Տարվա այս շրջանում հանրապետության գրեթե բոլոր մարզերի անասնապահները վրդովված են: Վերամշակող ընկերությունները, ավանդույթի համաձայն, նվազեցրել են կաթի մթերման գները:
Գեղարքունիքի մարզում մարտի 20-ից գործարանները 230 դրամից կաթի գինը դարձրել են 190:
Ճամբարակ խոշորացված համայնքի Դրախտիկ բնակավայրի ֆերմեր Արտյոմ Սանամյանը կաթի՝ միանգամից 40 դրամով էժանացումը անխղճություն է համարում:
«Խիղճը լավ բան է, կես լիտր ջուրը արժի 180 դրամ, մեկ լիտր կաթն էլ նույն արժեքը ունի։ Տես՝ դա խելքին մոտիկ բան է՞... մարդ մի քիչ խիղճ պետք է ունենա»,- Ագրոպրեսի հետ զրույցում սրտնեղում է ֆերմերը:
Կաթի մթերման գնի նվազեցման հարցն անասնապահությամբ զբաղվողների առօրյայի անբաժան մասն է դարձել: Ամեն տարի՝ գարնան վերջին, երբ անասունն արոտ է դուրս գալիս, մթերող ընկերությունները կաթի գինն իջեցնում են: Այս տարի, ինչպես նկատում են ֆերմերները, ընկերություններն ավելի շուտ են սկսել գերշահույթ ստանալ:
Դրախտիկցին բողոքում է, որ մթերման գնի նվազեցման հետևանքով իրենց ներդրումները չեն արդարանում, գումար են դնում, բայց շահույթ չեն ստանում։
«Կաթը միջնորդներին ենք տալիս լիտրը 170 դրամով, վերջինս էլ իր հերթին գործարանի սահմանված գնով հանձնում է ընկերությանը: Մեր պահանջն այն է, որ գործարանները կաթը չէժանացնեն: Շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ կա, որը վերաբերում է նաև կաթնամթերքին։ Խանութներում կաթի մեկ լիտրի մանրածախ գինը շուրջ 500 դրամ է, ինչո՞ւ այս գնաճը չի ազդել մթերման գնի վրա»,-հարց է բարձրացնում գյուղացին:
Օգուտը թրիքն է
Մեր զրուցակցի խոսքով՝ նաև կաթի գնի իջեցումն է պատճառներից մեկը, որ գյուղում վերջին տարիներին կրճատվել է անասնագլխաքանակը: Արտյոմ Սանամյանը նախորդ տարեվերջին 5 խոշոր եղջերավոր անասունների վերացրել է: Ասում է՝ իր պես բոլորն են գյուղում, միայն վերջին ամսում 20 գլուխ անասուն է Դրախտիկում պակասել:
«Ձմռան պայմաններում մեկ կովին 150 հակ խոտ ենք կերցնում, կաթի գին էլ արժեք չունի, կովից մեզ մենակ թրիքն է մնում օգուտ: Իսկ խոտի մեկ հակը 1000 դրամով ենք գնում, մեր մարզում էլ ձմեռը երկար է տևում, անասունները գոմում երկար են մնում, իսկ այդ ընթացքում կերակրում ենք: Գործարանները լավ էլ կարողանում են կաթի փոշի առնել, բայց կաթը թանկով չեն կարողանում տանել, միանգամից էժանացնում են»,- դժոհեց անասնատերը:
Կաթը միջնորդավորված է գործարան մտնում
Կաթ արտադրողներից շատերը միջնորդավորված են աշխատում գործարանների հետ: Գյուղացին նշեց, որ ոչ միայն ընկերությունները, այլ նաև միջնորդներն են գինն իջեցրել:
Հիմա միջնորդների մասին. ովքե՞ր են նրանք: Համայնքների մեծ մասում ֆերմերը կաթն անմիջապես վերամշակողին չի տալիս: Նրանցից կաթն ավելի էժան գնում են միջնորդները, իսկ գործարանին տալիս սահմանված արժեքով:
«Եթե ընկերությունը կաթի լիտրը 200 դրամ է սահմանում, միջնորդը 180 դրամով գնում է գյուղացուց, արդյունքում գումար աշխատում: Գյուղացիներից շատերը փոխադրամիջոց չունեն, դրա համար են միջնորդավորված աշխատում: Ով մեքենա ունի, կարողանում է իր ուժերով կաթը գործարան տանել»,- բացատրեց ֆերմերը:
Մարտի 1-ից էլ Սյունիքում են վերամշակող գործարանները կաթը գյուղացուց մթերում 160 դրամով, նախկին 200-ի փոխարեն։
Տեղ գյուղի բնակիչները, նախքան կաթի մթերման գներից խոսելը, նախ տեղեկացնում են, որ գյուղում արդեն կով էլ չի մնացել:
Այստեղի ֆերմերներն արոտավայրերն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ստիպված կրճատել են անասունների գլխաքանակը։ Գյուղացիներից Սլավիկ Թորոսյանը 10 կովից երեքն է թողել: Նա ընդգծում է՝ անասնապահությունը սահմանի այս գյուղերում արդեն ոչ միայն եկամտաբեր չէ, այլև վտանգավոր է դարձել։
Քիչ չեն դեպքերը, երբ անասուններն անցնում են սահմանը, հայտնվում ադրբեջանցիների մոտ։
«Ամեն օր գին են փոխու՞մ։ Մի ապրանք ես առնում, ասում են՝ էսինչ գինն է, բայց մեր կաթի գինը չկա: Կաթն էլ պետք է ֆիքսած արժեք ունենա»,- նկատեց նա:
Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները պահանջում են, որ կաթի մթերման գինը վերահսկվի կամ միջինացված արժեք սահմանվի, որը նույնը կլինի ամառ, թե ձմեռ:
Ֆերմերները նաև պնդում են՝ ընկերությունների միջև կա ներքին պայմանավորվածություն․ բոլորն էլ միաժամանակ են իջեցնում մթերվող կաթի գինը՝ այդպիսով հնարավորություն չտալով շուկայում մրցակցության գոյությանն ու գյուղացիների համար այլընտրանքային գնորդներ գտնելուն:
Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, սակայն, չի ընդունում ֆերմերների առաջարկը: Նա բացառում է, որ կարող է կաթի մթերման ֆիքսված գին սահմանվի: Զայրանում է՝ աշխարհում նման բան չկա, քանի որ կաթի գնագոյացումը ձևավորված չէ, և արժեքն էլ կախված է սեզոնայնությունից:
«Մեր երկրում կաթի արտադրությունը սեզոնային բնույթ է կրում, երբ արտադրության ծավալն ավելանում է, գները նվազում են: Մեզ մոտ կաթի գնագոյացման հարցը ձևավորված չէ, Կառավարությունն էլ չի ուզում այս հարցում միջնորդի: Կաթի գնագոյացումը ձևավորվում է իր մեջ եղած բաղադրությունների արժեքների գնահատականներով: Աշխարհում գնագոյացման տարբեր մեխանիզմներ կան, իսկ Հայաստանում չկա: Պետք է սկզբից որոշվի յուղայնությունը, հետևաբար, սահմանվի դրա արժեքը, ու հստակ գին որոշվի»,- կարևորեց միության նախագահը:
Իսկ պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ կաթի մթերումը Հայաստանում տարեցտարի նվազում է, ընդ որում, 2022-ին վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ մթերվել է 623 հազար տոննա կաթ՝ ավելի քան 50 հազար տոննայով քիչ 2021-ից։
«Թամար» ՍՊԸ ներկայացուցիչը պարզաբանում է՝ իրենք 3,5 տոկոս յուղայնության կաթի մեկ լիտրն արդեն ֆերմերից գնում են 210 դրամով, մարտի 20-ից գինը 10 դրամով նվազեցրել են: Ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ կաթի արտադրության ծավալներն ավելացել են, հետևաբար, գնի իջեցումն արդարացված է:
«Եթե շուկան ուսումնասիրեք, կտեսնեք, որ չոր կաթի գինն ավելի էժան է, քան անարատ կաթը: Գնի իջեցումը շուկայի օրենքներից է. ձմեռը թանկ է լինում, մարտից աստիճանաբար սկսվում է կաթի մթերման գինն իջնել, քանի որ կաթն ավելանում է: Երբ արոտի դուրս կգան անասունները, այդ ժամանակ ավելի կիջնի: Ձմռանը մենք վնասով ենք աշխատում: Արտադրողն էլ պետք է կարողանա աշխատի: Այդ կաթը չի էլ հերքիում լրիվ արտադրության համար, կարագ ենք օգտագործում: Իսկ կարագը թանկ է, արժեքը 3500 դրամից է սկսվում: Հումքի խնդիր կա: Միայն թթվասեր արտադրելու համար մաքուր կարագ ենք ավելացնում»,- հավելեց նա:
«Էջմիածին կաթ» ՍՊԸ-ից էլ փոխանցեցին, որ իրենք դեռ կաթի մեկ լիտրը 240 դրամով են մթերում, բայց պատրաստվում են ամեն ամիս մթերման գինը 10 դրամով նվազեցնել:
Վերամշակող մի քանի ընկերություններ էլ հրաժարվեցին կաթի մթերման գների փոփոխության մասին որևէ մեկնաբանություն հայտնել:
Ֆերմերները, սակայն, հայտարարում են՝ նման գնի պայմաններում կաթ չեն մթերի, բողոքի քայլերի կդիմեն։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան