Գյուղատնտեսություն

Կարտոֆիլը տոննաներով մնացել է պահեստներում

Կարտոֆիլ կա, տանող չկա

Շուտով սերմը հողին պահ տալու ժամանակն է, բայց Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում և հարակից գյուղերի բնակիչների պահեստներում ազատ տեղ գրեթե չկա. տասնյակ տոննաներով կարտոֆիլը մնացել է չվաճառված։ 

Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի հորերում դեռ 1000 տոննա կարտոֆիլ կա, աշնանից բերքը չի իրացվում:

Ֆերմեր Արմեն Ասատրյանը սրտնեղում է ստեղծված իրավիճակից: Նա Ագրոպրեսի հետ զրույցում ասաց, որ գյուղում բոլորն են դժվարին վիճակում, գարնանն ընդառաջ գյուղացիներին թիվ մեկ հուզող հարցը կարտոֆիլի իրացման հարցն է:

Կարտոֆիլագործը դեռ անցյալ աշնանից պարտք է տրակտորիստին և բանվորներին, որոնց օգնությամբ կարողացել է բերքը դաշտից տուն հասցնել:

«Սաղ գյուղը պարտքի տակ են. աշխատողներին ասել ենք՝ բերքը կվաճառենք, ձեր աշխատավարձը կտանք, սակայն, չի վաճառվել, փող չկա, որ պարտքերը տանք: Հորերից հիմա կարտոֆիլի կիլոգրամը մեծածախ գնով 60-70 դրամով տալիս ենք, բայց էլի չեն առնում: Ամբողջ տարին չարչարվել են, փող են դրել, որ ծախեն 2 կոպեկ փող աշխատեն, իրենց հոգսերը հոգան, բայց ընդհանրապես չի ծախվում»,- բողոքեց կարտոֆիլագործը:

Արմեն Ասատրյանը բերքի չվաճառվելը կապում է կարտոֆիլի բերքի բարձր ցուցանիշների հետ:

Նա հիշում է, որ եղել են ժամանակներ, որ իրացումը դժվար է եղել, բայց ֆերմերի պնդմամբ այս տարի աննախադեպ է, քանզի իրենց հաջողվել է ստացած բերքի միայն 30 տոկոսը սպառել:

«Նախանցյալ տարի կարտոֆիլի կիլոգրամը 200 դրամով էլ ենք ծախսել, սենց բան չէր եղել, սա կատաստրոֆա է, այսօր ծանր վիճակում են հայտնվել արտադրողները», - հավելեց հողագործը:

Նույն պատկերն է նաև Նորակերտ գյուղում: Թեև գյուղացիները ստույգ չեն կարող ասել, թե քանի տոննա կարտոֆիլ կա հորերում պահած, սակայն, վստահեցնում են՝ բավականաչափ բերք մնացել է:

Վարչական ղեկավար Գերասիմ Սարգսյանը բարկացած նշում է, որ տանող չի եղել, որ գին որոշեն:

Նախորդ տարիներին նորակերտցի կարտոֆիլագործները պաշտպանության նախարարության հետ էին համագործակցում. ռազմական գերատեսչության սննդիներմուծմանտենդերըհաղթածկազմակերպությունները նրանցից էին կարտոֆիլ գնում: Գյուղացիների խոսքով՝ հիմա նման բան չկա:

«ՊՆ-ից մթերում հիմա բացարձակապես չկա, մասնավորի ձեռքում է, մեզանից չեն գնում, 2-3 տարի է չեն գալիս, էլ բան չեմ կարող ասել»,- նշեց նա:

Կարտոֆիլը 40 տոկոսով էժանացել է

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության փոխանցմամբ՝ անցյալ տարի շուրջ 6497 հեկտար կարտոֆիլի ցանքերից հավաքվել է մոտ 129 հազար 940 տոննա բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 200 ցենտներ։

Դեռ նախորդ տարվա վերջին կարտոֆիլագործներն ահազանգում էին, որ մթերքի գներն էժան է: Ընթացիկ տարվա Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, սննդամթերքից ամենաշատն էժանացել է մեծ սպառում ունեցող կարտոֆիլը, փետրվարին հունվարի համեմատ գնանկումը 40.3 տոկոս է կազմել, իսկ դեկտեմբերի նկատմամբ նույն իրավիճակն է:

Արցախի անկումն ի վնաս կարտոֆիլագործների

Շիրակի մարզի կարտոֆիլագործների բողոքն էլ է նույնը: Նրանք փաստեցին, որ բերքն առատ էր և լճացում եղավ, հիմա է պահեստներում զգալի քանակություն կա ամբարած:

Գյուղատնտես Գևորգ Աբրահամյանը դժգոհեց, որ չափից ծանր է նաև սերմերի վաճառքը հարցը, ֆերմերները գումար չունեն, որ կրկին սերմացու ձեռքբերեն: Ֆերմերը կարտոֆիլի էլիտար սերմի 1 կիլոգրամը 2 եվրոյով՝ 1000 դրամով է եվրոպայից ներմուծել:

«Եթե Արարատյան դաշտում ցանքատարածությունները չմշակեցին, նշանակում է, որ հաջորդ տարի մենք սերմ ներկրելու խնդիր կունենանք: Մենք պետք է արդեն եվրոպայից սերմ ներկրելու պատվերները կատարած լինեինք, բայց սերմերը դաժան ձևով է վաճառվում: Միշտ նոյեմբերին արդեն սերմերի վաճառքը պետք է ավարտված լիներ, այս տարի մնացել է»,- նկատեց գյուղատնտեսը:

Նրա դիտարկմամբ՝ այսօրվա ստեղծված իրավիճակը պայմանավորված է նրանով, որ ՌԴ կարտոֆիլի արտահանումը լավ չեղավ ու բերքը մնացած դաշտերում:

«Ռուբլու կուրսը շատ ցածր է, ձեռնատու չէ իրենց մոտ վաճառք կազմակերպելը: Անցյալ տարիներին, երբ կուրսը բարձր էր, ձեռնատու էր վաճառքը, մեր ֆերմերին հիմա օգուտ չի ՌԴ կարտոֆիլ արտահանելը»,-ասաց մեր զրուցակիցը:

Ըստ գյուղատնտեսի՝ Արցախի անկումը ևս բացասական ազդեցություն է թողել կարտոֆիլագործության վրա: Աբրահամյանը մատնանշեց, որ անցյալ տարի այս օրերին միայն Շիրակի մարզից 600 տոննա՝ 100 մլն դրամի կարտոֆիլի սերմ է Արցախ արտահանվել: Նա նաև հայտնեց, որ նախորդ կառավարության ժամանակ սահմանամերձ գյուղերին կարտոֆիլի սերմ է մատակարարվել, գնումներն իրենցից են արել, այն երկուստեք շահավետ է եղել:

Աշնանը հավաքած բերքի հարցը քննարկվում է կառավարությունում

Ի դեպ, Գեղարքունիքի մարզում չիրացված բերքի խնդրին անդրադարձել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա ֆեյբուքի իր էջում հայտնել է, որ կարտոֆիլի չիրացման հարցով գրություն է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցներ խնդրի լուծման ուղղությամբ:

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Վարդենիս համայնքի բնակիչների կողմից 2023թ. արտադրված, սակայն չիրացված գյուղատնտեսական մթերքների իրացման հարցերը քննարկվում են պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ:


Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search