Գյուղմթերքի այս տարվա արտահանման ցուցանիշների, արտահանման խթանման և առկա խնդիրների շուրջ Ագրոպրեսը զրուցել է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ ծիրանի արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: Ինչո՞վ էր պայմանավորված ծիրանի արտահանման աճը, եթե հաշվի առնենք, որ այս տարվա բերքատվության ցուցանիշն այդքան էլ բարձր չէր:
- Այո՛, հայտարարեց: Մեր պետական ատյանները հաճույքով են հայտարարում աճի վիճակագրություն, եթե նույնիսկ պետության դերակատարությունն այդ դրական թվերի վիճակագրությունում չկա: Աճի վիճակագրության շեշտադրումը կլիներ ավելի ընդունելի, եթե նույն հաճախականությամբ ու շեշտադրումով հայտարարվեր նաև նվազման վիճակագրությունը: Ինչն այդպես չէ...
Ծիրանի արտահանման աճը նույնպես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով: Դրանցից մեկը արտաքին գործոնն է. այս տարի գյուղմթերքի արտահանման մեր հիմնական մրցակից երկրներից մեկը՝ Ուզբեկստանը, ունեցել է ծիրանի բավականին վատ բերք: Տարեսկզբի ցրտահարության ժամանակ Ուզբեկստանը կորցրել է իր ծիրանի բերքի կեսը: Մնացած բերքն էլ ունեցել է արտահանման համար ոչ այդքան ընդունելի որակ: Այս տարի Ուզբեկստանն արտահանել է ավելի քան 50 հազ. տոննա քիչ ծիրան, քան անցած տարի: Բնական է, որ ուզբեկական ծիրանի կորցրած դիրքերն արտահանման շուկաներում զբաղեցրել են մրցակիցները՝ Տաջիկստանը, Թուրքիան և, իհարկե, Հայաստանը:
Արտահանման աճին օգնել է նաև մեր ծիրանի համար հիմնականում բարենպաստ գյուղատնտեսական տարին: Այսինքն՝ ծիրանի նորմալ քանակի հետ մեկտեղ ունեցել ենք նաև բերքի բարձր որակ, ինչն արտահանման դեպքում երբեմն նույնիսկ ավելի կարևոր է, քան քանակը:
-Խնդիրներ կան խաղողի արտահանման գնի հետ կապված: Խաղողագործները դժոհում են, որ արտահանող խոշոր ընկերությունները, չարաշահելով մոնոպոլ դիրքը, նվազացրել են մասնավորապես քիշմիշ տեսակի խաղողի գինը: Արտահանման մասով դեռ շարունակվո՞ւմ է չլուծված մնալ մենաշնորհի խնդիրը:
- Ազատ շուկայական հարաբերություններում մենաշնորհ հասկացությունը այդքան էլ տեղին չէ: Ուղղակի ինչպես և բոլոր ոլորտներում, արտահանման ոլորտում ևս կան խոշոր խաղացողներ: Դրանք հայկական արտահանման առաջատարներն են, մեր արտահանման շոգեքարշերն են: Պետությունը նրանց պետք է ամեն կերպ խրախուսի, ակտիվ համագործակցի, կարծիքներ հարցնի, խնդիրները լուծի: Այդ առաջատար ընկերություններում աշխատող մասնագետների փորձն անգնահատելի արժեք է ոչ միայն այդ ընկերությունների, այլև ամբողջ երկրի համար:
Իհարկե, այդ ընկերությունները ազդեցություն ունեն արտահանման գների ձևավորման հարցում: Եվ մեր պետական այրերը շատ ակտիվ պետք է աշխատեն, որպեսզի բացառվեն նման բացասական դրսևորումները: Նաև մենք պետք է հետևենք այն ամենին, ինչը կատարվում է մեր հիմնական արտահանման երկրներում: Դա դժվար չէ, քանի որ կան բազմաթիվ աղբյուրներ, որոնք այդ տեղեկատվությունը մշտապես ներկայացնում են:
Օրինակ՝ այդ աղբյուրներից կարող ենք տեղեկանալ, որ ուզբեկական խաղողի արտահանումը Ռուսաստան ավելացել է 20 %-ով: Իսկ Թուրքիան խաղողի արտահանումն ավելացրել է ավելի քան 30 %-ով: Դա մեծ աճ է, և այժմ Ռուսաստանի մեծածախ շուկաները և սուպերմարկետները հեղեղված են մեր հիմնական մրցակիցների էժան խաղողով: Եվ քանի որ մեր խաղողը, ցավոք, հիմնականում արտահանվում է միայն Ռուսաստան, ապա այս իրավիճակը ազդել է հայկական խաղողի արտահանման գների վրա:
Մեր արտահանողներից շատերը ռուսական խոշոր ցանցերի հետ ունեն խաղողի մատակարարման պայմանագրեր: Եվ պայմանավորված քանակից՝ պակաս մատակարարման դեպքում վճարում են տուգանքներ: Ուստի ռուսաստանյան ցանցերին պետք է առաջարկվի կա՛մ հայկական խաղողը՝ այդ պահին շուկայում գործող գնով, կա՛մ արտահանողները ստիպված պետք է այլ երկրներից գնեն և առաքեն ոչ հայկական խաղողը: Ինչը, բնականաբար, անցանկալի է:
- Գյուղմթերքի արտահանումն ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ խնդիրներ են այս տարի առաջացել:
-Այս տարի առաջացած նոր խնդիրներ երևի թե չկան: Գյուղմթերքի արտահանման խնդիրները, որպես կանոն, նույնն են՝ ներքին և արտաքին: Ներքին խնդիրները կապված են գյուղատնտեսական տարվա վտանգների հետ, բերքի քանակի և որակի հետ: Հայաստանից արտահանման համար հատկապես կարևոր է որակը: Հայկական գյուղմթերքը թուրքական, տաջիկական, ուզբեկական և այլ մրցակից գյուղմթերքների համեմատ՝ ավելի մաքուր է, համեղ է և նաև թանկ: Իսկ թանկ սեգմենտի գնորդներն առավել պահանջկոտ են նաև արտաքին տեսքի, համի և որակի նկատմամբ: Կան նաև ներքին հայաստանյան մի շարք այլ խնդիրներ, որոնց մասին բազմիցս խոսվել է:
Արտաքին խնդիրներն ու ռիսկերը կրկին նույնն են՝ Վերին Լարսը, Հյուսիսային Կովկասի պետավտոտեսուչների թալանը, մեծածախ շուկաներում ադրբեջանցիների թելադրող դիրքը, արտերկրներում ՀՀ առևտրային ներկայացուցիչների բացակայությունը և այլն... Բավականին մեծ վտանգ են նաև ռուսաստանյան մեծ ցանցերի կոշտ պայմանները և երբեմն ոչ ազնիվ պահելաձևը, որի պատճառով մեր արտահանողները հաճախ վնասներ են կրում: Այդ պահելաձևը, իհարկե, կարող ենք կոչել «շուկայական հարաբերություններ», սակայն ես վստահ եմ, որ այդ պահելաձևը կփոխվի, եթե մանրածախ ցանցը զգա պետության ներկայությունը իր հայաստանյան գործընկերոջ կողքին, նաև, եթե պետությունը օգնի արտահանողին արագ գտնել իրացման նոր ուղիներ:
Սակայն վաճառքի փուլին վերաբերող պետական օժանդակության ծրագրեր գրեթե չեն իրականացվում: Եվ դա մեծ խնդիր է:
-Այս տարի կառավարությունն արտահանողներին աջակցություն տրամադրեց՝ մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ թարմ գյուղմթերք արտահանողների համար: Սա ինչպե՞ս կխթանի արտահանումը:
-Էժան փողի հասանելիության ապահովումը միանշանակ զգալի օգնություն է արտահանողների համար: Նրանք, հավանաբար, կգնեն և կարտահանեն ավելի շատ արտադրանք, քան եթե այդ օժանդակությունը չլիներ: Իսկ որքանով իրականում կկարողանան կամ կցանկանան օգտվել այդ ծրագրից արտահանողները, դա արդեն պարզ կլինի ծրագրի ավարտից հետո: Տվյալ և բոլոր այլ ծրագրերի տնտեսական արդյունավետությունը պարտադիր պետք է մանրակրկիտ հաշվարկվի և զեկուցվի հարկատուներին, այսինքն՝ հասարակությանը: Մեր երկրում իրականացրած ծրագրերի և պետական ապարատի արդյունավետության խնդիր կա: Նույնիսկ պետական այրերն այդ հարցում չեն վիճում: Որտե՞ղ են հատկապես արդյունավետության խնդիրները կուտակված: Չենք իմանա, եթե չվերլուծենք անխտիր բոլոր ծրագրերն ու ստորաբաժանումները:
-Ինչպե՞ս եք գնահատում արտահանման պետական օժանդակության արդյունավետությունը Հայաստանում: Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում:
-Չի կարելի ասել, որ պետությունը արտահանմանն ընդհանրապես չի օժանդակում: Սակայն օժանդակող ծրագրերի թե՛ քանակը և թե՛ ծավալը չեն համապատասխանում վերջին 2 տարվա ընթացքում պետական բարձր ամբիոններից հնչեցրած արտահանման առաջնայնության հայտարարություններին: Ընդհակառակը, արտահանման օժանդակությունը տարիների ընթացքում նույնիսկ ավելի է թուլացել: Եթե այժմ հայտարարվի, որ արտահանումը Հայաստանի համար այլևս առաջնային չէ, ապա տվյալ համատեքստում այն, ինչ այսօր անում է պետությունը, միգուցե և համարվի բավարար:
Վստահությամբ կարող եմ ասել, որ ներկայիս գործելաոճով պետությունը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ արտահանման վիճակագրության վրա՝ թե՛ անկման և թե՛ ներկայիս աճի առումով: Ավելի շատ և ավելի ազդեցիկ ծրագրեր են հարկավոր: Եվ հարցը միայն մեծ ֆինանսներ պահանջող ծրագրերի մասին չէ:
Ընդհանրապես, Հայաստանում պետական օժանդակության սակավաթիվ ծրագրերը հիմնականում կենտրոնացած են արտադրական փուլի վրա: Բիզնեսը դա միայն արտադրությունը չէ, դա նաև լոգիստիկան է, մարքեթինգն ու վաճառքը: Եվ արտադրությունն առանց վերը նշված բաղադրիչների չի կարող հաջողված լինել: Իսկ որոշ դեպքերում այդ «կիսատ» աջակցությունը կարող է նաև հանգեցնել կործանարար հետևանքների:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան