Հայաստանը ցորենով ինքնաբավ երկիր չէ։ Պաշտոնական տվյալներով՝ ցորենի արտադրության ցուցանիշը 30 տոկոսից էլ ցածր է՝ 26.4 տոկոս 2021 թ. տվյալներով (էկոնոմիկայի նախարարության օպերատիվ վերլուծություն)։ Նախկինում՝ Արցախյան վերջին պատերազմից առաջ, մենք հիմնականում ցորեն էինք ներկրում Արցախից և Ռուսաստանից։ Արցախից ներկրել չենք կարող, իսկ ռուսական կողմից որոշակի սահմանափակումներ կան՝ հասկանալի պատճառներով։ Ռուս-ուկրաինական պատերազմը շատ երկրների, այդ թվում և մեզ, պարենային ապահովության ռիսկերի առաջ է կանգնեցրել։ Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է։ Բայց ի՞նչ չափով և ինչպե ՞ս. հարցերի շուրջ Ագրոպրեսը զրուցել է գյուղատնտեսության նախկին նախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:
- Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ պետք է անի հիմա Հայաստանը պարենային ապահովության ռիսկերը՝ մասնավորապես ցորենի մասով, հնարավորինս նվազեցնելու նպատակով, մտահոգություններ կա՞ն:
- Ցորենի արտադրության հարցում մեր երկիրն ինքնաբավ չէ, և մեծապես կախված ենք ռուսաստանյան շուկայից: ՌԴ-ից ներկրումների շնորհիվ է, որ հաջողվում է երկրում հացի պահանջարկը բավարարել: Այս օրերին մտածել ելքեր գտնելու ուղղությամբ, կարծում եմ՝ այդքան էլ հեշտ չէ, քանի որ հիմա տեղում հնարավոր չէ ինչ-որ բան կազմակերպել:
Դա մեզ կհաջողվի աշնանացան ցորենի ցանքատարածությունների ընդարձակման շնորհիվ, բայց այս ուղղությամբ էլ որևէ դրական տեղաշարժեր չեմ նկատում, քանի որ սերմնացուի խնդիր կա, պարարտանյութերի, դիզելային վառելիքի և սպասարկումների գներն աննախադեպ թանկացել են: Այս ամենը բացարձակապես չեն մոտիվացնում հողագործներին, որպեսզի զբաղվեն հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ:
-Այս տարի գարնանացանը չսուբսիդավորվեց: Սա ի՞նչ հետևանքներ կունենա: Եվ գարնանացանի ցանքատարածությունները, Ձեր տվյալներով, ավելացե՞լ են, թե՞ պակասել, ինչպիսի՞ բերք կարող ենք ակնկալել:
-Գարնանացան ցորենի ցանքատարածություններն ընդհանրապես շատ ծավալներ չեն զբաղեցում՝ 1600 հեկտարից մինչ 2000: Տարիներ շարունակ սա է եղել մեր գարնանացան ցորենի ցանքատարածությունները: Չկա գարնանացան ցորենի մշակության ավանդույթ, դա, իհարկե, իր հիմնավորումն ունի, քանի որ աշնանացանը 30 տոկոսով ավել բերք է ապահովում, քան գարնանացանը: Կարևոր է գարնանացան գարու ցանքատարածությունների մշակությունը, որովհետև դա անասնակերի ապահովման հիմնական աղբյուրներից մեկն է, հատկապես թռչնաբուծության զարգացման համար: Շատ ճիշտ կլինի, որ եգիպտացորենի մշակության ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկվեն, քանի որ պահանջարկի 90 տոկոսը դրսից ենք ներկրում: Մեր երկրում եգիպտացորենի ցանքատարածություններն ընդամենը 3000 հեկտար են կազմում:
Ցանքերը պակասել են երկրի բոլոր մարզերում․ վերջին 4 տարում մոտ 2 անգամ՝ 108 հազար հա-ից հասնելով մոտ 60 հազարի։ Սրան զուգահեռ՝ տարեցտարի զգալիորեն նվազում է ցորենի ցանքերի բերքատվությունը․ 1 հա-ից ստացվող 32-33 տոննան իջել է մոտ 22 տոննայի։ Վիճակագրության համաձայն՝ երկրում ցորենի համախառն բերքը 2016-2020 թվականներին նվազել է մոտ երեք անգամ։ Փոխարենը նույն ժամանակահատվածում ներկրման ծավալն աճել է մոտ 40 տոկոսով՝ 280 հազար տոննայից հասնելով մոտ 350 հազարի։ Ներկրման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը։
Երկրում պարենային անվտանգությունն ապահովելու համար պետք է պաշարներ կուտակել, ցավոք, այսօր դա հնարավոր է միայն ներկրումների շնորհիվ, այլ ճանապարհ առաջիկա 1, 5 տարվա ընթացքում հնարավոր չէ:
-Դեռ կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ իշխանության ներկայացուցիչները կոչ էին անում գյուղացիներին հնարավորության սահմաններում ցորեն ցանել, հողն անմշակ չթողնել, գործնական քայլ իշխանությունն արե՞ց, թե՞ միայն կոչեր հնչեցին:
- Ամբողջ ցավը կայանում է նրանում, որ հաճախ գյուղացու փոխարեն խոսում են նրանք, ովքեր չեն պատկերացնում գյուղատնտեսությունը, չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հացահատիկեղեն մշակել: Բարի ցանկություններ հայտնելով որևէ բան չի փոխվում, ինչպես ասում են՝ հալվա ասելով բերանը չի քաղցրանում: Առաջին հերթին պետք է լուրջ ռազմավարություն մշակել, պետք է հասկանան, թե ի՞նչն է պատճառը, որ հող չի մշակցում, ո՞րն է խնդիրը, որ այն տարածաշրջաններում, որտեղ հացահատիկային մշակաբույսերն այլընտրանք չունեն, գյուղացին ցորեն չի ցանում: Պատճառները բազմաթիվ են: Առաջին պատճառներից մեկը ցորենի ցածր եկամտաբերությունն է. արտադրողականությունը ևս ցածր է, իսկ ծախսերը՝ շատ: Երկար տարիներ մենք հանրապետությունում չենք կարողանում ապահովել ցորենի միջին բերք:
Աշնանացան ցորենի միջին բերքը 22-23 ցենտներ է, որը ծիծաղելի ցուցանիշ է: Եթե մոտ 110 դրամով այն գյուղացուց գնեն, կոպիտ հաշվարկով՝ դա կարժենա մոտ 250 հազար դրամ։ Իսկ դրանից, փաստորեն, 180-200 հազար դրամը դրա ծախսն է անջրդի պայմաններում։ Հետևաբար, մոտ 50-70 հազար դրամի ակնկալիքով որևէ մեկը չի ցանկանա այդպիսի մշակաբույսերի մշակությամբ զբաղվել:
Կա նաև մեկ այլ խնդիր. հացահատիկ հավաքող տեխնիկայի մեծ մասը հնամաշ է՝ 40-50 տարվա, հունձի ժամանակ բերքի մինչև 30 տոկոս կորուստ է գրանցվում:
Վարելահողերի ավելի քան 50 տոկոսն անջրդի է: Կայուն ջրամատակարարում չկա, այս պայմաններում ի՞նչ բերքատվության բարձրացման մասին են խոսում: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք պետք է ուսումնասիրել և քայլեր ձեռնարկել:
Տեղից վերկացողն այսօր գյուղատնտեսության մասին է խոսում: Ովքեր իրենց մասնագիտության մեջ չեն հաջողել, քթները խոթում են գյուղատնտեսության մեջ և դարակազմիկ մտքեր արտահայտում:
-Ֆերմերները դժգոհում են, որ սերմացու չկա, իսկ եղածի դեպքում էլ թանկ է, ինչո՞ւ այս հարցը չեն լուծում:
- Որակյալ սերմնացուի խնդիր կա: Սերմնացուն գնային առումով պետք է մատչելի լինի, որ գյուղացին կարողանա այն ձեռք բերել: Իսկ դրա միակ ճանապարհը տեղական սերմնաբուծության ծրագրի զարգացումն է: 2000 թվականներին հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացման ծրագիր մշակեցինք: Մի քանի տարի ծրագիրն իրականացվեց, որից հետո մոռացության մատնվեց: 2018 թվականին կրկին ծրագիրը կյանքի կոչեցինք, բայց չգիտեմ՝ ում թեթև ձեռքով փակվեց: Անընդհատ պետությունը չի կարող դրսից ներկրումների համար սուբսիդավորում տալ, անիմաստ է: Մինչդեռ ծախսերի 10-20 տոկոսը ներդնելով սերմնաբուծության մեջ՝ կարող ենք լուրջ հաջողությունների հասնել: Կարճաժամկետ ծրագրերը պետք է փոխարինել երկարաժամկետով: Բոլոր հնարավորություններն ունենք, կարող ենք յուրաքանչյուր տարածաշրջանի պայմաններին համապատասխան ցորենի սորտեր աճեցնել:
-Այսինքն՝ եթե այս քայլերը կատարվեն, կարո՞ղ ենք ցորենի մշակության հարցով ինքնաբավ դառնալ:
-Ես այդքան էլ կողմնակից չեմ, որ բոլոր ոլորտներում հասնենք ինքնաբավության: Ցորենի մշակության հարցում միայն 22 տոկոս ինքնաբավություն ունենք: Խնդիր պետք է դնենք, թե այս ցուցանիշը բարձրացնելը մեզ որքանով ձեռնտու կլինի: Շրջաններ ունենք, որտեղ միայն ցորեն պետք է մշակենք, այդպես էլ պետք է անել: Պետությունը պետք է այդ շրջաններում համապատասխան ներդրումներ և ծրագրեր իրականացնի, որ գյուղացին ցորեն մշակի: Հիմա մենք դա չենք անում:
-Պարո՛ն Պետրոսյան, 2020 թվականին կառավարությունը մի քանի մարզերում ցորենի մշակությունը խթանող պիլոտայի ծրագիր սկսեց, արդյունք տվե՞ց:
-Դա մեկանգամյա ակցիա էր. ցորենի էլիտար տեսակի սերմնացուի մեկ կիլոգրամի արժեքը 200-220 դրամ էր, սուբսիդավորման դեպքում մոտ 150 դրամն էր ֆերմերը տալիս: Սերմնաբույծների համար երաշխավորված պայմաններ էին ստեղծում: 2018 թվականին նույնիսկ սահմանամերձ համայնքներում վարուցանքի համար ֆինանսական աջակցություն էինք ցույց տալիս 60 000 դրամի չափով: Ծրագրով բավականին մեծ աշխուժություն գրանցվեց: Այն հետո կասեցվեց:
- Հաշվի առնելով պարարտանյութերի, դիզվառելիքի թանկացումները՝ աշնանացանն ինչպե՞ս կարվի:
- Նախ պետք է հասկանալ՝ գյուղացին ինչու է օտարվում հողից, հասկանալ պատճառներն ու լուծումներ տալ: Կարող է՝ մի քիչ աշխուժություն լինի աշնանացան ցորեն ցանքսի ժամանակ՝ հաշվի առնելով պարենային խնդիրները: Բայց դա խնդրի լուծում չի լինելու: Կարճաժամկետ էֆեկտ է լինելու, հետո կմարի: Դրա համար լուրջ ծրագրեր են պետք:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան