Բերքը քիչ է, գինն էլ՝ բարձր
Վերջին շրջանում շուկայում սպառողին զարմացնում է ծաղկակաղամբի գինը: Այս սեզոնի պահանջված բանջարեղեններից մեկի՝ ծաղկակաղամբի արժեքը գրեթե աստղաբաշխական է: Գյուղմթերքի Հովտաշատի շուկայում ծաղկակաղամբի մեկ կիլոգրամի մեծածախ արժեքը 500 դրամ է կազմում:
Սպառողները դժգոհում են բանջարեղենի արժեքից: Քաղաքացիներից Մարինե Իվանյանը բողոքում է, որ բարձր գնի պատճառով ծաղկակաղամբ չի կարողացել ձեռք բերել:
«Ամեն տարի ավելի ցածր գնով եմ ծաղկակաղամբ գնում, հիմա բարձր գին ունի: Շուկայում գյուղմթերքի ցանկացած տեսակ թանկ է, բայց ծաղակաղամբի գինն աննախադեպ է»,- սրտնեղեց կինը:
Մինչև սպառողը բողոքում է, բանջարեղենի արտադրությամբ զբաղվող, Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակիչ Արմեն Սարգսյանը ծաղկակաղամբի բարձր գնի պատճառներն է հիմնավորում:
Նրա խոսքով՝ այս տարի գյուղացիները քիչ են ծաղկակաղամբ ցանել, հետևաբար, գինն էլ բարձր է: Գյուղացին ասում է, որ կախված որակից՝ բերքի կիլոգրամը 200-400 դրամով անմիջապես դաշտից վերավաճառողին են տալիս, իսկ նրանց թեթև ձեռքով այն շուկայում ավելի թանկ է վաճառվում:
Այս տարի Հովտամեջի վարելահողերի 7 հեկտարը ծաղկակաղամբի ցանքատարածություններն են զբաղեցնում: Անցյալ տարի ավելի շատ են ցանել, բայց բերքը չի վաճառվել: Որպեսզի այս տարի էլ նախորդի պես ծաղկակաղամբը դաշտում չմնար, գյուղացիները կրճատել են ցանքի ծավալները:
«Անցյալ տարի շատ էին մշակել, կիլոգրամը 30-60 դրամ էին վաճառում: Բերքը նույնիսկ ցածր գնով չվաճառվեց, և թափեցին: Նախորդ տարվա փորձն աչքի առաջ ունենալով՝ այս սեզոնին քիչ ցանեցին: Ծախսատար մշակաբույս է, գյուղացիները մայիսին ցանում են և մինչև աշուն այն մշակում: Այդ ընթացքում ծախս են անում վրան»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց նա:
Գյուղացին մեկ հեկտար ծաղկակաղամբ աճեցնելու համար 700 000-800 000 դրամ գումար է ծախսում: Հովտամեջի բնակիչն ընդգծում է, որ բանջարեղենի գրեթե բոլոր տեսակի դեպքում ոչ միայն ներդրած գումարներն են հետ բերել, այլ շահույթ են ստացել:
«Կարտոֆիլը գարնանը ցուրտը տարել էր, բերքը քիչ էր, թանկ ենք ծախել: Մարդ կար 2020 թվականին 3000 մետր ծաղկակաղամբ էր մշակել, այս տարի՝ 1000, բայց 3000 մետրի չափ եկամուտ է ստացել»,- ներկայացրեց հողի մշակը:
Կաղամբը նույնպես ծաղկակաղամբի ճակատագրին է արժանացել
Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Վիկտոր Համբարձումյանը հակառակն է փաստում: Նա, թեև հստակ հաշվարկներ չունի, բայց պնդում է, որ իրենց և հարևան համայնքներում մեծ քանակությամբ ծաղկակաղամբ են աճեցրել:
Նշավանցի ֆերմերը մեկնաբանում է, որ բերքն ուշ է հասունացել, բերքահավաքը համընկել է պահանջարկի ժամանակաշրջանի հետ, ինչն էլ ազդել է գնագոյացման վրա:
Վիկտոր Համբարձումյանը մեկ հանգամանքը է մեջբերում, որն ըստ նրա, ևս անդրադարձել է ծաղկակաղամբի մշակության վրա: Պատմում է, որ նախորդ տարի սեզոնի վերջին հատընտիր ծաղկակաղամբը բարձր գնով արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Ֆերմերներն էլ, այս ամենը հաշվի առնելով, ծաղկակաղամբի ցանքսն ուշ են սկսել: Բայց այստեղ էլ այլ խնդիր է առաջացել:
«Ջերմաստիճանը նվազեց: Եղանակով պայմանավորված՝ բերքը լավ չաճեց: Եթե մի քիչ տաք եղանակ լինի, ամբողջ ձմեռ ծաղկակաղամբ կվաճառվի»,- ցավով արձանագրեց մեր զրուցակիցը:
Նշավանցու 1000 մետր հողատարածքի մի մասն էլ կաղամբն է զբաղեցնում, այն ևս բարձր գին ունի: Այս մշակաբույսի դեպքում գյուղացին փաստում է, որ քիչ են ցանել, դրա համար էլ կաղամբի կիլոգրամը 200 դրամով է սպառվում:
Հողագործի խոսքով՝ հաջորդ սեզոնին շուկան կփոխվի: Բարձր գներով ոգևորված՝ գյուղացիները գարնանը շատ կաղամբ ու ծաղկակաղամբ կաճեցնեն, շուկայում լճացում կառաջանա, գինն էլ կնվազի: Նրա դիտարկմամբ՝ իրավիճակն այսպես այնքան կշարունակվի, քանի դեռ գյուղացին պլանավորված գյուղատնեսությամբ չի զբաղվում:
Մինչ այդ, գնաճը ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ հունվար-սեպտեմբերի կտրվածքով հասել է 8.9 տոկոսի:
Բանջարեղենի շուկայում ևս գնաճ է եղել, նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի թանկացել է կաղամբը: Վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլը մեկ տարվա համեմատ թանկացել է 66.7, լոլիկը՝ 60, վարունգը՝ 54, կանաչ լոբին՝ 59,5, կանաչ սոխը՝ 70, իսկ կաղամբը՝ 68 տոկոսով։
Կարկուտը սրբել- տարել է
Արտադրողները շեշտում են, որ կաղամբի գինը բարձրացել է արտադրության ծավալների կրճատման պատճառով:
Լոռու մարզի Ջրաշեն համայնքը հայտնի է կաղամբով: Բնակիչները, սակայն, դժգոհ են բերքից: 100 հեկտար կաղամբի դաշտերը կարկուտը 50 տոկոսով գետնին է հավասարեցրել: Ջրաշենից խոպան քչերն են գնացել, համայնքում մնացած տղամարդիկ գյուղատնտեսական վարկ են վերցրել և հող մշակել, բայց եղանակը նրանց կոտրած տաշտակի առաջ է կանգնեցրել:
«Լավ սեզոնին կարկուտը բերքը ջարդեց, չկարողացանք նորից սածիլ դնել, հետո չորային էր: Կաղամբ մշակելը ձեռնտու է: Եթե կարկուտ չգար, մարդիկ կարող էին եկամուտ ստանալ և վարկերը մարել: Հեկտարից կարող ես 50- 60 տոննա բերք ստանալ, ծախս քիչ է պահանջվում: Սեզոնին մի երկու անգամ ես միայն պարարտանյութ տալիս»,- նշեց ջրաշենցի Վանիկ Ուռուսյանը:
Ի դեպ, մասնագետները գնաճի բարձր մակարդակը ներքին ու արտաքին գործոններով են պայմանավորում։ Գյուղմթերքի բարձր գինը կապում են եղանակային ոչ բարենպաստ պայմաններով։ Կարևոր գործոն են համարում նաև 44–օրյա պատերազմի հետևանքով հողատարածքների կրճատումը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան