Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողների ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարի ժամկետով: Հայաստանում ոռոգման ջրի խնդրի, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման հարցերի շուրջ Ագրոպրեսը զրույցել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղացիական տնտեսություններին դարձյալ կոչ արեց անցնել կաթիլային ոռոգման համակարգին, իսկ պետությունն իր կողմից կփոխհատուցի ոռոգման ջրի վարձավճարները 5 տարի ժամկետով: Այս միջոցը կխրախուսի՞ համակարգի ներդրմանը:
-Ամեն անգամ խոսում են կաթիլային համակարգի ներդրման մասին, բայց համակարգային ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվում: Տարին սակավաջուր էր, և երաշտային, ոռոգման ջրի կառավարման լուրջ խնդիր կար, և այդ ֆոնին անընդհատ սկսում են թմբկահարել կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը: Բայց մինչև այգիներում և բանջարանոցներում կաթիլային ոռոգման համակարգ ներդրվի, պետք է ոռոգման համակարգի գլխավոր ցանցերը՝ մագիստրալ գծերը, կարգի բերվեն: Ջրի ամենամեծ կորուստները հենց մագիստրալ գծերի անմխիթար վիճակով են պայմանավորված: Այդ ցանցերում ջրի 80 տոկոս կորուստ է գրանցվում, դաշտում ջրի կորուստն այդքան մեծ չէ, շատ, թե քիչ, բայց գյուղացիական տնտեսությունները կարողանում են ոռոգման ջուրը ճիշտ օգտագործել: Եթե հիմնական ոռոգման ցանցը հին է, և ջրի կորուստ է արձանագրվում, ի՞նչ իմաստ ունի կաթիլային ոռոգման համակարգ անցկացնելը: Բացի այս, ոռոգման համակարգի ներդրման համար պետք է այլ խնդիրներ ևս կարգավորել: Պետք է ջրամբարներ լինեն, որպեսզի ջուրը կուտակվի, հետո այն ֆիլտրերով մաքրվի, նոր միայն ոռոգման տարածք մղվի: Կաթիլային ոռոգման գաղափարը կայանում է նրանում, որ հողատարածքի թեք մասերում, որտեղ հնարավոր չէ մակերեսային ոռոգում իրականացնել, անցկացնեն կաթիլային: Երբ ոռոգման ջրի մագիստրալ համակարգերը պետությունը կառավարի և ջրի կորուստները նվազեցնի, ինչպես նաև ոռոգման ջրի սակագինն էժանացնի, այդ ժամանակ էլ կարող են խոսել կաթիլային ոռոգման համակարգի ապագայի մասին:
-Նշեցիք, որ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքների հարցերը լուծել, այդուհանդերձ, հնարավո՞ր է 5 տարում ավանդական ոռոգումից անցում կատարել ժամանակակից համակարգի:
-Նախ՝ թող պետությունը մագիստրալների և ոռոգման ջրի սակագնի հարցը լուծի, մնացած հարցերը հողօգտագործողները կլուծեն: Եթե ոռոգման ջուր չկա, կաթիլային համակարգի դեպքում ջուրը որտեղի՞ց է գալու: Էլի կուժնուկուլան բերելու են, գյուղացու գլխին ջարդեն:
-2017 թվականին, երբ գյուղատնտեսության փոխնախարար էիք, կաթիլային ոռոգման համակարգի պիլոտային ծրագիրը ներդրվեց, և պետությունն էլ սուբսիդավորված վարկեր էր տրամադրում գյուղացիական տնտեսություններին: Հաջողությո՞ւն ունեցավ ծրագիրը, քանի որ շատ ֆերմերներ կաթիլային ոռոգում չէին անցկացնում՝ պատճառաբանելով, որ այն թանկ է:
-Դա պիլոտային, փորձարարական ծրագիր էր, պետք էր այդ ծրագիրն արվեր, հետո պետք էր արդյունավետությունը որոշվեր: Եթե հասկանայինք, որ ծրագիրն արդյունավետ է, այդ ժամանակ էլ այն կյանքի կկոչվեր: Ընթացքում, սակայն, պարզվեց, որ բազմաթիվ խնդիրներ կան, հընթացս այն ցանկանում էինք լուծել, որպեսզի 2018 թվականին ծրագիրն սկսվեր կիրառավել: Ցավոք, կաթիլային ոռոգման համակարգի արդյունավետության ուսումնասիրություն չարվեց: Արդեն 3 տարի է՝ այս ծրագրերը նոր իշխանությունները շրջանառում են, բայց պաշտոնական վերլուծությունն այդպես էլ չկա: Կրկնում եմ՝ թող մագիստրալի խնդիրները լուծեն, մնացածը գյուղացիները կանեն: Կաթիլային ոռոգման համակարգը ջուր խնայող ծրագիր է: Թիվ մեկ խնդիրը պետք է լինի ջրի կորուստների կարգավորումը, օգտագործումն ու խնայումը: Այս խնդիրները պետք է լուծվեն, գտնեն այն կետերը, որոնք բերում են ջրի կորստին: Սա գյուղատնտեսության մեջ ամենակարևոր խնդիրներից մեկն է, որին պետք չէ մակերեսային լուծում տալ՝ «գալչկա» դնելու համար: Լուծված չէ իրացման հարցը, գյուղատնտեսության ոլորտում նյութատեխնիկական հարցերն են դեռ բաց մնում:
-Պարո՛ն Հարությունյան, այս տարի ոռոգման ջրի խնդիր կար, գյուղացին ճանապարհ էր փակում՝ պահանջելով ջուր: Իսկ պետությունն առաջարկում է ոռոգման ավանդական համակարգից հրաժարվել և անցում կատարել կաթիլայինի: Համարժե՞ք լուծում է պետությունն առաջարկում:
-Գյուղացին ասում է՝ ջուրը քչություն է անում, պատճառը երկուսն է. տարին երաշտային էր, բայց մյուս կողմից էլ կառավարման խնդիր կար: Գյուղացուն ջուր պետք է տալ այն ժամանակ, երբ բույսին է անհրաժեշտ, ոչ թե այն ժամանակ, երբ կարողանում են առուներով ջուր բերել: Երբ ջրի 80 տոկոսի կորուստը նվազեցվի, այդ ժամանակ էլ ջուր կհասնի գյուղացուն, և սեզոնին խնդիր չի լինի: Իսկ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, կաթիլային ոռուգում կանցկացվի: Լավ, անցանք ջրախնայման ռեժիմի, իսկ մեր ավանդական խաղողի այգիները, ծիրանի այգիները, բազմամյա տնկարանային տարածքներն ի՞նչ են լինելու: Ստացվում է, որ մեկը ծրագիր է ներկայացնում, իսկ մյուսը մասնագիտական քննադատություն չի անում: Նշեմ, որ բացակայում են նաև հմուտ մասնագետները, որոնք կարող են ճիշտ խորհուրդներ տալ:
-Խոսվում է նաև անձրևացման համակարգի ներդրման մասին: Տեղյակ եմ, որ այն մեր երկրում որոշ տեղերում կիրառվում է: Որքանո՞վ է մեր երկրում կիրառելի ոռոգման այս այլընտրանքային տարբերակը:
-Անձրևացման համակարգը ոռոգման ամենալավ եղանակներից մեկն է: Մենք ունենք դաշտեր, որտեղ մշակվում են հացահատիկային մշակաբույսեր, և կիրառվում է անձրևացման համակարգը: Արդյունքն արտակարգ է: Ժամանակին տնտեսություններում գործել են անձրևացման համակարգ, որը լավ արդյունք է տվել: Այստեղ ևս ճիշտ կառավարում է անհրաժեշտ, որպեսզի համակարգը գործի: Նկատեմ, որ այսօր ծրագրեր են ներկայացվում, որոնք չեն անցել փորձագիտական եզրակացություններ, պարզապես գործում է «քոփի-փեսթի» տարբերակը: Սխալ կառավարման արդյունք է նաև, որ խաղողի մթերումը նորմալ չկազմակեպվեց: Բերքը մնաց վազին՝ կորցնելով քաշը: Գյուղացին տեսնում է, որ բերքը փչանում է, ներդրումները կորցնում է: Իմ կարծիքով՝ դրանից ավել վատություն պետությունը չէր կարող անել գյուղացուն:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան