Վերամշակում

ինչ վիճակ է խաղողի մթերմանն ընդառաջ

10 մլն դրամ՝ խաղողի  մթերման  համար
Պետությունը փորձում է լուծել խաղողի մթերման խնդիրը: Սեպտեմբերի 7-ի նիստում Կառավարությունը որոշում ընդունեց, որով հնարավոր կլինի լուծել այս տարվա խաղողի բերքի ավելցուկային քանակի մթերման խնդիրը։
 Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց՝ փաթեթը կազմել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առկա են արտաքին շուկաներում՝ կախված արտարժույթային շուկաներում դրամի թանկացման հետ:
«Խաղողի  և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինը էապես ավելի թանկ է արտարժույթով: Մենք հասկացել ենք, որ խաղողի մթերման գործում առկա է ավելի քիչ ախորժակ խաղող մթերողների կողմից, որոնք որոշել էին 65 մլն տոննա ավելի քիչ խաղող մթերել այս տարի, քան նախորդ տարիներին»,- հայտնեց ոլորտի պատասխանատուն:
Այս խնդիրը լուծելու համար պետությունը սահմանել է, որ խաղողի մթերման նվազագույն արժեքը 110 դրամ է:
Խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար գործադիրը նախատեսել է նաև  միջոցառումների շարք:
«Առաջինը, մենք տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ խաղող մթերողների համար, որ կարողանան ավելի արագ վճարել խաղողի մթերման դիմաց: Երկրորդ, մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող  մթերողների համար: Այիսինքն՝ 5 հազար տոննայից ավել խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ 30 դրամ մեկ կմ խաղողի համար սուբսիդավորում: Իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար՝ 50 դրամ սուբսիդավորում»,- մանրամասնեց Քերոբյանը:

Աջակցության նոր միջոցներ՝ խաղող մթերող ընկերություններին
Նախարարը հավաստիացմամբ՝  5 հազար և 10 հազար տոննայից ավելի մթերողներին տրվող աջակցությունը տրվելու է պայմանով, որ այդ գումարով էլի խաղող  ընդունեն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստում հստակեցրեց՝  5 հազար տոննայից ավելի մթերողներին աջակցությունը կտրվի ամեն նոր հազար տոննայի համար, որը կկազմի 30 մլն դրամ: Իսկ 10 հազար տոննայից ավելի մթերողները կկարողանան աջակցություն ստանալ լրացուցիչ 5 հազար տոննա մթերելու դեպքում, այսինքն,  եթե մթերել է 5700 տոննա, ապա այդ 700 ավել տոննայի համար աջակցություն չի տրվելու:
  Ամփոփելով ծրագիրը՝ Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ  Կառավարությունը 10 մլն դրամ հատկացնելով խաղողի մթերման համար՝ կկարողանա մթերում իրականացնել ամբողջ ծավալով:
 Նախարարի լավատեսությունը, սակայն, չեն կիսում խաղողագործների մի մասը:
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը ծրագիրն ուշացած է համար: Նրա խոսքով՝  Կառավարությունը սեպտեմբերի 7-ին դեռ նոր է որոշում՝  ինչպես կարգավորել մթերման հարցը, երբ խաղողն արդեն մթերման ենթակա է:
 Խաղողագործին անհանգստացնում է մթերման համար սահմանված նվազագույն 110 դրամը: Պնդում է՝ մեկ կիլոգրամ խաղողի ինքնարժեքն ավելի բարձ է, քան մթերման գինը, հետևաբար, իրենք շահույթ ստանալ չեն կարող:
«Ցածր գին են առաջարկում, մենք չենք էլ կարողանալու վարկերը փակենք և ստիպված նոր վարկ ենք վերցնելու: Մեկ կիլոգրամի համար գյուղացին ծախսել է իքս գումար, պետք է ստանա իքս պլյուս մեկ, բայց այս պայմաններով ստանալու է իքս մինուս մեկ: Խաղողի ինքնարժեքը, կաված սորտից, տատանվում է 100-120  դրամի սահմաններում: Ինքնարժեքից ցածր խաղողի գին են առաջարկում գյուղացուն, հետո էլ ասում՝ 10 մլն դրամ փող ենք ներդնում, որ մթերում իրականացվի: Խաղողագործության ոլորտում մարդիկ ինքնաբավ աշխատում են, բայց հիմա գործազուրկ են դառնալու, մոտ 20 000 տնտեսությունը գործը կորցնելու է, այգիները քանդելու են կամ թողնեն անմշակ»,- Ագրոպրեսի հետ զրույցում մտահոգություն հայտնեց նա:
 Միության նախագահի դիտարկմամբ՝ խաղողի մթերումը սուբսիդավորելով՝ պետությունը թեթևացնում է վերամշակող ընկերության բեռը, այդ գումարից ոչինչ էլ խաղողագործին չի հասնում:
«Զարգացած երկրներում, որտեղ պետությունն աջակցում է գյուղացուն, այնտեղ սուբսիդավորում են խաղողի կիլոգրամը, իսկ մեզ մոտ այդպես չի արվում:  Էդ, որ ասում են՝ Կառավարությունը սուբսիդավորում է խաղող մթերող ընկերություններին՝ յուրաքանչյուր 1 կգ խաղողի դիմաց 30 և 50 դրամով, այդ գումարը գործարաններին է տալիս՝ պլյուս նաև բոնուսներ ընդունած բերքի դիմաց: Ամեն տարի վերամշակողին գումար տալով՝ խաղողագործությունը չի զարգանա»,- նկատեց նա:

Պետությունը կգնի կոնյակի սպիրտը
Աջակցության մյուս գործիքն էլ այն է, որ խաղողի կոնյակի սպիրտը գնելու է պետությունը,  ինչը թույլ կտա հաղթահարել կոնյակի արտահանման հետ կապված դժվարությունները:
 Արտակ Սարգսյանը կոնյակի սպիրտը պետության կողմից գնելու որոշումը լավն է համարում, բայց նաև խնդիրներ է տեսնում:
«Դա պետք է 11 ամիս առաջ անել, հիմա  ուշ է և պետք է կանոնակարգված լիներ խաղողագործ- վերամշակող փոխհարաբերությունները, կնքված լինեին պայմանագրերը, բայց գործարանները պայմանագիր չեն կնքել խաղողագործների հետ՝ պատճառաբանով են, թե չեն կարող գնել, մեզ պետք չէ: Մի քանի օրից սարսափելի վիճակ է լինելու, ո՛չ պայմանագիր կա կնքած, ո՛չ էլ նորմալ գին են առաջարկում»,- վրդովվեց  Խաղողագործների միության նախագահը:

Խաղողի մթերման գինն անընդունելի է
Արարատի մարզի Լուսառատ բնակավայրի խաղողագործները նույնպես չեն ընդունում խաղողի մթերման համար սահմանված գինը: Նրանց խոսքով՝  իրենք միայն տուժելու են, պետությունը միշտ վերամշակողների կողքին է կանգնում: Լուսառացիները հայտարարում են, որ պատրաստվում են բողոքի գործողությունների դիմել՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը:
 Հենց խաղողի մթերման գնի պատառով է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի խաղողագործ Կարեն Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել տարիների գործին. անցյալ տարի քանդել է 1 հեկտար խաղողի այգին:
«110 դրամով խաղող հանձնելն աբսուրդ է, օգուտ չէի ստանում, վարկերն անգամ չէի կարողանում վճարել, ինքնարժեքը կազմում էր 100 դրամ: Այգին ամենաերկար աշխատատեր պրոսցն  է, որ փետրվարից մինչև նոյեմբեր աշխատանք է արվում և ներդրում պահանջում, աշխատուժը շատ է թանկացել, օրը 8000 դրամ են ուզում»,- նշեց սարդարապատցին:
 Մինչ  խաղողագործները պահանջում են բարձրացնել  մթերման գինը՝  Նիկոլ Փաշինյանը խոստավանում է, որ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման խնդիրներ կան, զրոյական ՕԳԳ-ով գործողություն են անում:

Հեղինակ՝   Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search