Անուշ բույրով շահութաբեր բիզնես
Երփներանգ խրիզանթեմներն այլևս չեն զարդարում Արարատի մարզի Մխչյան համայնքի ֆերմեր Հարություն Մկրտչյանի ջերմատունը: Աճեցրած ծաղիկներն ամբողջությամբ իրացվել են, հիմա ֆերմերը կրկին խրիզանթեմներ է աճեցնում, որոշ ժամանակ անց անուշ բույրով բիզնեսը կրկին կծաղկի:
Հարություն Մկրտչյանը մեկ ամիս առաջ է ծաղիկներն իրացրել: Անկեղծանում է՝ պահանջարկը կար թե՛ տեղական շուկայում, թե՛ դրսում: Մխչյանի խրիզանթեմները հասել են Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան: Ծաղկի մշակությամբ զբաղվող գյուղացուն գոհացնում են այս տարվա արտահանման ցուցանիշներն ու բարձր գինը:
«Խրիզանթեմի փունջը 600 դրամով արտահանվել է: Նույն գնով էլ տեղական շուկայում եմ վաճառել: Այս տարի ես գոհ եմ ծաղկի բիզնեսից: Հեռանկարային գործ է: Արտահանման ծավալներն են այս տարի աճել, որն աննախադեպ էր՝ նախորդ տարիներին համեմատ»,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց գյուղացին:
Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Հովհաննես Հունանյանի ջերմատան հոլանդական վարդերի 70 տոկոսն արտահանվել է, միայն 30 տոկոսն է տեղում սպառվել:
Ջերմատան մեծ մասը, սակայն, գերբերան է զբաղեցնում: Հարավաֆրիկյան այս գեղեցկուհուն տարիներ շարունակ այլ երկրից են Հայաստան ներկրել, վերջերս, սակայն, այն ոչ միայն բավարարում է ներքին պահանջարկը, այլև մեծ քանակությամբ արտահանվում:
«Վերջին երկու-երեք տարիների համեմատ՝ մեծ քանակությամբ արտահանում է եղել: Քանի որ արտահանման ծավալները մեծ են եղել, շուկայում լճացում չի առաջացել, ավելին՝ դեֆիցիտ է, որի պատճառով նաև գներն են բարձրացել: Հավատացե՛ք, եթե արտահանում չլիներ, շուկայում հիմա լճացում կլիներ: Պատերազմից հետո, պայմանավորված հուղարկություններով և սգո տարբեր առիթներով, ծաղկի՝ վարդի, մեխակի, գերբերայի պահանջարկն է ավելացել: Գյուղացիները սկսել են ջերմոցներում մեծ քանակությամբ ծաղիկներ մշակել»,- նկատեց արտադրողը:
Պահանջարկին զուգահեռ՝ նաև պետությունն է խրախուսում հողագործին: Հովհաննես Հունանյանը նշեց, որ սուբսիդավորված վարկերը նպաստել են ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:
Ընդհանրապես, ըստ վիճակագրության՝ վերջին տարիներին ծաղիկների հայաստանյան շուկայում առաջատար են տեղական արտադրողները՝ զբաղեցնելով ներքի շուկայի մոտ 95 տոկոսը:
Աննախադեպ ցուցանիշներ
Աննախադեպ են ոչ միայն ծաղկի արտահանման ծավալները, այլև՝ գները: Ծաղիկ մշակողները մեծածախ շուկայում մեկ հատ մեխակը 120 դրամով են վաճառում, իսկ մեծ պահանջարկ վայելող գերբերայի հատն էլ հատել է 180 դրամի սահմանը:
Ֆերմեր Գարիկ Ղազարյանի պնդմամբ՝ իր աճեցրած մեխակի գինը բարձրացրել է ընդամենը 20 դրամով՝ 50 դրամից դառնալով 70։ Հիշեցնում է, որ նախորդ տարի, կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված՝ ծաղկի վաճառքը որոշ ժամանակով կանգնել էր, ծաղիկը փչացել, թափել են: Հիմա ֆերմերները վերականգնման փուլում են․ նախորդ տարվա վարկերն են մարում:
Նա բացատրում է, որ ծաղկի շուկայում առկա գնաճը սեզոնային է:
«Սովորաբար աշնան և ձմռան շրջանում ծաղկի գները բարձրանում են։ Հիմա ապրանքը քիչ է։ Եթե մեկ ամիս առաջ օրը 1000 հատ մեխակ էի քաղում, այս օրերին արդեն 500 հատ եմ քաղում։ Գազի սակագինն է բարձր, որն անդրադառնում է գնագոյացման վրա»,- ասաց ֆերմերը։
«Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Պողոս Գևորգյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու է ծաղկի գներն այդքան բարձր: Այս ընթացքում բազմաթիվ սպառողներից դժգոհություն է ստացել: Հասկանում է՝ գազն անորակ է, իսկ գինը՝ բարձր։ Արտադրողը ստիպված ավելի շատ է գազ սպառում՝ բույս աճեցնելու համար, բայց Պողոս Գևորգյանի հաշվարկներով՝ հնարավոր չէ, որ նույն ջերմատանն աճեցրած բույսերը տարբեր արժեք ունենան:
«Նույն ծավալի գազ են սպառում լոլիկ և վարդ աճեցնելու դեպքում: Եթե հաշվում ես՝ լոլիկի մեկ կիլոգրամը 1000 դրամ է վաճառվում, իսկ վարդի մեկ կիլոգրամի աժեքը 7000 դրամ է կազմում: Բնականաբար, արտադրողները, օգտվելով առիթից, գինը բարձրացրել են»,- նշեց նա:
Փորձագետը շեշտեց, որ ծաղիկների հայաստանյան շուկայում տեղական արտադրությունը սկսեց զարգանալ 2016 թվականին, երբ ծաղիկների քանակը հասավ 34 մլն-ի:
Այսօր Հայաստանում կա մոտ 1000 հեկտար ջերմատուն, որի շուրջ 4 տոկոսը ծաղիկների համար է:
Հայաստանից ծաղիկների արտահանման ծավալներն աճել են
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով՝ հունվարից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանված ծաղիկների առյուծի բաժինը զբաղեցնում է Բելառուսը, որին հաջորդում է ՌԴ-ն: Եվրոպական Միություն և Ռումինիա էլ է ծաղիկներ արտահանվում, քիչ քանակությամբ նաև՝ հարևան Վրաստան:
Նախորդ տարի արտահանվել է ավելի քան 12 տոննա և 19 մլն հատ ծաղիկ:
Եթե 2019 թվականի տվյալներով արտահանված հայկական ծաղիկների մեծ մասի գնորդը Վրաստանն էր, ապա 2020-ին Ռուսաստանը բացարձակ առաջատար էր: Այս տարի, սակայն, տեղը զիջել է Բելառուսին:
Ներմուծված ծաղիկների ծավալները նվազում են
Արտադությանն ու արտահանմանը զուգահեռ՝ տարեցտարի նվազում է ծաղիկների ներմուծումը:
Եթե 2018 թվականին այն հասել էր իր պիկին՝ 40 տոննա, ապա 2020-ին դարձել է 4 տոննա:
Այս տարվա դրությամբ ծաղիկներ ներմուծվել է Ռուսաստանից, Էկվադորից, Նիդերլանդներից, Վրաստանից, Իրանից և Ֆրանսիայից:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան