, որ վերամշակող ընկերությունները խաղողի մեկ կիլոգրամի համար առաջարկում են 100-110 դրամ, ինչը, ըստ խաղողագործների, չնչին գումար է:
Թեմայի շուրջ Ագրոպրեսը զրուցել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ:
- Պարո՛ն Հարությունյան, նախ՝ ինչպե՞ս է ձևավորվում խաղողի մթերման գինը:
-Ի տարբերություն սովորական շուկայի, որտեղ ապրանքի գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հիման վրա, խաղողի շուկայում գործում են այլ մեխանիզմներ: Առաջին՝ պետական քաղաքականություն և իշխանությունների կամք: Իրենք, եթե ուզում են, ստիպում են, որ գործարանները բարձրացնեն խաղողի մթերման գինը: Եթե չեն ուզում, այդ ժամանակ գործում են կոլեկտիվ պայմանավորվածություններ արտադրողների միջև, և գինն իջնում է:
Շուկայում կան խոշոր խաղացողներ, որոնցից հիմնականը Երևանի կոնյակի գործարանն է: Այս գործարանն առաջինն է ընկերությունների ցանկում, որը ռեալ մթերում է իրականացնում: Այս գործարանի մթերումների վերաբերյալ հայտարարագրած թվերը և իրական թվերը միմյանցից չեն տարբերվում: Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման գինը սահմանելիս՝ ելնում է որոշակի հաշվարկներից: Այսպես՝ գինը ձևավորվում է խաղողի ինքնարժեքին գումարած մոտ 20 տոկոս շահ: Տարբեր տարիներին խաղողի մթերման գնի համար առաջարկել է 40-155 դրամ, այն դեպքում, երբ խաղողի ինքնարժեքը կազմում է 140 դրամ: Մենք խաղողի ինքնարժեքը կազմելիս՝ չենք հաշվարկում գյուղացու չարչարանքը: Եթե այդ աշխատանքի արժեքն էլ հաշվարկենք, կոնյակի խաղողի ինքնարժեքը կկազմի մոտ 130 դրամ, իսկ գինու խաղողի դեպքում՝ 150-170 դրամ:
Ի՞նչ են անում մյուս գործարանները: Նրանք հետևում են Երևանի կոնյակի գործարանին: Իրենք խաղողի մթերման համար մեկնարկային գին են սահմանում Երևանի կոնյակի գործարանի հայտարարած արժեքը: Հետո, երբ Երևանի կոնյակի գործարանը վերջացնում է մթերումները, կամ կնքում է պայմանագրերը, իրենք սկսում են գինը նվազեցնել՝ կախված գործարանների քաղաքական պատվերից: Վերամշակող այդ ընկերությունները խաղողի մթերման գինը կարող են նվազեցնել մինչև 50 դրամ: Այս տարի խաղողի մթերման գնի նվազումն ավելի ցայտուն եղավ:
-Պետությունը հայտարարեց, որ խաղողի մթերման գործընթացին չի խառնվելու: Դուք նշում եք, որ պետությունը քաղաքական կամք պետք է դրսևորի՝ խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ է պետությունը գյուղացուն մենակ թողնում այս խնդրի հետ, ինչո՞ւ քաղաքական կամք չի դրսևորում:
-Պետությունն ասում է, որ ինքը չի խառնվելու խաղողի մթերման գնի շուրջ ստեղծված խնդրին: Ասում է՝ կա վերամշակող ընկերություն և գյուղացի, թող իրենք էլ միմյանց հետ պայմանավորվեն: Սա տրամաբանորեն ճիշտ է, բայց սա ճիշտ չէ այն իրականության մեջ, երբ պետությունը նախապես չի մշակում խաղողագործության և գինեգործության զարգացման հայեցակարգը: Պետությունը սա չի անում և երբեք չի էլ արել: Խաղողագործը փորձել է ինչ-որ բան անել, բայց 30 տարվա ընթացքում միշտ էլ ձախողել է: Այսինքն՝ խաղողագործը լավագույն դեպքում իր մշակած բերքը վաճառել է 150 դրամով: Խնդիրը գալիս է շատ վաղուց՝ սեփականաշնորհման առաջին օրվանից, երբ պետությունը չպարտադրեց գյուղացուն հողը ճիշտ օգտագործել: Պետությունն ընդհանրապես ազատ թողեց գյուղացուն և ասաց՝ ինչ ուզում ես, արա: Առաջին դեպքում մենք ստացանք քանդված այգիներ, իսկ երկրորդի դեպքում ստացանք դեգրադացված գյուղացի և դեգրադացված խաղողի այգի: Ինչո՞ւ դեգրադացված գյուղացի, որովհետև նա չգիտեր՝ ինչ աներ այդ հողի հետ, իներցիայով մշակում էր այն: Գյուղացին գիտեր, որ մշակում է անպետք խաղող, և այն գործարանները Վազգեն Սարգսյանի ժամանակ գնել են պարտադրված ուժով: Հաջորդ երկու նախագահների իշխանության ժամանակ հետևյալ սկզբունքն է եղել. ասել են՝ ընտրի՛ր այս կուսակցությանը կամ անհատին, ես քո խաղողը կգնեմ: Սա բերեց նրան, որ գյուղացիները մշակում էին բերքը, որն իրենց պետք չէր, բայց գիտեին, որ այն իրացվելու է:
-Ի՞նչ պետք է անի գյուղացին, որ վստահ լինի՝ իր բերքը կմթերվի: Եվ ի՞նչ պետք է անի պետությունը, որ յուրաքանչյուր տարի գյուղացին չկանգնի այս խնդրի առջև:
-Պետությունը երկու կողմի՝ գյուղացու և գինի արտադրողի հետ պետք է աշխատի հավասարաչափ: Պետությունը հիմա արտադրողի հետ աշխատում է գրեթե իդեալական մեխանիզմով: Վերջին 30 տարում չեմ հիշում մեկ դեպք, երբ պետությունն այսքան ամուր կանգնած լինի արտադրողի կողքին՝ ինչքան ուզում են, վարկ են վերցրում, երբ ուզում են, այն վերադարձնում են: Բազմաթիվ սուբսիդավորման ծրագրեր կան, որոնք նախատեսված են ի շահ վերամշակող ընկերությունների արտադրական կարողությունների զարգացման:
Գյուղացին և գործարանը թշնամի են: Գյուղացու համար պետությունը ձեռքերը լվացել է, և ստացվել է շատ մեծ դիզբալանս, որն էլ բերեց այս տարվա մթերման գների կտրուկ անկման:
-Խաղողագործների պնդմամբ՝ պետք է պայմանագրով խաղողի մթերման հստակ գին սահմանվի և չփոփոխվի: Ի՞նչ եք կարծում՝ այդ դեպքում գյուղացին կշահի՞, խնդիրը կլուծվի՞:
-Ըստ էության, մենք խաղողի մթերման ֆիսքված գումար ունեինք, և սա հանգեցրեց նրան, որ գյուղացին դուրս եկավ բիզնես մտածելակերպի շրջանակից և անում էր այն, ինչ ուզում էր: Այսինքն՝ աճեցնում էր այն, ինչ ուզում էր և այն վաճառում էր իր ուզած արժեքով: Այս մոտեցումը ճիշտ չէ: Պետք է գյուղացին հասկանա իրադրությունը և կարողանա կանխատեսել ապագան: Գյուղացիների 99 տոկոսը սա չի կարող անել և պարտավոր չէ անել:
Սա ի՞նչ է նշանակում. գյուղացու խելքի բանը չէ խաղող աճեցնելը: Գյուղացին պետք է հրաժարվի խաղող աճեցնելուց և ընդհանրապես հողից: Գյուղացին պետք է վերցնի այնքան հող, որը կարող է մշակել ոչ բիզնես նպատակներով, այսինքն՝ իր անձնական կարիքները հոգալու: Գյուղացին հողի մեծ քանակությունը պետք է հանձնի վարձակալության, որը կհասկանա հողից և կունենա բիզնես մտածողություն: Պետության փոխարեն գյուղացին իրեն պետք է ապահովի այլընտրանքային զբաղմունքով և եկամտով: Այն, ինչ մենք ուզում էինք անել Խորհրդային Միության վերջին տարիներին, չստացվեց:
Երբ մի տարի բերքը ցրտահարվում է, մյուս տարի երաշտ է լինում, գյուղացին կորցնում է երկու տարի: Հողը պետք է հանձնվի ռեսուրս ունեցող անձի, որը պատրաստ է իր վրա մեծ ռիսկեր վերցնելու: Սա մեր պետության ապագան է, այսինքն՝ գյուղացին չպետք է հող ունենա հօգուտ իրեն: Հողը գյուղացու գլխին պատուհաս է դարձել: Գյուղացին մշակում է իր հողի մի մասը: 2 000-3 000 հեկտար վարելահողեր կան, որոնք չեն օգտագործվել և դեգրադացվել են անմշակ լինելու պատճառով: Պետությունը և գյուղացին այս ամենի համար պետք է պատասխանատվություն կրեն:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան