Ինտենսիվ այգիներ հիմնելու պետական աջակցության ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Հատկապես այս տարի դիմողների թիվը կտրուկ ավելացել է:
Էկոնոմիկայի նախարարությունից Ագրոպրեսին փոխանցեցին, որ միայն այս տարվա առաջին կիսամյակում 900 հեկտար ինտենսիվ այգի կառուցելու հայտ է ստացվել:
Եթե 2018 թվականին 20 հեկտար ինտենսիվ այգի կառուցելու հայտ էր ներկայացվել, ապա 2021 թվականին՝ 1670 հեկտար:
Ինտենսիվ այգին ավանդականից տարբերվում է. փոքր ծառերը մշակվում են նոր տեխնոլոգիաներով, կաթիլային ոռոգմամբ, կամ փոքրիկ ջրամբար է հարկավոր։ Մոտ մեկ հեկտար տարածքում շուրջ 600 ծառ է նախատեսում տնկել։ Առաջին բերքն ինտենսիվ այգու պարագայում ստացվում է ծառատնկումից 5 տարի հետո։
1 հեկտար այգի հիմնելու համար ծախսը՝ կարկտապաշտպան ցանցով, միջինը կազմում է 29,8 մլն դրամ։ Պտղատու կամ հատապտղատու այգիների ստեղծման դեպքում կառավարությունը երկու բաղադրիչով է աջակցում՝ կա՛մ վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում է տալիս, կա՛մ մասնակի փոխհատուցում է կատարված ծախսերը։
Օրինակ՝ ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչից օգտված շահառուները փոխհատուցում ստանում են փաստացի կատարած ծախսերի հաշվարկներով՝ ներկայացնելով հիմնավորող փաստարկները:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ ծրագրի շրջանակներում փոխհատուցման բաղադրիչով 2022 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ 107 շահառուի 317,52 հա այգի և հատապտղանոց հիմնելու համար հատկացվել 1 888 111 446 դրամ փոխհատուցում:
2021 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա օգոստոսի 1-ը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչով ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում 25 շահառուի կողմից հիմնվել է շուրջ 1166 հա մակերսով սալորի, խաղողի, ծիրանի, կեռասի, նեկտարինի, դեղձի, խնձորի, նռան, նուշի, պիստակի ինտենսիվ այգիներ և ազնվամորու, մոշի, հապալասի հատապտղանոցներ, որոնց վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետության կողմից տրամադրվել է շուրջ 1,732 մլրդ դրամ գումար։
Ծրագրի փոխհատուցման բաղադրիչի շրջանակներում 2022 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ կնքվել է 93 պայմանագիր, 7 շահառուի կողմից հիմնվել է 18,773 հա այգի և հատապտղանոց, որոնց համար հատկացվել է 217 798 865 դրամ փոխհատուցում:
Նորարար այգիներ
Կոտայքի մարզի Նոր Գեղիի հողատարածքների մոտ 600 հեկտարը խնձորի այգիներն են զբաղեցնում, որից 90 հեկտարը նորատունկ է՝ 3-5 տարվա ծառեր են:
Հսկա խնձորենիների կողքին վերջին տարիներին ցածր տնկիներ են սկսել աճեցնել: Դրանք նոր տեխնոլոգիայով աճեցվող ինտենսիվ այգիներ են: Բերքը և՛ կարկուտից է պաշտպանվում, և՛ շատ է լինում:
Նոր Գեղիի այգետեր Միքայել Լազարյանը 2016 թվականին է պետական աջակցության ծրագրով 40 հեկտար խնձորի ինտենսիվ այգի հիմնել:
Լազարյանը երկար տարիներ է այգեգործությամբ զբաղվում: Ասում է՝ նոր տեխնոլոգիայով կառուցված այգին տարբերվում է ավանդականից, առավելությունները շատ-շատ են:
«Մի շարք առավելություններ ունեն, որոնցից մեկը ջրի խնայողությունն է, ինչը շատ կարևոր է գյուղատնտեսության համար: Ինտենսիվ այգիների համար տնկվող ծառերը բերքատու են, ավելի շուտ են բերք տալիս: Բերքի որակն էլ անհամեմատ լավն է»,- ներկայացրեց այգեգործը:
Առայժ եկամուտն է քիչ: Նա նշում է՝ եթե այգու տարածքն ավելի մեծացնի, շահույթն ավելի շատ կլինի:
Խնձորի մշակությամբ զբաղվող գյուղացու պնդմամբ՝ այգեգործությունը ծախսատար է:
«Խնձորի ինքնարժեքը 80 դրամ է կազմում: Բանվորին ենք գումար տալիս, բուժանյութ գնում, ոռոգման ջրի վարձ տալիս, իսկ այս տարի ամեն ինչն էլ թանկացել է»,- ծախսերը թվարկեց նա:
Ինչ է պետք այգեգործությունը զարգացնելու համար
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ հանրապետությունում այգեգործությունը զարգացնելու համար բավարար չեն միայն ֆինանսները, պետք է նաև օրենսդրական դաշտը բարելավվի: Նա նկատում է, որ ոչ մի իշխանության ժամանակ օրենսդրական դաշտի ստեղծման համար քայլեր չի արվել:
«Եթե նայում ենք հարևան հանրապետությունների փորձերը, այնտեղ այգեգործության համար հստակ պայմաններ են դրված: ՌԴ-ում այգեգործությունը զարգացնելու համար առաջին 5 տարիների ընթացքում բոլոր հարկերից ազատված են՝ սկսած հողի հարկից մինչև ոռոգման ջուր: Մի կողմից օրենսդրական դաշտը պետք է հստակ աշխատի, մյուս կողմից՝ ֆինանսական ռեսուրսները: Օրինակ՝ ծիրանի այգին բերք է տալիս 5 տարի անց, խաղողը՝ երրորդ տարում, այսինքն՝ 2-3 տարին այգեգործն ուղղակի ներդրումների միջոցով աճեցնում է տնկիները, և այստեղ ոչ մի շահույթի մասին խոսք լինել չի կարող: Օրենքով պետք է պայմաններ ստեղծեն, որ գյուղացին շահագրգռված լինի այգի ստեղծելու համար»,- կարևորեց նա:
Պետությունը նպատակադրել է զարկ տալ բարձր բերքատու այգիների ստեղծմանը: Ըստ Հրաչ Բերբերյանի՝ միայն այգի տնկելով չէ. բերքն իրացնել է պետք, հատկապես, որ մարքեթինգային քաղաքականությունն էլ է մեզ մոտ բացակայում:
«Եթե այգիներն ավելացնում են, իրացման մասին էլ պետք է մտածեն: Նույնը խաղողը: Խաղողի այգիներն ավելացնում են, բայց արդյո՞ք գործարաններն ի վիճակի են այդ քանակության խաղողն ընդունել և վերամշակել: Այս ծրագիրը քննարկելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկում էր ծիրանի արտասահմանյան սորտեր ներկրել: Եթե ծիրանի արտադրության մասին է, ուզում եմ հիշեցնել, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է. լավագույն ծիրանը մեզ մոտ է աճում: Ինչ վերաբերում է այդ սելեկցիոն սորտերին՝ դրանք ո՛չ համային հատկություն ունեն, ո՛չ էլ որևէ բանի պիտանի են»,- շեշտեց գյուղատնտեսը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան