Գյուղատնտեսություն

Ցորենը եկամտաբեր կուլտուրա չէ

Ցանքսն ուշանում է

Աշնանացան ցորենի ցանքսի աշխատանքները Շիրակի մարզում ուշացումով են սկսում: Նախորդ տարի սեպտեմբերի կեսերից արդեն մարզի բնակիչները ցորենը հողին պահ էին տվել, հիմա դեռ նոր են նախապատրաստական աշխատանքները կատարում: Պատճառն ամենևին էլ գյուղացու մեղքով չէ. եղանակային պայմաններն են ֆերմերների գործը հետ գցել:

Երաշտի հետևանքով հողը չոր է, իսկ ջրամբարներն էլ՝ դատարկ. հողագործը ռիսկ չի անում տեխնիկան դաշտ մտցնել, բայց վերջին օրերի անձրևներն աշխուժացրել են գյուղատնտեսական աշխատանքները. ցորենի ցանքսն սկսել են:

Մարզի Ազատան համայնքում յուրաքանչյուր տարի 800 հեկտար աշնանացան է արվում: Ֆերմերները, սակայն, չեն խոստանում, որ նախորդ տարվա տվյալները կապահովվեն: Այս հարցում պետության մատն է խառը:

Նախորդ տարի գյուղացիները ոգևորվեցին ցորենի արտադրությունը խթանող պետական աջակցության պիլոտային ծրագրից, բայց այսօր հիասթափվել են: Բանն այն է, որ Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող աշնանացան ցորենի էլիտա 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գինը պետությունը մասնակիորեն սուբսիդավորում էր:

Մեկ կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում էր 70 դրամ, ինչը հնարավորություն էր տալիս տնտեսվարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայականից առավել ցածր գնով։

Ցորենի էլիտար տեսակի սերմացուի մեկ կիլոգրամի արժեքը 180-200 դրամ էր, սուբսիդավորման դեպքում մոտ 150 դրամն էր ֆերմերը տալիս: Առաջին վերարտադրության ցորենի մեկ կիլոգրամի գինը 150-160 դրամ էր:

Այս տարի կառավարությունը, սակայն, փոխել է սուբսիդավորման չափը: Սուբսիդավորման 40 տոկոսի փոխարեն այս սեզոնին 30 տոկոսի չափով են գյուղացուն օգնում սերմնացու ձեռք բերելու հարցում: Արդյունքում ցորենի էլիտար սերմնացուի արժեքը թանկացել է 20 դրամով, որը, ինչպես պնդում է Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, ազդելու է ցանքատարածությունների ծավալի վրա:

«Պաշտոնապես երաշտային տարի չհայտարարեցին: Եթե երաշտային տարի հայտարարեին, պետք է փոխհատուցում տրամադրեին գյուղացիներին, թերևս, այս պատճառով չարեցին: Սերմնացուի ռեսուրսը համայնքում շատ քիչ է, որովհետև դաշտերը չոռոգվեցին սակավաջրության հետևանքով: Փոխանակ այս երաշտ տարում ժողովրդի կողքին կանգնեին, հակառակն արեցին՝ սերմը թանկացրին: Նախկինում Գյումրու սելեկցիոն կայանում ունեինք սերմեր, հիմա չկա: Սորտերի սելեկցիա չի արվում»,- Ագրոպրեսի հետ զրույցում նկատեց մեր զրուցակիցը:

Վարդան Իկիլիկյանի կանխատեսմամբ՝ ցորենի սերմի, ինչպես նաև ոռոգման ջրի պատճառով աշնանացան ցորեն քիչ կցանեն: Գարնանը ցորենի փոխարեն արտերում գարին կկանաչի:

Չնայած այս պնդումներին՝ պաշտոնական տվյալներն այլ ցուցանիշներ են վկայակոչում:

Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Նալբանդյանի փոխանցմամբ՝ մարզում տարեկան 14.000-15.000 հեկտար ցորեն է մշակվում: Անցյալ տարի 14945 հեկտար աշնանացան է կատարվել: Հոկտեմբերի մեկի դրությամբ Շիրակում 8300 հեկտար աշնանացան ցանքս է արվել: Ասում է՝ ցանքսը ընթացքի մեջ է, այնպես որ կկարողանան պլանավորած ցուցանիշը լրացնել, իսկ նախնական տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ՝ ցանքատարածությունների աճ են գրանցել:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են։ 2020 թվականին 2015-ի համեմատ ցանքատարածությունները նվազել են շուրջ 44,1 տոկոսով, բերքատվության մակարդակը՝ 42 տոկոսով, որի արդյունքում էլ համախառն բերքը 68,7 տոկոսով նվազել է` կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա:

Նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5 տոկոս՝ 2014 թվականի 48,7 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250-ից 330 հազար տոննա ցորեն։

Գյուղացիները մտահոգված են

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում արդեն ավարտվել են աշնանացանի աշխատանքները:

Ծաղկաշեն համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը փաստում է, որ անցյալ տարվա համեմատ այս աշնանը մոտ 10 հեկտար ավել են ցորեն մշակել:

Թեև տարիներ շարունակ այստեղ ֆերմերները դժգոհում էին, որ չեն կարողանում ցորենի էլիտար սերմացու գնել, բայց եղած հնարավորությունից էլ չեն օգտվում:

«Հայտարարություն տվեցի, որ կարող են պետության կողմից սուբսիդավորված սերմնացուն գնել, չուզեցին: Ասում են՝ թանկ է, նույն գնով կարող ենք նաև շուկայից գնել և այդպես էլ արեցին: Սուբսիդավորված էլիտար սերմ ձեռք բերելու համար թղթաբանություն պետք է ներկայացնեն, դա էլ լրացուցիչ գլխացավանք է ֆերմերի համար, և նախընտրում են շուկայից գնել»,- նշեց նա:

Ցանելը ցանել են, բայց սրտները կախ էմտավախություն ունեն, որ տեղումների քանակի սակավության հետևանքով ցորենի աճն ու զարգացումը դանդաղ է ընթանալու:

«Ցորենը ցանել ենք, բայց չգիտենք՝ բերք կստանա՞նք, թե՞ ոչ: Ցորեն ցանելով չեն կարողանում եկամուտ ստանալ: Դա եկամտաբեր կուլտուրա չէ միայն ծախս ես անում: Հողն անմշակ չթողնելու պատճառով ցորեն ենք ցանել: Ինչքան էլ ցորեն ցանենք, մեր երկիրն ինքնաբավ չի կարող դառնալ»,- շեշտեց Կարապետյանը:

Ըստվիճակագրության՝տարեկան 250.000 տոննայիցավելցորենենքներմուծում:


Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search