Ահազանգ. սերմացու չկա, պարարտանյութի, վառելիքի գներն էլ նորանոր բարձունքներ են գրավում
Բարենպաստ եղանակային պայմանները թույլ են տալիս, որ Շիրակի ցածրադիր գոտիներում շուրջ 10 օրից սերմացուն հողին պահ տան, բայց հողագործները գլխիկոր են: Ասում են՝ բայցերը շատ են, և գարնանացանին ընդառաջ փակուղու առաջ են կանգնած:
Ախուրյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող 33 բնակավայրերի ֆերմերները հույս չունեն, որ կարող են շուտով հող մշակել: Նրանք ահազանգում են, որ սերմացու չկա:
Անցալ տարի երաշտ էր, ցորենի, գարու բերք չեն կարողացել ստանալ, ուստի սերմացուն պակաս է: Գյուղացիների 80 տոկոսն այժմ սերմի է սպասում:
Հույս ունեին, որ Կառավարությունը սերմացուն կսուբսիդավորի, բայց օրեր առաջ մարզ այցելած Էկոնոմիկայի նախարարը վատ լուր է տարել: Վահան Քերոբյանը հայտնել է, որ այս տարի գարնանացան սերմացուի սուբսիդավորում չի լինի:
Նախարարի տրամաբանությամբ գարնանացան սերմացուի աջակցությունը պետական միջոցների հաշվին չի լինելու, քանի որ սուբսիդավորման գործընթացն անարդյունավետ է, իսկ բերքատվությունն էլ՝ ցածր:
«Անցած տարվա գարնանացանի սուբսիդիայի տվյալները բավականին վատն են եղել՝ պայմանավորված հիմնականում բնակլիմայական պատճառներով, օրինակ՝ սակավաջրություն էր: Այս տարի էլ, ճիշտն ասած, հաշվի առնելով գլոբալ տաքացման տենդենցը՝ նման որոշում են ընդունել: Մենք գիտենք, որ չի կարելի ակնկալել ավելի լավ եղանակ, քան անցած տարի։ Հետևաբար, գարնանացանը որոշել ենք չշարունակել սուբսիդավորել, որովհետև արդյունքում գյուղացիները չէին ստանում այն արդյունքները, որի համար մենք սուբսիդավորումն անում էինք։ Մենք սուբսիդավորում էինք, գրավիչ պայմաններ էինք ստեղծում գյուղացիների համար, իրենք ցանքս են անում, և չի ստացվում այն արդյունքը, որին սպասում էինք»,-պարզաբանել է գերատեսչության ղեկավարը:
Շիրակի ֆերմերները Վահան Քերոբյանին արձագանքում են՝ սուբսիդավորման փոխարեն գոնե սերմացու ներկրեք:
«Դեռ խորհրդային տարիներին գյուղատնտեսությունը եղել է ուշադրության կենտրոնում, դոտացիա է ստացել, հիմա ինչո՞ւ են այդպես վարվում մեզ հետ: Ով ինչ ունի, ցանելու է, իսկ ով չհասցրեց, հողերը մնալու են: Ով սերմացու ունի ցորենի, գարու կիլոգրամը 300 դրամով են վաճառում: Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ասում էր՝ թող չցանեն, Թուրքիայից կբերենք: Միգուցե հիմա՞ էլ են ուզում գյուղմթերքը Թուրքիայից բերել, դրա համար մինչև հիմա սերմանացու չեն ներկրել»,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկլիկյանը:
Սերմացուն վերջին տարիներին իրենց տարածաշրջանում լուրջ խնդիր է դարձել: Գարնանացան ցորեն քիչ չեն ցանում:
«Նախկինում Գյումրու սելեկցիոն կայանում ունեինք սերմերը, հիմա չկա: Սորտերի սելեկցիա չի արվում: Գարնանացան ցորեն ուզում էինք ցանել, որովհետև արդեն գիտեք՝ պարենային անվտանգության խնդիր կա»,- նկատեց նա:
Գյուղատնտեսական տարվանից Վարդան Իկլիկյանի սպասելիքները լավատեսական չեն: Ազատան համայնքի օրինակն է մատնանշում: Մասնագիտությամբ գյուղատնտես համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Ազատան բնակավայրում 2700 հեկտար վարելահողից ամեն տարի 800-ի վրա գարնանացան են անում: Նրա կանխատեսմամբ՝ սերմացուի պակասի և պարարտանյութի թանկացման հետևանքով հազիվ 80 հեկտար հացահատիկ մշակեն:
Սերմացուի հետ միաժամանակ հողի մշակին հուզող երկրորդ հարցը պարարտանյութի գներն են:
Հողագործների խոքով՝ մինչ էկոնոմիկայի նախարարը մտածում է, թե որն է գյուղացուն աջակցության լավագույն տարբերակը, գարնանացանի նախաշեմին պարարտանյութի, վառելիքի գները նորանոր բարձունքներ են գրավում։
Մեկ պարկ ամոնիակային սելիտրան, որը դեռ անցյալ տարի վաճառվում էր 6000- 7500 դրամով, հիմա հասել է 25․000-ի: Իսկ կալիումական պարարտանյութը 7000-7500-ից դարձել է 15․000 դրամ:
Վարդան Իկլիկյանն արձանագրում է՝ առանց պարարտանյութի բանջարաբուծությամբ զբաղվել հնարավոր չէ: Ասում է՝ օրգանական պարարտանյութով հող մշակելն էլ հեշտ չէ:
«Անասնագլխաքանակը կրճատվել է: Ամեն հեկտարին մոտ 60 տոննա գոմաղբ է պետք, այդքան քանակություն չկա: Բացի դրանից՝ միայն օրգանական պարարտանյութ օգտագործելով չեն կարող բույս աճեցնել, ազոտական, հանքային պարարտանյութ էլ է պետք»,- շեշտում է գյուղատնտեսը:
Մինչև չապահովագրեն վարկ չեն ստանա
Գրեթե երեք անգամ բարձր գնով պարարտանյութ ձեռք բերելու համար ֆերմերը թակում է բանկի դուռը: Բանկն էլ վարկ տալու իր պայմանն է թելադրում: Մինչև գյուղացին սպասվող բերքը չապահովագրի ցրտից, կարկուտից և հրդեհից, բանկը նրան վարկ չի տա:
Ազատանցի կարտոֆիլագործ Գևորգ Աբրահամյանին բանկը հենց այս ձևով է մերժել: Ֆերմերը գյուղատնտեսական ապահովագրությունն անհրաժեշտություն է համարում, բայց թանկ հաճույքից օգտվել ի վիճակի չէ:
«Գյուղացուն շանտաժի են ենթարկում: Ասում են՝ ապահովագրություն արեք, որ 5 տոկոսանոց վարկ տանք, իսկ անտոկոս վարկերը միայն սահմանամերձ տարածքներում ապրող գյուղացիներին են տրամադրում: Մենք գումար չունենք, դժվար է մեկ միլիոն դրամ գտնելը, որ ապահովագրություն անենք: Ապահովագրությունն ունևոր գյուղացու համար է լավ»,- նշեց կարտոֆիլագործը:
Ժամանակին կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի, սերմացուի և վառելիքի գները։ Հիմա դա չկա։ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը չի կարծում, թե սուբսիդավորումը լավագույն լուծումն է: Կողմ է սուբսիդավորել ոչ թե ներմուծողին, այլ դոտացիա տալ արտադրողին։ Դա կխթանի շուկան և կմեծացնի մրցակցությունը։
«Սուբսիդավորումը մանկական խաղ է ցորեն, գարի ներկրողների համար: Այս գործընթացը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այդ կուլտուրաներից հայ մշակը եկամուտ չի ստանում, հեկտարից լավագույն դեպքում 300 դոլար շահույթ է ունենում, որով ընտանիք պահել դժվար է: Մեր հողակտորները քիչ են»,- հավելեց փորձագետը:
Անհանգստացած գյուղացիները հայտարարում են՝ եթե սերմացուի, պարարտանյութի հարցը չլուծվի, գյուղատնտեսությունը մոտ 40 տոկոս անկում է ունենալու, իսկ հանրապետությունում չմշակվող շուրջ 200 000 հեկտար հողն էլ կարող է կրկնապատկվել:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան