Հայաստանում մշակվի գյուղատնտեսության մասին օրենք
Շուտով ֆերմերը չի բողոքի ցածր արտադրողականությունից, իսկ գյուղատնտեսությունն էլ ավելի լավ կկառավարվի: Գյուղատնտեսությամբ զբաղվողներին հավաստիացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարի վստահեցմամբ, հիմա գյուղատնտեսության մասին օրենք է նախապատրաստվում, որի նպատակը ոլորտն ավելի լավ կառավարելն է:
«Վստահ ենք, որ գյուղատնտեսությունում աճը, արդյունքը ոչ թե կարճաժամկետ է, այլ հակառակը՝ բավականին երկարաժամկետ է լինելու: Աճում է նաև այն պոտենցիալը, որը թույլ է տալու, որ մենք հաջորդ տարիներին լավ արդյունք ունենանք: Կառավարությունը միտված է նրան, որ Հայաստանի ընկերությունների արտադրողականությունը, հետևաբար պոտենցիալը բարձրանա»,- ԱԺ-ում կրագրողների հետ զրույցում հայտարարել է Քերոբյանը:
Այս տարվա առաջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել:
Բայց գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուի պնդմամբ՝ անկումն աննշան է՝ 0,1 տոկոս:
Վահան Քերոբյանի կարծիքով, սակայն, տարեվերջին, այնուամենայնիվ, դրական ցուցանիշ կունենաք:
Նախարարը բացատրում է, թե ինչու է նման խնդիր առաջել: Պատճառն այն է, որ գյուղատնտեսության վիճակագրությունը կարիք ունի կտրուկ բարելավման: Իսկ լուծումն, ըստ նրա, պետք է լինի գյուղատնտեսության թվայնացումը և մասսայական հաշվառումը:
«Գյուղատնտեսական տվյալների հավաքագրումը թվայնացված չէ, և մենք հենվում ենք օպերատիվ տվյալների վրա, որոնք երբեմն անզեն աչքով վստահություն չեն ներշնչում, հաշվի առնելով գյուղարտադրանքի թողարկումն ու արտահանումը, հակասական է թվում այդ անկումը: Հիմա նաև վիճկոմիտեի առաջարկով ընդունելու ենք օրենք գյուղատնտեսության մասին, որ կարողանանք թվային տվյալներ հավաքենք ֆերմերային տնտեսություններից: Գյուղատնտեսության մասին օրենքի հաստատումը թույլ կտա, որ ֆերմերային տնտեսությունները, ընկերությունները գրանցվեն որպես այդպիսիք, իրականացնեն հաշվառում»,- կարևորում է ոլորտի պատասխանատուն:
Դա չի ենթադրելու, սակայն, հարկային պարտավորություններ գյուղացիների կողմից՝ համոզմունք է հայտնել նախարարը և շեշտել. «Այս պահին ոչ, բայց սուբսիդավորման ծրագրերում ընդգրկվելու համար անպայման կլինի հաշվառված լինելը որպես ֆերմերային տնտեսություն: Մենք գնում ենք նրան, որ այն մարդիկ, որոնք ինչ-որ բան արտադրում են, այդ մասին հայտնեն»:
Ինչ է արվում գյուղոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար
Մինչև գյուղատնտեսության մասին օրենքը կյանքի կկոչվի, նախարարությունում ձեռքերը ծալած չեն նստում: Գործում է գյուղատնտեսության աջակցության ծրագիրը, որի թիրախում արտադրողականության բարձրացումն է:
Գյուղատնտեսության ոլորտի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով էապես կարևորվում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, տեխնիկայի կազմի թարմացումը, ինտենսիվացումը: Այս ուղղությամբ էլ արդեն կա արձանագրված արդյունք:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ ծրագրի մեկնարկից մինչև հիմա շուրջ 2150 տեխնիկա է տրամադրվել՝ 10 մլրդ դրամի լիզինգի շրջանակում: Իսկ միայն այս տարվա 6 ամսվա դրությամբ՝ արդեն 1.4 մլրդի գյուտեխնիկայի լիզինգ է տրամադրվել:
Գյուղատնտեսության մասին օրենքի անհրաժեշտությունը ոչ միայն Էկոնոմիկայի նախարարությունն է կարևորում:
Օրեր առաջ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վիաճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն է անդրադարձել հարցին և կարևոր եզրահանգում արել:
«Այսօր ՀՀ գյուղերում բնակվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց մեծամասնության ձեռնարկատիրական իրավունքը գրանցված չէ։ Նրանց աշխատանքային իրավունքները ոչ մի տեղ արտացոլված չէ։ Այդ պատճառով մենք դեռ 4 տարի առաջ հարց բարձրացրեցինք, որ ՀՀ-ում խիստ անհրաժեշտ է, որ մշակվի գյուղատնտեսության մասին օրենք»,- ընդգծեց Մնացականյանը։
Սպասելիքներ նոր օրենսդրական նախաձեռնությունից
Գյուղատնտեսության մասին օրենք ունենալը կարևորում է նաև ՄԱԿ-ի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ գյուղացու իրավունքները հաճախ են ոտնահարվում, օրենքը թույլ կտա, որ նա պաշպանված լինի, և օրենքի կիրառմամբ գյուղոլորտում մեկ քայլ առաջ կգնանք:
«Պետք է այնպիսի օրենսդրական քայլեր ձեռնարկվեն, որոնք իրականում կլինեն կենսունակ, գործուն: Առաջին հերթին գյուղացու փոխարհարաբերությունները պետք է կարգավորվեն մյուս տնտեսվարող սուբյեկտների հետ: Տեսեք՝ ինչ իրավիճակ է տիրում մթերումների հետ կապված: Պայմանագրեր են կնքվում, որտեղ պայմանները հստակ չեն շարադրվում: Եթե մթերան գին չի սահմանվում, իմ կարծիքով, այդ պայմանագիրն առ ոչինչ է: Երբ գալիս է մթերման ժամանակը, ընկերությունը պայմանական ցածր գին է առաջարկում, իսկ դա նշանակում է, որ այդ պայմանագիրը չի գործոմ: Օրենսդրությամբ պետք է կարգավորվեն, թե ինչպիսի արտոնություններ պետք է տրվեն գյուղացիներին՝ հարկային, վարկային »,-առանձնացրեց փորձագետը:
Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ՝ օրենքի նախագծի մշակման ժամանակ պետք է լուրջ փորձագետներ ներառել, որպեսզի այն լավը լինի և գործի, ոչ թե այնպիսին, որ մնա թղթի վրա:
Օրենսդարական նախաձեռնությունը սպասված է նաև գյուղացիների և ֆերմերների համար:
Նրանց կարծիքով՝ օրենքը լուրջ բարեփոխում կլինի գյուղատնտեսության ոլորտում և կնպաստի արտադրողականության բարձրացմանն ու իրենց իրավունքների պաշտպանմանը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան