Արարատի մարզի Լուսառատ համայնքի խաղողագործ Գագիկ Շահինյանն ամեն օր խաղողի այգին է մտնում և վտաշացած մտքում ինքն իր հարցնում՝ ինչ է լինելու բերքի ճակատագիրը:
Խաղող որքան ասես կա. վազերը ճկվում են ողկույզների առատությունից, խաղողն էլ մեղրի պես արդեն ծորում է, բայց իրացման հարցն է լուրջ:
Խաղողագործը դեռ գարնան է պայմանագիր կնքել մթերող ընկերության հետ, բայց քիչ քանակությամբ, հիմա դարդ է անում՝ մնացածը որտեղ պետք է հանձնի:
«Շուխուր եղավ, որ պայմանագրեր են կնքում, համայնքի ղեկավարից տեղեկանք վերցրեցինք, գնացինք գործարան, բայց էլի պայմանագիր չկնքեցին, ասացին՝ 2 օր համբերեք, մի բան կանենք, էդ 2 օրը 3-4 ամիս ձգեցին: Ով ծանոթ գցեց մեջտեղ, մի կերպ կհանձնի, ով էլ չէ՝ բերքը կփչանա։ 10 օր հետո իրավիճակը շատ վատ կլինի»,- Ագրոպրեսի հետ զրույցում նեղսրտեղ գյուղացին:
Մարզում շատերն են Գագիկ Շահինյանի բախտակից: Պատկերը նույն է նաև հարևան՝ խաղողագործական մեկ այլ մարզում՝ Արմավիրում:
Այստեղ ինչպես միշտ, այս տարի էլ խաղողի մթերման խնդիր է առաջացել: Միայն Ակնալիճում անորոշ է 2․5 հազար տոննա խաղողի ճակատագիրը:
Դեռ մթերման սեզոնը չսկսված՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում էր՝ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է։
«Մենք սերտ համագործակցում ենք խաղող մթերողների և աճեցնողների հետ և համագործակցության արդյունքում այս տարի ունենք անհամեմատ դրական վիճակ: Մթերման գործընթացից առաջ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Ավելի փոքր քանակի աճեցնողներ կան, որոնք դեռ պայմանագրեր չունեն, այժմ աշխատում ենք, որպեսզի մինչև մթերման սեզոնի սկսվելը նրանց նույնպես ապահովենք մթերման պայմանագրերով»,- հայտարարել էր նախարարը:
Ի դեպ, խաղողի մթերման պայմանագրերի վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր։
Գործարաննե՞րն են մթերման գներն արհեստականորեն իջեցնում
Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը, սակայն, հակադարձում է ոլորտի պատասխանատուին:
Նրա տեղեկացմամբ՝ իրենց հաշվարկներով մարզում կա 15 000 տոննա տեխնիկական սորտի խաղող, որը պայմանագիր չունի կնքած որևէ մթերող ընկերոթյան հետ:
Արմավիրում խաղողն էլ այս տարի առատ է. կանխատեսում են 90 0000 տոննա տեխնիկական սորտի խաղողի արտադրություն:
Մարզի գլխավոր գուղատնտեսը բացատրում է՝ խաղողի այգիներն ավելացել են, իսկ վերամշակող կազմակերպությունները մթերման ծավալը նվազեցրել են, որովհետև կրճատվել է գինու և կոնյակի արտահանումը:
Մթերող ըներությունների գործերն այդքան էլ վատ չեն՝ պնդոմ է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Իր տեղեկություններով վերջին ամիսներին բավականաչափ ակտիվություն կա խմիչքների արտահանման ուղղությամբ:
« Եթե ամիսներ առաջ ընկեությունները բողոքում էին ռուբլու արժեքից, հիմա այդ խնդիրը կարգավորվել է: Պատժամիջոցների հետևանաքով մի շարք Եվրոպական երկրներից ՌԴ գրեթե ոգելիչ խմիչքներ չեն ներմուծվում: Այս առումով գինեգործական արտադրանքի արտահանման համար լայն հնարավորություններ են ստեղծվել հայ արտադրողների համար»,-մատնանշեց նա:
Մասնագետն ընդգծում է՝ մթերող ընկերությունները կամայական են գործում՝ մինչդեռ պետությունը նրանց արտոնյալ վարկեր է տրամադրում, սարքավորումներ ձեռքբերելու համար էլ է աջակցում: Բայց, ըստ Պետրոսյանի, մթերողները շարունակ դժգոհում են և փորձում գերշահույթ ստանալ խաղողագործի հաշվին: Նրա կարծիքով՝ մթերող ընկերությունները արհեստականորեն իջեցնում են խաղողի մթերման գները:
Մթերման գինն անորոշ է
Խաղողագործների համար անորոշ է նաև մթերման գինը: Լուրեր են տարածվում, որ գործարանները շատ ցածր գնով են մթերելու խաղողը, ու այնուհետև էլ ավելի է գինն իջնելու:
Արթուր Այվազյանի խոսքով՝ գործարանները մեկ կիլոգրամ խաղողի մթերման գինը սահմանել են 100-150 դրամ՝ կախված տեսակից և շաքարայնությունից:
Վերամշակողների առաջարկած գինը բացարձակ շահեկան չէ խաղողագործների համար՝ պնդում է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:
«Առաջարկվող գինն ինքնարժեքին հավասար արժեք է։ Եթե խաղողագործն այսօր 100-120 դրամով պետք է խաղողը հանձնի, այլևս անիմաստ է իր աշխատելը։ Ամեն ինչ թանկացել է, գնաճը մեծ է՝ պարարտանյութերի գները եռակի են թանկացել, թունաքիմիկատների ու վառելանյութի գները՝ կրկնակի։ Ապրանքների, ծառայությունների գների շարունակական թանկացման պայմաններում փոխանակ մթերման գները մի փոքր բարձրացնեն և շահեկան պայման ստեղծեն գյուղացու համար, հակառակն է կատարվում։ Գյուղացու ծախսերն ավելացել են, մթերման գները չեն աճում։ Եվ այս իրավիճակում խաղողագործները շատ դժվարությունների առաջ են կանգնելու»,-նկատեց նախկին պաշտոնյան:
Խաղողագործները բողոքի ալիք կբարձրացնեն
Իսկ խաղողագործները հայտարարում են, եթե այս տարի էլ խաղողը ջրի գնով մթերեն՝ նախորդ տարիների պես փակելու են միջպետական ճանապարհները՝ այդ մեթոդով պատկան մարմինների ուշադրությունը խնդրին հրավիրելու նպատակով։
Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ՝ առանց այն էլ խաղողագործությունը Հայաստանում անկում է ապրում․ այգիները կորցրել են բերքատվություն, եթե մթերման գներն էլ չկարգավորվեցին, մի քանի տարի անց գինեգործությունն ու կոնյակագործությունը կդառնան անհեռանկարային:
Ամիսներ չարչարվելուց հետո, երբ վերջապես այգեգործը պիտի կարողանար առանձնացնել իր ծախսն ու եկամուտը, պարզվում է՝ ոչ մի շահույթ էլ չկա : Մնում է հուսալ, որ ստացածով գոնե հնարավոր կլինի ներդրած գումարը ետ բերել:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան