Արարատի մարզի Արմաշ համայնքի այգեգործ Հակոբ Զեյնալյանն այս գյուղատնտեսական տարվանից սպասելիքներ չունի: Ֆերմերն ապրուստը վաստակում է ծիրանի այգու միջոցով, բայց այս սեզոնին սրտի դողով է այգի մտնում: Սպասվող ծիրանի բերքն առատ չէ, անհանգստանում է, որ նույնիսկ կատարած ծախսերը հետ բերել չի կարողանա:
Ծիրանի ծաղկման շրջանում գարնանը տեղացած անձրևներն ու հետո նաև գրանցված ցածր ջերմաստիճանն ազդել են բերքատվության ցուցանիշների վրա:
Հակոբ Զեյնալյանի ծիրանի այգին բնական աղետներից 90 տոկոսով տուժել է: Ասում է՝ միայն իր այգում չէ այս վիճակը: Արմաշի՝ մոտ 500 հեկտար ծիրանի այգիներում, հարևան համայնքներում և մարզի գրեթե բոլոր շրջաններում ծիրանի բերքն այս տարի պակաս կլինի: Հիմա բոլոր այգեգործներին մեկ հարց է մտահոգում՝ ինչպե՞ս են ներդրած գումարները հետ բերելու: Արմաշցի այս ֆերմերը 2,5 հեկտար ծիրանի այգին մշակելու համար 1 մլն դրամ վարկ է վերցրել և սպասվող քիչ բերքի պատճառով խնդրի առաջ է կանգնելու:
«Վարկով գումար եմ վերցրել և այգու նախապատրաստական աշխատանքների համար ծախսել՝ բուժանյութ եմ գնել, բանվորին եմ գումար վճարել և այլն: Եթե կարողանամ միայն կատարած ծախսերը փակել, շատ շնորհակալ կլինեմ»,- Ագրոպրեսի-ի հետ զրույցում ասաց այգեգործը:
Արթուր Այվազյան
Հրաչ Բերբերյան
Արմավիրում ծիրանը քիչ կլինի
Նույն պատկերն է նաև հարևան Արմավիրի մարզում. այստեղ ևս սպասվող ծիրանի բերքն առատ չի լինի:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի տեղեկացմամբ՝ գարնանը գրանցված ցրտահարությունից ծիրանենին տուժել է:
Մարզում մոտ 5000 հեկտար ծիրանի այգի կա, որից 3800-ը՝ բերքատու, բայց այսքանն էլ բերքի բարձր ցուցանիշ չեն ապահովի:
«Անցյալ տարի ևս ծիրանենու բերքը պակաս էր, այս տարի հնարավոր է, որ նախորդ տարվանից էլ պակաս ծիրանի բերք ստանանք: Ցուցանիշը 50 տոկոսով նվազ կլինի»,- մանրամասնեց մարզպետարանի ներկայացուցիչը:
Արմավիրի մարզում միայն ծիրանը պակաս չի լինի, սալորն էլ քիչ կլինի:
Արմավիրի մարզի գլխավոր գյուղատնտեսը, սակայն, վստահեցրեց, որ փոխարենն առատ դեղձ կունենանք: Խաղողի բերքի միայն գինու պատրաստման տեսակներն են լավ պտղավորվել:
Անցյալ տարի ևս ծիրանենու բերքը պակաս էր, այս տարի հնարավոր է, որ նախորդ տարվանից էլ պակաս ծիրանի բերք ստանանք: Ցուցանիշը 50 տոկոսով նվազ կլինի
«Դեգրես»՝ գյուղատնտեսությունում
Հայաստանում այս տարի ծիրանի միջին բերք է սպասվում: Իր հերթին արձանագրեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա դեռ հստակ հաշվարկները չունի, թե ինչքան ծիրան կլինի, բայց պնդում է, որ նախորդ տարվանից այն քիչ է:
Իսկ պատճառները, ըստ փորձագետի, մի քանիսն են:
«Այս սեզոնին այգիների փոշոտումը լավ չի կատարվել: Վերջին մի քանի տարվա ընթացքոմ փոշոտման հետ կապված խնդիրներ են առաջանում մեղուների քանակի նվազման հետևանքով: Մեղուներն անկում են ապրում, որն իր հետևանքներն է թողնում նաև փոշոտման վրա: Բացի այս, գարնանը պտուղը նաև ցրտահարվել է»,- նկատեց նա:
Վերջին տասնօրյակում կարկուտը չշրջանցեց Արարատյան դաշտը: Հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել պտղատուներին: Այգեգործները Բերբերյանին հայտնել են, որ ծիրանենու բերքը վնասվել է: Ըստ նրանց՝ կան հատվածներ, որտեղ վնասի չափը 50 տոկոսի է հասնում:
«Կարկտահարության հետևանքով բերքն ապրանքային տեսքը կորցրել է՝ արտահանման համար պիտանի չի լինի»,- հավելեց նա:
Ագրարագյուղացիական միավորման նախագահի կարծիքով՝ վերջին երեք տարվա ընթացում գյուղատնտեսությունն անկում՝ «դեգրես» է ապրել: Նրա դիտարկմամբ՝ ծիրանի այգիները ևս կրճատվել են:
Ի դեպ, հանրապետությունում սպասվող ծիրանի բերքի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ նաև Էկոնոմիկայի նախարարությունից: Գերատեսչությունից փոխանցեցին, որ հարցին կարող են պատասխանել միայն գրավոր և համապատասխան հարցում պահանջեցին:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան