Կանանչ անկյուն

Ծառերի ու թփերի տնկումը այգում

Պտղատու այգիներ հիմնադրելու համար անհրաժեշտ է նախապես ճիշտ ընտրել տնկվող ծառերի ու թփերի տեսակային ու սորտային կազմերը: Ընդ որում, պետք է ընտրել այնպիսի տեսակներ ու սորտեր, որոնք իրենց կենսաբանական առանձնահատկություններով (վեգետացիայի տևողությամբ, աճման փուլերի անցման համար պահանջվող ջերմության ու խոնավության քանակների ինտենսիվությամբ, ցրտադիմացկունությամբ, բարձր բերքատվությամբ և այլ հատկություններով) համապատասխանում են տվյալ գոտու, միկրոգոտու և նույնիսկ տնտեսության հողակլիմայական պայմաններին: Նրանցից ստացված բերքը պետք է բավարարի պահածոների, հրուշակեղենի արդյունաբերության, չոր մրգերի րտադրության, արտահանման և թարմ վիճակում օգտագործելու պահանջները:

Սորտերի տեղաբաշխումը այգու տարածքում
Պտղատու այգիներում տարվող աշխատանքները հեշտացնելու և ագրոտեխնիկական միջոցները (բերքի պահպանումը, բերքահավաքը, պտուղների տեսակավորումը, առաքումը, այգիների պարարտացումը, ոռոգումը) ժամանակին ու ճիշտ կազմակերպելու և կիրառելու, հետևապես բարձր բերք ստանալու, բերքի ինքնարժեքը իջեցնելու նպատակով անհրաժեշտ է մինչև տնկումները կազմել տնկվող սորտերի տեղադրման պլանը՝ ըստ առանձին հողամասերի և շարքերի:
Սորտերի տեղադրումը ըստ հասունացման շրջանի Վաղահաս կամ ամառային սորտերը պետք է տնկել մեկ հողամասում, միջահաս կամ աշնանային սորտերը՝ երկրորդ, և ուշահաս կամ ձմեռային սորտերը՝ երրորդ հողամասում. Դա շատ է թեթևացնում բերքի պահպանման և բերքահավաքի աշխատանքները: Ցրտադիմացկուն, բայց շուտ ծաղկող սորտերը չպետք է տնկել արևահայաց լանջերում, որովհետև այդպիսի բույսերը ծաղկում են ավելի շուտ, վաղ գարնանային հետա դարձ ցրտերի վտանգը մեծ է լինում, որից և ծաղիկները կարող են ցրտահարվել: Դրանից խուսափելու համար շուտ ծաղկող բույսերը պետք է տնկել ստվերոտ լանջերում՝ ծմակ տեղերում, որտեղ հողը ուշ է տաքանում, դրանցից բույսը ուշ է ծաղկում և փրկվում է գարնանային ցրտերից:
Սորտերի տեղադրումը ըստ լույսի պահանջի
Ըստ լույսի պահանջի՝ կլոր ու հավաք սաղարթ ունեցող սորտերը պետք է տնկվեն այգու համեմատաբար հարթ տարածություններում, բրգաձև սաղարթ ունեցող սորտերը, ընդհակառակը՝ փոս ընկած տեղերում, փռված սաղարթ ունեցող սորտերը՝ բարձրադիր մասերում, իսկ թեք միակողմանի սաղարթ ունեցողները՝ լանջերի վրա:
Սորտերի տեղադրումն ըստ փոշոտման առանձնահատկությունների Պտղատու բույսերի մեծ մասը խաչաձև փոշոտվող է, ինքնափոշոտվող են համարվում միայն դեղձենին, նշենին, հատապտուղները, նռնենին, ցիտրուսային բույսերը. սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ինքնափոշոտվող բույսերն ապահովվում են խաչաձև փոշոտումով, ստացվում է ավելի բարձր և որակով բերք:
Խաչաձև փոշոտումը կատարվում է մեղուների միջոցով, հետևապես այն ապահովելու համար անհրաժեշտ է ծաղկման շրջանում այգում ունենալ մեղվի փեթակներ՝ յուրաքանչյուր հեկտարին 2-3 ընտանիք:
Յուրաքանչյուր սորտ ունի իր «ընտրյալ» փոշոտիչը: Այստեղից էլ, այգիները հիմնելիս պետք է իմանալ, թե ինչ սորտ ենք տնկում, և որ սորտն է նրա փոշոտիչը: Փոշոտվող և փոշոտիչ սորտերն այգում պետք է դասավորել շարքերով, այնպես, որ դա նպաստի խաչաձև փոշոտման լավ կատարմանը:
Սորտերն ըստ փոշոտվողների և փոշոտիչների դասավորում են հետևյալ կերպ. 5-6, երբեմն էլ 7-8 շարք տնկում են հիմնական փոշոտվողները և հաջորդ՝ 2-3 շարքերում՝ փոշոտիչ սորտերը:
Արտադրությունը փոշոտիչների նկատմամբ ներկայացնում է հետևյալ պահանջները.
1) Փոշոտվողը և փոշոտիչը պետք է միաժամանակ ծաղկեն, և ծաղկի առանձին օրգանների հասունացման ժամկետները համընկնեն:
2) Փոշոտվողը և փոշոտիչը բերքատվության մեջ պետք է մտնեն միաժամանակ (նույն տարիքում):
3) Փոշոտվող և փոշոտիչ սորտերը պետք է ունենան միևնույն երկարակեցությունը:
4) Փոշոտիչը պետք է լինի բարձր բերքատու և մտնի տվյալ գոտուստանդարտի մեջ:
5) Փոշոտիչը և փոշոտվողը պետք է փոխադարձաբար իրար փոշոտեն, հակառակ դեպքում փոշոտիչ ծառերը բերք չեն տա և ավելորդ տարածություն կզբաղեցնեն:
Այսպիսով, վերոհիշյալ պահանջների հաշվառումը խիստ անհրաժեշտ է, և այն պետք է լինի փոշոտվող և փոշոտիչ սորտերի ընտրության հիմքը:

image
image

Սորտերի տեղաբաշխումը այգու տարածքում
Այգում ծառերը պետք է տնկել ուղիղ շարքերով, որպեսզի հեշտանա այգու հողի մշակումը, ծառերի էտի, բուժման, բերքահավաքի ու բերքի տեղափոխման աշխատանքների մեքենայացումը:
Հատակագծում են, սովորաբար, հողաչափական գործիքներով՝ անկյունաչափով (թեոդոլիտ) և կողմնացույց-անկյունաչափով (բուսոլ): Այդ գործիքների բացակայության դեպքում հատակագծում են սովորական ձևով: Դրա համար անհրաժեշտ է ունենալ 3-4մմ հաստությամբ, 105մ երկարությամբ, լավ յուղածծված պարան, 10մ երկարությամբ չափաժապավեն (ռուլետկա), մեկ անկյունաչափ, մեկ հարթաչափ, 6 հատ 3-4 սմ հաստությամբ, 2մ երկարությամբ փայտի ձողեր, 8 հատ 3-4սմ հաստությամբ և 20 սմ երկարությամբ տեղանիշ ցցափայտեր և 3-4սմ հաստությամբ, 1,25մ րկարությամբ այնքան տեղանիշ ցցափայտեր, որքան հեկտարի վրա ծառեր պետք է տնկվեն:
Հատակագծում են հողամասի մեկ կողմից, նրա եզրից 3-4մ դեպիներս: Հեշտության համար սկզբից առանձնացնում են մեկ հեկտար տարածություն, որի հատակագծումից հետո անցնում են հաջորդ հեկտարներին և այսպես շարունակում են մինչև ամբողջ տնկվելիք տարածության հատակագծումն ավարտվի:

Հատակագծման տեխնիկան հետևյալն է. Երկու աշխատողներից մեկը բռնում է 105 մետրանոց պարանի մեկ ծայրը, կանգնում է հատակագծող հեկտարի մեկ եզրին, դիցուք՝ Ա կետում, իսկ երկրորդ աշխատողը բռնելով պարանի մյուս ծայրը, ձգում է այն մինչև մյուս եզրը՝ Բ կետը: Պարանը ձգում են այնպես, որ Ա և Բ կետերը գտնվեն մեկ ուղի գծի վրա: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ աշխատողի կանգնած կետերում խփում են 1,5 մետրանոց ձողափայտեր: Դրանից հետո առաջին աշխատողը կանգնում է Բ կետում, իսկ երկրորդ աշխատողը պարանը ձեռքին անցնում է հատակագծով հեկտարի մյուս կողմը՝ Գ կետը, երկրորդ գիծը որոշելու համար:


Երկրորդ գիծը ճիշտ անցկացնելու համար երկրորդ աշխատողը վերցնում է անկյունաչափը, որի գագաթը դնում է առաջին աշխատողի կանգնած տեղում՝ Բ կետում, և կազմում է ուղիղ անկյուն, այնպես, որ անկյունաչափի մի կողմն ընկնի ԱԲ գծի վրա, իսկ անկունաչափի մյուս կողմը ցույց տա ԲԳ գծի ուղղությունը: Դրանից հետո երկրորդ աշխատողը պարանը ձգում է անկյունաչափի ուղղությամբ, և երկրորդ աշխատողը նորից երկրորդ գծի ծայրին Գ կետում խփում է մեկ հատ երկար (1.5 մետրանոց) ձողափայտ: Այսպես որոշում են 3-րդ և 4-րդ կողմերը, այսինքն՝ ԳԴ և ԴԱ գծերը: Իսկ եթե անկյունաչափ չկա, այդ դեպքում վարվում են

Հատակագծման տեխնիկան
Հետևյալ կերպ. Առաջին աշխատողը կանգնում է երկրորդ աշխատողի կանգնած Բ կետում ու չափաժապավենով ԲԱ գծի վրա չափում է 3մ և խփում է մեկ հատ 20 սմ-անոց տեղանիշ ցցափայտ: Դրանից հետո առաջին աշխատողը պարանի մի ծայրը ձեռքին կանգնում է Բ կետում, իսկ 2-րդ աշխատողը պարանը ձեռքին անցնում է հատակագծվող հողամասի մյուս եզրը և կազմում է ԲԳ գիծ: Երկրորդ աշխատողն առաջինի հետ միասին չափում են առաջին աշխատողի կանգնած Բ կետից երկրորդ գծի վրա 4մ և նորից խփում են 20 սմ-անոց տեղանիշ ցցափայտ:
Առաջին և երկրորդ գծերի վրա գտնվող (20սմ) տեղանիշ ցցափայտերի միջև ընկած տարածությունը (ներքնաձիգը) պետք է լինի 5մ, և եթե 5 մ է, ուրեմն դիմացի անկյունը ուղիղ է և երկրորդ՝ ԲԳ գծի ուղղությունը ճիշտ է:
Այս ձևով որոշում են մնացած կողմերը, որից հետո անցնում են միջին մասի հատակագծմանը: Նայած տնկվելիք ծառերի տեսակին ու հատկացվելիք սնման մակերեսին, որոշում են դրանց տեղը, որտեղ և խփում են 1,25 սմ-անոց տեղանիշ ցցափայտեր:
Այսպես հատակագծում են ուղղանկյուն, քառանկյուն և քառակուսի եղանակներով տնկումները կատարելիս:
Շախմատաձև եղանակով հատակագծելու համար օգտագործում են հավասարակողմ եռանկյուն, որի կողմերի երկարությունը հավասար է ծառերին տրվելիք միջշարքային և միջծառային տարածություններին:
Եզրագծային (կոնտուրային) հատակագծումը կամ հորիզոնականներով տնկման եղանակով տեղաձևելիս սկզբում լանջի ամենաթեք տեղի վերին մասից մինչև նրա ստորին մասն անցկացնում են երկայնական ելակետային մի գիծ, որի վրա խփում են ցցափայտեր, որոնց հեռավորությունը պետք է հավասար լինի հիմնադրվող այգու միջշարքային տարածությունների հեռավորությանը: Ելակետային կամ ստուգիչ գիծը գտնելուց հետո որոշում են շարքերի տեղը թեոդոլիտի կամ ավելի ճիշտ գծանիշ կոչվող հարմարանքի միջոցով:
Գծանիշ հարմարանքը մի երկար ձողափայտ է, որի երկու ծայրերին ուղղահայաց ամրացված են տարբեր երկարության երկու ոտքեր։ Երկար ոտքի մեծությունը կախված է թեքության աստիճանից: Եթե միջծառային արածությունը 6մ է, իսկ թեքության աստիճանը՝ 0.005, երկար ոտքը պետք է 3սմ-ով ավելի լինի կարճ ոտքից, իսկ եթե միջբուսային տարածությունը նույնն է, բայց թեքության աստիճանը 0.01 է, ապա երկար ոտքն ավելի երկար պետք է լինի 6սմ-ով: Գծանշային հարմարանքի ծայրում երկար ոտքի մոտ ամրացնում են հարթաչափը:
Հատակագծումը սկսում են լանջի վերևի մասի ստուգիչ գծի առաջին տեղանիշ ցցափայտից: Դրա համար գծանիշի կարճ ոտքը դնում են ստուգիչ գծի առաջին տեղանիշ ցցափայտի տեղում, իսկ երկարը՝ լանջի երկարությամբ, այնպես, որ ունենա հորիզոնական դիրք. Դա որոշվում է հարթաչափի օգնությամբ: Դրանից հետո երկար ոտքի վերջավորության տեղում խփում են տեղանիշ ցցափայտը: Այնուհետև գծանիշը տեղափոխում են՝ կարճ ոտքը դնելով ստուգիչ գծի վրա եղած երկրորդ տեղանիշ ցցափայտին, և երկար ոտքի դիրքը ցույց կտա տնկվելիք երկրորդ շարքի ծառերի տեղը և այսպես շարունակ:
Առաջին շարքի ծառերի տեղը նշելուց հետո որոշում են երկրորդ շարքի ուղղությունը, նույն ձևով, ինչ առաջին շարքի ուղղությունը որոշելիս, այսինքն՝ գծանիշի կարճ ոտքը դնում են ստուգիչ գծի վերևի մասում գնվող տեղանիշ ցցափայտի վրա, իսկ երկար ոտքը լանջի լայնությամբ, ընդունելով հորիզոնական ուղղությունը և ցույց տալով երկրորդ շարքի առաջին տեղը, և այդպես ամբողջ լանջը հատակագծում են:

Տնկման փոսերի պատրաստումը

Այգու տեղն ընտրելուց և հատակագծելուց հետո անհրաժեշտ է մինչև տնկելը ծառերի տեղը փորել և պատրաստել փոսեր: Փոսերը պետք է պատրաստել տնկելուց առնվազն 1,5-2 ամիս առաջ, որպեսզի փորված հողը, ինչպես նաև փոսերի պատերը և հատակը, բաց մնալով, ենթարկվեն արևի, օդի, անձրևների ազդեցությանը և հողմահարվեն, քեշի գան(հողի այն վիճակը, երբ արդեն կարելի է վարել ու ցանել)։
Այդպիսի հողերում մազարմատների գոյացումը և դրանց հետագա աճն ավելի լավ են ընթանում, դրանից էլ տնկիների կպչողականությունը բարձր է լինում:
Փոսերը փորելիս շարքերի ուղղությունը չխախտելու համար օգտագործում են, այսպես կոչված, տնկման տախտակ: Դա լավ հղկված, 1,1-1.3մ երկարությամբ, 7-10սմ լայնությամբ տախտակ է: Տնկման տախտակի երկու ծայրերին պատրաստում են 3-4սմ լայնությամբ անցքեր, իսկ երկու ծայրերից հավասար հեռավորությամբ՝ տախտակի կենտրոնում պատրաստում են 3սմ խորությամբ և 4-5սմ լայնությամբ կիսակլոր կտրվածք:
Տնկելուց առաջ տնկման տախտակը դնում են հողի երեսին (փոսը փորելու տեղը)՝ միջծառային տարածության ուղղությամբ, այնպիսի դիրքով, որ նրա մեջտեղի կտրվածքը հագնի տեղանիշ ցցափայտին, որն ամրացվել է տնկվելիք ծառի տեղում դեռևս հատակագծման ժամանակ:
Տնկման տախտակի երկու ծայրերից հողի վրա խփում են 15-20սմ երկարությամբ, 2-3սմ հաստությամբ փոքրիկ ցցափայտեր, որից հետո տնկման տախտակը շուռ են տալիս միջշարքային տարածությունների ուղղությամբ, դարձյալ այնպիսի դիրքով, որ նրա կենտրոնական կտրվածքը հագնի տեղանիշ ցցափայտին, իսկ ծայրերին ամրացնում են երկու ցցափայտեր, որոնք ցույց են տալիս փոսի եզրը: Այդ աշխատանքը կատարելուց հետո տնկման տախտակը և տեղանիշ ցցափայտը հանում են և փորում փոսը: Փոսը պատրաստելուց հետո տախտակը դնում են փոսի վրա այնպես, որ նրա երկու ծայրերի կտրվածքները համընկնեն փոքր ցցափայտերին։ Այդ դեպքում տեղանիշ ցցափայտն իջեցնում են փոսի կենտրոնն այնպես, որ այն հագնի տախտակի կենտրոնական կտրվածքի մեջ:
Փոսի կենտրոնը գտնելուց հետո տեղանիշ ցցափայտը փոսի մեջ ամրացնում են 10-15սմ խորությամբ:
Եթե մինչև տնկելը հողը վարել են 25-30սմ խորությամբ, ապա փոսերը փորելիս վերևի 15-20սմ հաստությամբ պարարտ հողը պետք է լցնել փոսի մի կողմի վրա, իսկ ներքևի սննդանյութերից աղքատ հողը՝ մյուս կողմի վրա: Եթե հողը վարել են խոր (50-70սմ), ապա փոսերը փորելիս ամբողջ փորվող հողը պետք է շուռ տալ միայն մեկ կողմի վրա: Փոսերի ծավալը պետք է այնքան լինի, որ տնկելու արմատային համակարգն ազատ տեղավորվի փոսի մեջ:
Ինչպես նշվեց, ստանդարտ տնկիների արմատների երկարությունը 30-40սմ-ից պակաս չպետք է լինի, բացի դրանից, տնկելիս արմատների ծայրերը չպետք է անմիջապես շփվեն փոսի հատակի և պատերի ամուր շերտին, պետք է գտնվեն նրանցից 10-15սմ հեռավորության վրա, այլապես նուրբ արմատների աճը և վերականգնումը առաջին 1-2 տարիների ընթացքում հողի ամուր շերտերում դժվար կընթանան: Այդ պատճառով փոսերի խորությունը պետք է լինի 50-60սմ, իսկ լայնությունը՝ 1մ:
Հայաստանի կուլտուր-ոռոգելի (մշակելի) հողերում սովորական վարի պայմաններում փոսերի խորությունը պետք է լինի 60 սմ, լայնությունը՝ 1մ, իսկ խորը հիմնաշրջված հողերում փոսերի խորությունը՝ 45-50սմ, լայնությունը՝70-80սմ: Քարքարոտ, ղըռ (քարքարոտ և անջրդի) և ցեմենտացած ամուր ենթաշերտ ունեցող հողամասերում փոսերի խորությունը պետք է լինի 70-80սմ, իսկ լայնությունը՝ 1,2-1,5մ: Փոսերը փորելուց և հողը դուրս բերելուց հետո փոսի կենտրոնը 10-15սմ հաստությամբ պետք է փխրեցնել:
Տնկելուց 15-20 օր առաջ փոսերը պետք է լցնել. դրա համար վերևի պարարտ շերտից վերցնում են երկու բաժին հող և դրան ավելացնում են մեկ մաս կիսափտած գոմաղբ, 150-200գ սուպերֆոսֆատ և կալիումական պարարտանյութ: Այդ բոլորը լավ խառնելուց հետո լցնում են փոսի մեջ (կիսով չափ կոնաձև)՝ 30-35սմ բարձրությամբ: Փոսերը լցնում են, որպեսզի հողը փոսի մեջ մինչև տնկելը լավ նստի: Փոսերը լցված վիճակում թողնում են մինչև տնկման օրը:

Տնկանյութի որակը
Պրակտիկան ցույց է տվել, որ լավ ձևավորված, ուժեղ աճ և արմատային համակարգ ունեցող տնկիներով հիմնադրված այգիների կպչողականությունը և նրանց լիարժեքությունը բարձր են, ծառերի աճն ու զարգացումն ընթանում են արագ և ավելի շուտ են մտնում բերքատվության մեջ, քան եթե այգիները հիմնադրում են ցածր որակի և ստանդարտին չհամապատասխանող տնկանյութերով:
Տնկանյութի որակի կարևոր հատկանիշներից մեկը տնկիների տարիքն է:
Հնդավորներ
Փորձով ապացուցված է, որ հնդավորների մեկ տարեկան (աչքապատվաստից) տնկիների ինչպես վերերկյա մասերը, այնպես էլ արմատային համակարգերը շատ թույլ են զարգացած։ Այդ է պատճառը, որ եթե հնդավորների այգիները հիմնադրվում են մեկ տարեկան տնկիներով, խիստ կերպով ընկնում է կպչողականությունը, ձգձգվում է ծառերի (գրեթե 2-3 տարի) հետագա աճը//աճի հնարավորությունը, և նրանք ուշ են մտնում բերքատվության շրջանի մեջ:
Երկու տարեկան տնկիները (աչքապատվաստից հետո), ընդհակառակը, ունենում են ինչպես ուժեղ զարգացած արմատային, այնպես էլ վերերկյա
համակարգեր, ինչը և հնարավորություն է տալիս սաղարթը ձևավորել ցանկացած եղանակով:
Երեք և ավելի տարեկան տնկիների կպչողականությունը շատ ավելի ցածր է: Ուստի արտադրության մեջ ընդունված է հնդավորների այգիները հիմնադրել երկու տարեկան տնկիներով:
Կորիզավորներ
Կորիզավորները, հատկապես ծիրանենին և դեղձենին, աչքապատվաստից հետո՝ առաջին տարում, ունեն աճելու ու կողային ճյուղեր տալու մեծ ունակություն: Դրա հետևանքով ընթացիկ տարվա պատվաստաշիվը, աճելով, ամառվա ընթացքում հասնում է իր նորմալ բարձրությանը։ Ուստի արդեն այդ ժամանակ հնարավոր է լինում ձևավորել այն և նույն տարվա աշնանը վեգետացիայի վերջում օգտագործել որպես պատրաստի տնկանյութ:
Այսպիսով, արտադրության մեջ հնդավորների համար ընդունված է օգտագործել երկու տարեկան, իսկ կորիզավորների, հատկապես դեղձենու և ծիրանենու համար՝ մեկ տարեկան տնկիները:
Բացի տարիքից՝ տնկանյութի որակը որոշում են նաև նրա արմատային համակարգի, բնի և սաղարթի կմախքային ճյուղերի աճի ու զարգացման աստիճանով:

Այգետնկման ժամկետները եվ տեխնիկան
Նորատունկ ծառերի կպչողականության վրա խոշոր չափով ազդում են նաև տնկման ժամկետները:
Սովորաբար ընդունված է այգին տնկել տնկանյութի հանգստի շրջանում՝ վաղ գարնանը մինչև վեգետացիայի սկսվելը, և աշնանը՝ տերևաթափից հետո, մինչև սառնամանիքները սկսվելը:
Տնկանյութի արմատների վրա եղած վերքերի (որոնք առաջացել են տնկանյութը տնկարանից հանելու ժամանակ) վերականգնումը և նոր մազարմատների գոյացումը գարնան տնկումների ժամանակ, սովորաբար, ավելի արագ և ինտենսիվ են կատարվում, քան աշնան տնկումների ժամանակ: Այդ է պատճառը, որ գարնանը տնկելիս բույսերի կպչողականությունն ավելի բարձր է լինում: Չնայած դրան, արտադրությունը նախապատվությունը տալիս է աշնան տնկումներին: Դա բացատրվում է նրանով, որ մեզ մոտ, հատկապես Արարատյան հարթավայրի պայմաններում, գարնանը՝ մինչև մարտի 10-15-ը օրվա միջին ջերմությունը 2-30 ից չի բարձրանում, իսկ հաճախ իջնում է 00-ից և հասնում է -4-50-ի: Երբեմն էլ ձյուն է տեղում ու ծառատնկման համար ստեղծվում են անբարենպաստ պայմաններ: Մարտի 10-15-ից հետո եղանակները լավանում են, ջերմությունը սկսում է արագորեն բարձրանալ և ցերեկվա ժամերին հասնում է մինչև 12-150-ի, վեգետացիան սկսվում է միանգամից՝ մարտի վերջերից, բույսերը ծաղկում են ապրիլի սկզբից: Այսպիսով՝ պարզվում է, որ գարնանը ծառատնկումների ժամկետը շատ սեղմ է, տևում է 12-15 օր, ինչը և շատ է դժվարացնում մեծ զանգվածներով այգետնկման աշխատանքները ճիշտ ու ժամանակին կազմակերպելու գործը:
Բացի դրանից, ծառատնկման շրջանին հաջորդում է ցերեկվա ժամերին (ապրիլին, մայիսին) ջերմության խիստ բարձրացումը՝ մինչև 200 (մայիսին նույնիսկ 250): Դրանից նորատունկ ծառերը սկսում են ուժեղ գոլորշիացում կատարել, սակայն նրանց արմատային համակարգը, որը ծավալով խիստ փոքրացել է (տնկարանից հանելուց հետո) և դեռ չի վերականգնվել, չի կարողանում բույսի վերերկյա մասերը ժամանակին բավարարել պահանջվող քանակությամբ ջրով, ուստի նորատունկ ծառերի աճի համար ստեղծվում են ջրային անբարենպաստ պայմաններ: Այս բոլոր գործոնները միասին բացասաբար են ազդում գարնանը տնկված ծառատեսակների կպչողականության, աճի և զարգացման վրա:
Աշունը, ընդհակառակը, մեզ մոտ տաք է ու երկարատև: Աշնանային տնկումները սկսում են հոկտեմբերից և շարունակում են մինչև նոյեմբերի վերջը, մինչև կայուն ցրտերի սկսվելը, և տևում են մոտ 40-50 օր:
Տնկման ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել տնկվող ծառատեսակի ձմեռնադիմացկունության առանձնահատկությունները:
Այն բույսերը, որոնք ձմեռնադիմացկուն չեն, օրինակ՝ թզենին, նռնենին, ձիթենին, արևելյան խուրման, դեղձենին, նշենին, կեռասենին, պետք է տնկել միայն գարնանը, իսկ մնացած ծառատեսակները՝ միայն աշնանը:

Տնկանյութի թարմացումը
Տնկելուց առաջ բոլոր տնկիները պետք է մեկ-մեկ ստուգել: Եթե տնկանյութի արմատային համակարգում նկատվում են չորուկներ, վնասվածքներ, հիվանդ մասեր, ուռուցքներ, պետք է հեռացնել այգու սուր դանակով կամ մկրատով:
Տնկանյութը տնկելուց առաջ պետք է թարմացնել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ծառատեսակների արմատային համակարգում նոր արմատները գոյանում են կմախքային և կողային արմատների ծայրային մասերից, իսկ վերջիններս տնկարանից հանելու ժամանակ հաճախ կոտրված, ջարդված և քերծված են լինում։ Բացի դրանից, խրամատներում տնկանյութը պահելիս վնասված մասերը նեխում են և կորցնում իրենց վերականգնման ու նոր արմատներ առաջացնելու ունակությունը։ Ուստի տնկանյութի բոլոր կմախքային, կիսակմախքային ու կողային խոշոր արմատների ծայրերի այդ վնասված մասերը պետք է կտրել և հեռացնել առողջ մասի եզրից 2-3սմ խորությամբ:
Տնկանյութի մազարմատները շատ նուրբ են: Տնկելուց հետո դրանք հաճախ չորանում են: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է տնկիների արմատները մշակել աղբահեղուկով։ Հիմնադրվող այգու այն մասում, որտեղ թաղված է եղել տնկանյութը, կամ տնկվող հողամասի միհարմար տեղում փորել 30-40սմ խորությամբ և 60-70սմ լայնությամբ մի փոս՝ աղբահեղուկի (ժիժա) համար: Աղբահեղուկը կարելի է պատրաստել նաև տակառի մեջ:
Աղբահեղուկը պատրաստելու համար վերցնում են մեկ մաս թարմ գոմաղբ և երկու մաս հարուստ, խամ հող, որը նախապես մանրացնում են՝ հեռացնելով նրա մեջ եղած կոշտերը, քարերը, մաղում, խառնում են գոմաղբին, ավելացնում են ջուր և լավ շաղախում են մինչև թանձր, կիսամածուցիկ հեղուկ ստանալը: Այնուհետև տնկիների արմատները, նախքան տնկելը, թաթախում են այդ հեղուկի մեջ և անմիջապես տնկում:

Այգիների տնկումը
Տնկման տեխնիկան
Մինչև վերջին ժամանակներս տնկում էին ձեռքով, այժմ այդ աշխատանքը մեքենայացված է:
Ձեռքով տնկում են 5 բանվոր, որոնցից երկուսը զբաղվում են անմիջապես տնկման աշխատանքով, մեկը տնկանյութ է մատակարարում տնկողներին, իսկ երկուսն էլ տնկված ծառերի շուրջը բաժակներ են պատրաստում:
Տնկող բանվորներից առաջինը փոսի մեջ լցված կոնաձև հողաթմբի վրա բահով բաց է անում արմատային համակարգի տեղը և տնկման միջոցով գտնում է կենտրոնը: Երկրորդ բանվորը վերցնում է տնկին և արմատային մասով իջեցնում փոսի ուղիղ կենտրոնը, այնուհետև կողային արմատները հավասարապես դասավորում է փոսի մեջ, որից հետո առաջին բանվորը տեղանիշ ցցափայտն ամրացնում է փոսի մեջ՝ տնկենու բնից 8-10սմ հեռավորության վրա, այն կողմից, որտեղից փչում են ուժեղ քամիներ: Ընդ որում, տեղանիշ ցցափայտի ծայրը պետք է 6-8սմ ցածր լինի կմախքային առաջին ճյուղից: Այնուհետև այդ նույն բանվորը, փոսի եզրերի վերին շերտից հողը վերցնելով, լցնում է արմատների վրա: Երկրորդ բանվորը, որը տնկին պահում է փոսի մեջ, մերթ ընդ մերթ այն շարժում է՝ աշխատելով տեղը չփոխել, որպեսզի հողը մաղվելով լցվի արմատների արանքը:
Արմատների արանքը չպետք է դատարկ մնա, հակառակ դեպքումտնկին չի կպչի: Վերևի շերտի հողը լցնելուց հետո լցնում են ստորին շերտի հողը, որի ժամանակ երկրորդ բանվորը ձեռքով հողը հավասարեցնում է փոսի մեջ ու պնդացնում, և երբ արմատների վրա լցվող հողի շերտը հասնում է 10 և ավելի սմ-ի, այս անգամ երկրորդ բանվորը ոտքով ամրացնում է փոսի մեջ լցված հողը: Պետք է այնպես տնկել, որ տնկին շատ ամուր նստի փոսի մեջ:

Տնկման խորությունը
Տնկիների կպչողականության վրա չափազանց մեծ ազդեցություն է թողնում տնկման խորությունը: Պետք է տնկել այնպիսի խորւթյամբ, որ տնկելուց 2-3 օր հետո տնկիի արմատավզիկը հավասարվի գետնի մակերեսին՝ կիսահողի տակ, կիսաբաց վիճակում:
Արմատավզիկը բույսի այն մասն է, որը գտնվում է ցողունի և արմատի արանքում, այդ պատճատով այն հարմարված չէ ո՛չ հողային և ո՛չ էլ դրսի բացօթյա պայմաններին:
Այն հողամասում, որտեղ կատարված է խոր հիմնաշրջում՝ 60-70սմ խորությամբ, և փոսերն էլ փորված են 40-50սմ խորությամբ, պետք է տնկել այնպես, որ արմատավզիկը գտնվի հողի մակերեսից 4-5սմ վերև։ Հետագայում հողը նստելիս ճնշում է գործ դնում արմատային համակարգի վրա, և տնկին ձգվում է ներքև ու արմատավզիկն իջնում, հավասարվում է հողի մակերեսին:
Եթե տնկել են միայն փոսերի մեջ, առանց հողը հիմնաշրջելու, պետք է տնկել այնպես, որ արմատավզիկը գտնվի հողի մակերեսի 4-5սմ խորության վրա: Հետագայում հողը նստում է, բայց տնկին ներքև չի ձգվում և արմատավզիկը բացվելով հավասարվում է հողի մակերեսին:
Տնկելուց հետո տնկիների շուրջը պատրաստում են բաժակներ։ Բաժակների պատերը պետք է լինեն ամուր, որպեսզի ջուրը չողողի, չքանդի: Դրա համար պատերի լայնությունը և բարձրությունը վերցնում են մոտ 20սմ:
Բաժակներ պատրաստելուց հետո տնկու բունը 2 տեղից թելով կամ ճիլոպով ութաձև կապում են տեղանիշ ցցափայտին, որի բարձրությունը 4-5սմ-ով պետք է ցածր լինի առաջին կմախքային ճյուղից:
Առաջին կապը պետք է լինի տեղանիշ ցցափայտի ծայրային մասից 6-7սմ ներքև, երկրորդ կապը՝ հիմքի, նրա երկարության 1/3 բարձրությունից:

Նորատունկ ծառերի ոռոգումը
Այդ աշխատանքը վերջացնելուց հետո միջշարքային տարածություններում ջրատար առուներ են անցկացնում: Տնկելուց անմիջապես հետո պետք է ջրել: Ջուրը տալիս են շատ բարակ շիթով, ոռոգման համար հոսող ջուր չլինելու դեպքում պետք է ջրել դույլերով, յուրաքանչյուր տնկուն տալով 2-3 դույլ ջուր:
Նորատունկ ծառերը ջրելուց 2-3 օր հետո, երբ հողը քեշի է գալիս, պետք է ստուգել հողի նստվածքը։ Եթե հողը շատ է նստել, և տնկիների արմատավզիկները հողի մակերեսից բարձր են մնացել, պետք է ուղղել այնպես, որ հավասարվեն հողի մակերեսին. հակառակ դեպքում տնկիները չեն կպչի և շուտ կչորանան: Իսկ եթե արմատավզիկներն իջել և մնացել են հողի տակ, այդ դեպքում տնկիները պետքէ բարձրացնել և արմա-տավզիկները հավասարեցնել հողի մակերեսին: Ստուգումներից հետո ցանկալի է բնի շուրջը մուլչապատել փտած գոմաղբով, ծղոտով, չոր հողով և այլ նյութերով, որոնք կկասեցնեն ջրի գոլորշիացումը և հողը կպահեն խոնավ, փափուկ վիճակում, իսկ դա իր հերթին կնպաստի տնկիների բարձր կպչողականությանը:

Նորատունկ ծառերի էտը
Երիտասարդ տնկիների արմատային համակարգի ծավալը տնկարանից հանելու ժամանակ խիստ փոքրանում է, իսկ վերերկյա մասը մնում է նույնը, հետևապես խախտվում է արմատային համակարգից բարձրացող հանքային սննդանյութերի և վերերկյա մասում պատրաստված ածխաջրերի հարաբերակցությունը:
Այդ հարաբերակցությունը կարգավորելու համար անհրաժեշտ է արհեստականորեն փոքրացնել նաև վերերկյա մասը, որպեսզի արմատային համակարգը կարողանա նրան բավարարել համապատասխան քանակությամբ ջրով և սննդանյութերով: Այսպիսով, արմատային համակարգի և վերերկյա մասի փոխադարձ կապը կարգավորելու, տնկիների կպչողականությունը, նրանց հետագա աճն ու զարգացումն ապաովելու համար, ինչպես նաև սաղարթը ձևավորելու նպատակով, կատարում են էտ: Աշնանը տնկած տնկիները էտում են հաջորդ գարնանը՝ մինչև բողբոջների ուռչելը, իսկ գարնանը տնկվածները՝ տնկելուց անմիջապես հետո:
Հնդավորների կողային ճյուղերը՝ կախված աճման ուժից, կարճացնում են նրանց երկարության 1/3-ից մինչև կեսի չափով, իսկ ուղեկցող ճյուղերը՝ շատ թույլ՝ մինչև 1/3-ի չափով, այնպես, որ այն 15-20սմ ավելի բարձրլինի կողային ճյուղերից:
Կորիզավոր ծառատեսակների ճյուղերը կարճացնում են ավելի շատ՝50%-ի չափով, նայած նրանց աճման ուժին, որովհետև հետագա տարիներին սովորաբար էտում են ավելի թույլ: Ճյուղերը պետք է էտել դրսի բողբոջի վրայից այնպես, որ վերևի կտրվածքը հավասար լինի բողբոջի ծայրին, իսկ ներքևի կտրվածքը՝ բողբոջի ստորին մասին:
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search