Գյուղատնտեսական ապահովագրության շրջանակն ընդլայնվել է
Փետրվարի 1-ից հանրապետության բոլոր մարզերում գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացն է սկսվել: Գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագիրը դեռ համարվում է փորձնական, ծրագրի ներդրման երկու տարիների ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ, արդյունքում փոփոխվում են ռիսկերի գնահատման սահմանաչափերը, ինչպես նաև՝ նոր մշակաբույսեր ապահովագրելու հնարավորությունները:
Գյուղատնտեսական ապահովագրության հարցերի շուրջ Ագրոպրեսը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանի հետ:
-Գյուղատնտեսական ապահովագրության շրջանակն ընդլայնվել է: Այս տարի գյուղացիներն արդեն կարող են 13 մշակաբույս ապահովագրել կարկուտից, հրդեհից ու գարնանային ցրտահարությունից: Ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ո՞ր պտուղներն են հայտնվել: Ինչո՞ւ են հենց այդ պտուղներն ընտրվել, և ո՞ր մարզերում են դրանք ապահովագրվելու:
- Այս տարի ապահովագրվող մշակաբույսերի թիվն ավելացել է, այդ ցանկում են կեռասն ու բալը: Ծրագրի շուրջ ուսումնասիրությունները կրում են մշտական բնույթ, և մշակաբույսերի ընտրությունն իրականացվում է մասնագիտական քննարկումների, խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող ուսումնասիրությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ֆերմերների առաջարկները։ Բալի և կեռասի ապահովագրությունն իրականացվում է կարկտահարություն ռիսկից ՀՀ բոլոր մարզերում, այս մշակաբույսերի մասով պայմանագրեր կնքելու վերջնաժամկետն է ապրիլի 25-ը։
-Առայժմ սեխն ու ձմերուկը կարող են ապահովագրել միայն Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերի ֆերմերները։ Հնարավո՞ր է՝ առաջիկայում այլ մարզերում ևս այն ներդրվի:
-Ապահովագրվող մշակաբույսերն ու մարզերն ընտրվում են՝ հաշվի առնելով պահանջարկն ու անհրաժեշտությունը։ Միաժամանակ հաշվի է առնվում, թե հատկապես որ մշակաբույսերն են համարվում ավանդական, և որոնք են առավել շատ մշակվում այս կամ այն մարզում։ Ծրագրում նախատեսվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ մենք անպայման կիրազեկենք հանրությանը։
-Մի խումբ գյուղացիներ առաջարկում են ապահովագրվող ռիսկերի ցանկում ներառել անձրևը, որոշ ջերմոցատերերն էլ առաջարկում են ապահովագրել քամու ռիսկը։ Ձեր օրակարգում ռիսկերի ցանկն ավելացնելու հարց կա՞:
-Տարեցտարի ոչ միայն ընդլայնվում է ապահովագրվող մշակաբույսերի ցանկը, այլև մեր մշտական ուշադրության կենտրոնում են ռիսկերը, որոնց շուրջ քննարկումները շարունակական բնույթ են կրում։
Միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում երաշտ /սակավաջրություն/ ռիսկի ապահովագրության պրոդուկտի մշակման ուղղությամբ։
-Հնարավո՞ր է՝ քննարկվի ապահովագրության փոփոխության սխեման, ապահովագրվի ոչ թե վնասը, այլ բերքը:
-Ծրագիրը մշտապես լավարկվում է, և գուցե հետագայում դիտարկվի նաև բերքի ապահովագրության հնարավորությունը։
-Ապահովագրության պայմանագրերի կնքման ցուցանիշները Ձեզ գոհացնո՞ւմ են: Եթե ամփոփենք 2021 թվականը, գյուղապահովագրության ծրագրի շրջանակում ֆերմերների հետ ինչքա՞ն պայմանագրեր են կնքվել:
-2020 թվականին վաճառվել է շուրջ 1500 ապահովագրական պայմանագիր, իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը շուրջ երեք անգամ ավելացել է, և վաճառվել է 4300 պայմանագիր։ 2,5 անգամ էլ ավելացել են ապահովագրված տարածքները։
-Շուտով գյուղատնտեսական սեզոնը կմեկնարկի, միչև երբ կարող են գյուղացիներն ապահովագրել բերքը, ժամկետները կնշեք:
-Ըստ ապահովագրվող մշակաբույսերի տեսակի և ռիսկերի պայմանագրերի՝ ժամկետները տարբեր են։ Որպես օրինակ կարող ենք նշել առաջիկա վերջնաժամկետները. ծիրանի, խաղողի, դեղձի դեպքում գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրելու համար վերջնաժամկետը փետրվարի 27–ն է, իսկ համակցված ռիսկերի դեպքում՝ փետրվարի 20-ը։
Եթե համակցված՝ երկու ռիսկից՝ կարկուտ և հրդեհ, ինչպես նաև գարնանային ցրտահարությունից են ապահովագրում, ապա հավելյալ ապահովագրավճարի 10 տոկոս զեղչ է սահմանվում, իսկ սուբսիդավորումը 60 տոկոս է կազմում։
Հարցազրուցը՝ Մանյա Պողոսյան