Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է երկարացնել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի գործունեության ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին պետական աջակցությունից օգտվելու համար դիմումներ ներկայացնել 2023 թվականի փոխարեն մինչև 2025 թվականի ավարտը:
Կհստակեցվեն նաև ծրագրի իրականացման մեխանիզմները: Որոշմամբ նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 1000 հա ինտենսիվ այգիների հիմնումը և ոռոգման արդիական համակարգերի (ջրավազանների) ներդրումը, 100 հա ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակումը։ Նախատեսվում է թույլատրել նաև արտարժույթով վարկերի տրամադրումը, տնտեսավարողներին այլընտրանքային հնարավորություն տալով արժույթի ընտրության մասով՝ ելնելով իրենց տնտեսության կառուցվածքային նպատակահարմարությունից։
Առաջարկվում է խթանել նաև հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը ինքնաբավության մակարդակի բարձրացման համար՝ հաշվի առնելով նաև վերջիններիս ներգրավման անհրաժեշտությունը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման և կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմման հարցում։
Բացի այդ, որոշմամբ առաջարկվում է հանել այգեհիմնման կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրողներին տրամադրվող վարկերի արտոնյալ սուբսիդավորումը։
Միաժամանակ, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար՝ վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 9 տոկոսային կետի փոխարեն 12 տոկոսային կետով։
Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ոլորտը ՀՀ կառավարության ռազմավարական նշանակություն ունի. «Սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, որովհետև մենք նաև ջրային պաշարների և ընդհանրապես հողերի ճիշտ կառավարման համատեքստում պետք է ուժեղացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը: Մեր նախընտրական ծրագրի մեջ արձանագրված է, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու հիմնմանը պետք է աջակցենք»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար պետք է նաև ընթացակարգերը լավարկել:
Ո՞րն է տրամաբանությունը
Արարատի մարզի Դարակերտ բնակավայրի ֆերմեր Վարուժան Խոդեդանյանի համար անհասկանելի է, թե ինչպես է պետությունը զարկ տալիս բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը, երբ վարկի տոկոսներն է բարձրացնում: Նա Ագրոպրես-ի հետ զրույցում նեղսրտեց, որ պետության այս մոտեցումն անընդունելի է:
«Հասարակ բան՝ դա ո՞նց կարող է խթան լինել: Ենթադրում եմ, որ ինչ- որ սխալմունք է եղել, հնարավոր է՝ անգամ թվերը կարդացած չլինեն»,-տեսակետ հայտնեց գյուղատնտեսը:
Նրա դիտարկմամբ՝ բարձրարժեք բույսերի ցանկը բավականին ընդարձակ է, բայց արտադրվում է շատ քիչ, օրինակ, կարտոֆիլն էլ է բարձրարժեք մշակաբույս համարվում, ինչպես նաև խնձորի, կեռասի և այլ պտղատուների ինտեսնսիվ այգիները: Վարուժան Խոդեդանյանի համար պարզ չէ նաև, թե ինչ սկզբունքներով է այդ դասակարգումը կատարվելու:
Ըստ գյուղատնտեսի, սակայն, բարձրարժեք ավանդական և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար պետությունը նախ պետք է սկսի հենց վարկերից, բայց ոչ թե դրանց տոկոսները բարձրացնելով, այլ՝ իջեցնելով:
«Վարկերի տոկոսները մաքսիմում պետք է լինի 4 տոկոս, իսկ մնացածը պետությունը սուբսիդավորի, ոչ թե դարձնի 12՝ հայտարարելով, իբրև, սուբսիդավորում են: Երբեք 12 տոկոսով ոչ ոք վարկ չի վերցնի և այգի չի հիմնի: Մեծ այգիներ հիմնելու համար, օրինակ, մոտ 10 հեկտար, դրա տոկոսները հաշվեք 12-ով, տեսեք՝ ինչքան է կազմում: Իրացման հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Չգիտենք, թե ինչպես ենք վաճառելու մեր ապրանքը, եթե հայ- ռուսական հարաբերությունները վատանան, մի շուկա ունենք, այն էլ կկորցնենք»,- անհանգստացավ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող գյուղացին:
Նախադրյալներ կան, մնում է իրացումը
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի կարծիքով էլ անկախ նրանից, թե ինչ է մշակվում կարևորն իրացման հարցն է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, քանի որ քաղաքական վերջին իրադարձությունները խաթարում են շուկաների կայուն զարգացումը: Սակայն, մասնագետը մատնանշեց, որ Հայաստանը բարձրարժեք մշակաբույսերի արտադրության զարգացման նախադրյալներ ունի:
«Մեր տարածաշրջանի համար որպես առավելություն կարող են լինել կորիզավոր պտղատեսակների արտադրությունը, հնդավոր պտղատեսակները, օրինակ, խնձորը կարող են մեր հարևան երկրները մշակել մինչև հյուսիսային գոտիներում: Կորիզավոր պտղատեսակները, որոնք ավելի ջերմասեր են, մեր հանրապետությունում կարող են հաջողությամբ մշակվել և բարձր ավելացված արժեք ապահովել: Կարևոր խնդիր է ճիշտ սորտերի ընտրությունը, ճիշտ ագրոտեխնիկայի կիրառումը: Լոգիստիկ խնդիրների ճիշտ ապահովման դեպքում մենք կարող ենք դուրս գալ արտաքին շուկա և իրացնել մեր կորիզավոր պտղատեսակները և ունենալ բարձր արժեք»,-նկատեց փորձագետը:
Այս ամենին զուգահեռ, արձանագրենք նաև, որ ոչ ավանդական, օրինակ, ծնեբեկ բույսի մշակությունը Արարատյան դաշտավայրում թափ է առնում, միայն Արմավիրի մարզում ծնեբեկի դաշտը նախնական հավարկներով շուրջ 30 հեկտար է զբաղեցնում։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան