Գյուղատնտեսություն

Այգեգործությունը գրավիչ չէ

Խնձորը շատություն է արել

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի բնակիչ Գևորգ Սահակյանն ընտանիքը պահում է խնձորի այգուց ստացած եկամուտով: Այս տարի թեև եղանակային պայմանները բարենպաստ են եղել այգեգործության համար, բայց բերքատվությունից գոհ չէ, եղած արտադրանքն էլ իրացման խնդիր ունի:

Շուրջ 8 հեկտար այգուց 70 տոննա խնձոր է հավաքել, բայց դեռ մեկ արկղ չի վաճառել:

Ասում է՝ այս տարի հանրապետությունում խնձորի բերքն առատ է և շուկայում լճացում է առաջացել:

 Հատընտիր խնձորներն այգեգործները մեկ կիլոգրամը 200 դրամով են վաճառում, միջին մեծությանը 130, իսկ մանրերի մեկ արկղը, որը 25 կգ է կշռում 1300 դրամ արժե:

Այս տարի արտահանման ուղղությամբ էլ առաջվանը չէ. արտահանողերն ընդունման գինը կրկնակի նվազեցրել են, նախկին 200-300 դրամի փոխարեն 100- 120-ով են տանում:

«Նախորդ տարի խնձորի կիլոգրամը 400-500 դրամով արտահանվում էր: Այս սեզոնին արտահանման գինը ցածր է, որովհետև արտահանման մրցակցություն չկա: Արտահանողների քանակը քիչ է, եթե նրանք շատ լինեին, գինը հնարավոր է ավելի բարձր լիներ, երկու ֆուռ է միայն գալիս: «Մանթրաշ» վիճակում ենք»,- Ագրոպրեսի հետ զրույցում մատնանշեց Նոր Գեղիի բնակիչը:

Նա անգամ սեփական միջոցներով է Գոլդեն և Այդորիդ տեսակի խնձորը Մոսկվա վաճառքի տարել, բայց այստեղ էլ է խնդիրների բախվել և հիասթափվել:

«Մոսկվայում ճնշումների ես ենթարկվում, շուկան ադրբեջանցիների ձեռքին է, ստիպում են, որ էժան վաճառես, այդ դեպքում չես կարողանում ծախսերը հանել: Էժան էլ չտաս, չի ծախվում»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

20 տարուց ավել է՝ Գևորգ Սահակյանն այս գործին է: Եթե տարիներ առաջ խնձորի վաճառքից գոյացած գումարով կարողանում էր մեկ տարվա ապրուստը կուտակել, վերջին 2-3 տարվա ընթացքում նույնը չի կարող ասել, անգամ վարկի տոկոսները չի կարողանում մարել: Նկատում է՝ իր բիզնեսում ամեն բան փոխվեց, երբ նորարար այգիներն ավելացան:

«Ամենուրեք ինտենսիվ այգիներ են դրել, և խնձորի բերքն ավելացել է: Տավուշում, Գյումրիիում էլ են այգիներ տնկել, ժայռեր մեջ ինտենսիվ այգի են աճեցնում»,-նշեց նա:

Խնձորի մշակությամբ զբաղվող գյուղացու պնդմամբ՝ այգեգործությունն այլևս գրավիչ չէ, սառնարանային տնտեսություն պահելը միայն լրացուցիչ ծախսեր է առաջացնում:

«Խնձորի ինքնարժեքը 80 դրամ է կազմում: Բանվորին ենք գումար տալիս, բուժանյութ գնում, ոռոգման ջրի վարձ տալիս: Այս տարի եղանակը տաք է, հոսանքին շատ ենք գումար տալիս: Փետրվարից, երբ հոսանքը թանկացավ, այլևս ձեռնտու չի լինի սառնարան պահելը: Անցյալ տարի 80 000 դրամ եմ վճարել երեք սառնարանի օգտագործման համար, հիմա ՝ 160 000 արդեն մուծել եմ»,- ծախսերը թվարկեց նա:

Նորարար այգիներ

Նոր Գեղիի հողատարածքների մոտ 600 հեկտարը խնձորի այգիներն են զբաղեցնում: 90 հեկտարը նորատունկ է՝ 3-5 տարվա ծառեր են: Հսկա խնձորենիների կողքին վերջին տարիներին ցածր տնկիներ են սկսել աճեցնել: Դրանք նոր տեխնոլոգիայով աճեցվող ինտենսիվ այգիներ են: Բերքը և՛ կարկուտից է պաշտպանվում, և՛ շատ է լինում:

«Մի շարք առավելություններ ունեն, որոնցից մեկը ջրի խնայողությունն է, ինչը շատ կարևոր է գյուղատնտեսության համար: Ինտենսիվ այգիների համար տնկվող ծառերը բերքատու են, ավելի շուտ են բերք տալիս»,- ներկայացրեց Նոր Գեղի համայնքի ղեկավարի տեղակալ Տարոն Բարսեղյանը:

Չնայած իրացման խնդիրներին՝ Նոր Գեղիի գյուղացիներըխնձորը պատրաստվումենբրենդդարձնել: Իսկ 3 տարի առաջ խնձորիարձանենտեղադրելգյուղի կենտրոնում:

Վստահեցնում են՝ խնձորը բրենդավորելու գործում առաջին քայլն արդեն արված է. արձանն այդ նպատակով են կանգնեցրել: 

Խնձորի բերքն առատ է հատկապես Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքներում: Կարբիի բնակիչները դժոգոհում են, որ խնձորի մեկ կիլոգրամը 70 դրամ են վաճառում, մի փոքր ավել արժեքով էլ դուրս է տարվում:

Տանող չկա

Օհանավանում 800 հեկտար այգուց 10 000 տոննա խնձոր են պահեստավորել: Այստեղ բնակիչների 70 տոկոսի սոցիալական խնդիրները լուծվում են այգեգործության միջոցով, սակայն, այսօր շատերը գոհ չեն: Հիմնական դժգոհությունն սպառման ցածր գներն են:

«Ամեն տարի նույն վիճակն է, մինչև մայիս վաճառում ենք, մարդիկ սառնարաններում պահում են: Գնորդ չա, մարդկանց գնողունակությունը նվազել է»,- հավելեց Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը:

Իրացումը «պապական» եղանակով

Բերքի իրացման հարցը շարունակում  է օրակարգային մնալ Վայոց Ձորում, Ազատեկ համայնքում ևս նույն իրավիճակն է:

Այստեղ 30 հեկտար խնձորենիների ճյուղերը բերքի առատությունից ճկվում էին:

Ազատեկցները խնձորը փչացնելու և աղբանոցները թափելու փոխարեն այն իրացնում են «պապական» եղանակով:

«Միայն վերավաճառողներն են գալիս ու բերքը տանում։ Բերքի մեծ մասը գյուղացիները փոխանակում են այլ ապրանքներով և հագուստով»,-փաստեց Ազատեկի բնակիչ Սիրակ Հովսեփյանը և ավելացրեց, որ մթերող ընկերությունները բերքի կիլոգրամը 25-30 դրամով են ընդունում:

Շատ դեպքերում գյուղացիները խնձորը որպես անասնակեր են օգտագործում:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և սպառման խնդիրը լուծելու համար, ըստ այգեգործների, պետությունը պետք է շուկաներ ստեղծի, ինչպես նաև միջնորդի, որ արտահանող ընկերությունների հետ պայմանագրերով աշխատեն:

Արձագանք՝  Վահան Քերոբյանից

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը թեև հայտարարում է Հայաստանից  գյուղմթերքի  արտահանման ռեկորդային  ծավալերի մասին,  բայց տեղյակ չէ, որ խնձորի իրացման  և արտահանման խնդիր կա:
 
Դիտարկմանը, թե  խոշոր գործարարներին պատկանող ինտեսիվ այգիների արտադրանքն արտահանվում է, գյուղացիներինը՝ ոչ, նախարարն արձագանքեց, որ այն հետևյալ պատճառն ունի.
«Ինտենսիվ գյուղատնտեսության մեջ հնարավոր է արտադրել ստանդարտ ապրանքներ։ Այսինքն,  մի չափի, մի որակի խնձոր, ինչը ավանդական գյուղատնտեսության մեջ բարդ է։ Բնականաբար, մեր ապրանքների իրացման համար նպատակային հանդիսացող երկրներում խոշոր առևտրային ցանցերը գնում են այն ապրանքները, որոնք համապատասխանում են իրենց պահանջներին»։

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search