Գյուղատնտեսություն

Քննարկվում է գյուղատնտեսության ապահովագրական ծրագրում այլ ռիսկի և մշակաբույսերի ընդգրկման հնարավորությունը

2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որը կրում է կամավոր բնույթ և կտևի մինչև 2023 թվականը:

Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ֆերմերներին սկզբնական փուլում կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50%-60% չափով սուբսիդավորում (կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից)։

Հանրապետության բոլոր մարզերի ֆերմերները կարող են իրենց մշակած կարտոֆիլը, ցորենը, գարին, վարսակը, սալորը, սեխն ու ձմերուկը, ինչպես նաև խաղողը, ծիրանը, դեղձն ապահովագրել գարնանային ցրտահարությունից, կարկտահարությունից և հրդեհից:

2021 թվականի գյուղատնտեսական ապահովագրության ծավալների վերաբերյալ Ագրոպրեսը մի քանի հարց է ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

-Եթե ամփոփենք 2021 թվականը, գյուղապահովագրության ծրագրի շրջանակում ֆերմերների հետ ինչքա՞ն պայմանագրեր են կնքվել:

-Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2021թ գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 4279 ապահովագրական պայմանագիր, և կնքված պայմանագրերի արդյունքում ապահովագրված այգիների և ցանքատարածությունների մակերեսը կազմել է 5832 հա։ 2021թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ապահովագրական հատուցումների քանակը կազմել է 1517 հատ, իսկ ապահովագրական հատուցման գումարը՝ 3191 մլն դրամ։

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկը և ծրագիրն ընդգրկող մարզերի շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով բոլոր մարզերը և ներառելով կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։

-Եթե համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, գյուղապահովագրության շահառուների թիվն ավելացե՞լ է, թե՞ ոչ:

-2021 թվականին՝ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համեմատ, շահառուների (ֆերմերների) հետ կնքված պայմանագրերի թիվն ավելացել է 2733-ով (մոտ 3 անգամ), ապահովագրված այգիների և ցանքատարածությունների մակերեսը՝ 3467 հա-ով (մոտ 25 անգամ), ավելացել են նաև ապահովագրական հատուցումների քանակը և տրամադրված փոխհատուցման գումարը։

-Գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը հաջողո՞ւմ է:

-Հաշվի առնելով վերոգրյալ արդյունքային ցուցանիշները և ծրագրի հանդեպ հետաքրքրվածության զգալի աճը՝ կարելի է նշել, որ ծրագիրը հաջողում է։

- Այժմ ծրագրի շրջանակում ապահովագրություն է կատարվում կարկուտ, հրդեհ և գարնանային ցրտահարության ռիսկերից։ Իսկ մշակաբույսերի թիվը հասել է 11-ի: Հնարավո՞ր է՝ այս տարի ռիսկերի ցանկը և ապահովագրվող մշակաբույսերի թիվն ավելանա:

- Ներկայումս քննարկվում է ծրագրում նոր ապահովագրական այլ պրոդուկտների (ռիսկ և մշակաբույսեր) ընդգրկման հնարավորությունը:

-Ծրագրվում է արդյո՞ք ապահովագրություն կատարել նաև անասնապահության ոլորտում:

-Ներկայումս շահագրգիռ մարմինների հետ իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ՝ հետագայում ապահովագրական հնարավոր նոր ստանդարտ պրոդուկտի (խոշոր եղջերավոր կենդանիներ, մասնավորապես՝ կովեր) մշակման նպատակով։

 

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search