Հաստատվել է «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը»
Ջերմոցատերերը Կառավարության ուշադրության կենտրոնում են. ովքեր ցանկանում են ջերմատուն կառուցել, պետությունը նրանց մեջքին է կանգնում:
Կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատվել է «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը», որը կիրականացվի 2023-2026 թթ․-ին։
Ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով: Յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, իսկ վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարի է:
Շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս: Ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։
Պետության կողմից ցանկացած աջակցություն ֆերմերին գովելի է: «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» վերաբերյալ Ագրոպրեսի հետ զույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը: Նա միայն թե նկատում է, որ ծրագիրը կազմելիս իրենց կարծիքը հաշվի չեն առել ու խորհուրդ չեն հարցրել: Բացի այս՝ մասնագետը ծրագրում մի քանի բացեր մատնանշեց:
«Ջերմատուն սարքելը շատ լավ ծրագիր է, բայց երբեք մասնագետների կարծիքը հաշվի չեն առնում, ես՝ որպես «Ջերմոցային ասոցիացիայի» նախագահ, տեղյակ չեմ դրա մասին: Մեր միությունը 20 տարվա է, այս ընթացքում հարյուրավոր ծրագրեր եմ ներկայացրել, սակայն այդպես էլ ոչ ոք քննարկման չի կանչել, հարցնի՝ ո՞նց անենք: Իսկ ծրագիրն էլ կիսատ- պռատ է»,- համոզմունք հայտնեց ասոցիացիայի նախագահը:
Ռուսաստանն առաջվանը չէ. իրացման հարց կա
Ըստ Պողոս Գևորգյանի՝ կարևոր հարց է, թե որտեղ պետք է կառուցվեն այդ ջերմատները և ինչ պետք է այնտեղ աճեցնեն: Նա նշեց, որ պետությունը ջերմատուն կառուցելուն աջակցելուց առաջ պետք է մտածի, թե աճեցրած բերքը որտեղ է իրացվելու, արտահանման հիմնական շուկան՝ Ռուսաստանի Դաշնությունը, այլևս առաջվանը չէ և հուսալի գործընկեր չէ:
«Խրախուսում են, որ բերքատվությունը բարձրանա, բայց շատ բերքը որտե՞ղ պետք է իրացվի, ո՞ւր ենք տանելու: Ռուսաստանն էլ փակում է սահմանը, ոչ մի բան չես կարողանում արտահանել, այս տարի ամբողջ Լարսի ճանապարհների երկու կողմերին ելակ է եղել թափված: Ծաղիկ աճեցնողներն էլ են ավելացել, ու չի վաճառվում, կրակն ենք ընկել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Փոքր ու միջին ջերմատները կարող են կուլ գնալ
«Ռուսական շուկան գնալով կորցնում ենք», -իր հերթին հավելեց «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ–ի տնօրեն Վարուժան Խոդեդանյանը: Նրա խոսքով՝ այս տարի ՌԴ արտահանում գրեթե չի եղել, իսկ վիճակն էլ գնալով վատանում է:
«Շատ հարցեր կան՝ ռուբլու կուրսը նվազել է, դրան պլյուս՝ ադրբեջանական ապրանքը, ինչպես նաև՝ հայ- ռուսական հարաբերությունները: Այս տարվա մեր ծիրանի արտահանումն ի՞նչ էր, շատ վատ էր: Մենք ուրիշ տեղ ապրանք չենք կարող տանել, ամեն ինչ կախված է հայ- ռուսական հարաբերություններից․ եթե լավ չեղան, արտահանումն էլ կվատանա»,- տեսակետ հայտնեց դարակերտցի ֆերմերը:
Վարուժան Խոդեդանյանի պնդմամբ՝ պետությունը առաջնային պետք է իրացման հարցը լուծի, նոր միայն խրախուսի ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:
Ինչ վերաբերում է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրին՝ ջերմոցատիրոջ կարծիքով հատկացվող գումարով կարող են սմարթ՝ հինգերորդ սերնդի ջերմատուն կառուցել՝ իր օժանդակ բոլոր շինություններով՝ սառնարաններով, պահեստներով և այլն:
«Աջակցության լավ մեծ թիվ են տալիս, երեք հեկտար ջերմատուն կարելի է կառուցել: Եթե այդ ջերմատերերը՝ փոքր ու միջին, սկսեցին արտադրանքը տեղում վաճառել, կուլ են գնալու, ապրանքը պետք է դուրս հանել: Արտադրանքը մեզ մոտ վաճառելու դեպքում հաջողության չեն հասնի, ապրանքը շուտ կէժանանա, ստիպված իրանք էլ պետք է գներն իջեցնեն, փող չեն կարող աշխատել և տակ կտան: Այս վիճակում եթե շատ ջերմոց սարքվեց, և բերքն էլ դուրս չգնաց, շատ վատ է լինելու»,- մտահոգվեց ֆերմերը:
Վարուժան Խոդեդանյանը ռիսկի չէր դիմի օգտվելու ծրագրից, քանի որ վերջերս է ևս երկու ջերմոց կառուցել և բերքի իրացման խնդիր էլ ունի, նորից չի պատրաստվում բեռի տակ մտնել:
«Մթերման կետեր պետք է կառուցել, ապրանքը պետք է սորտավորվի, դասակարգվի այդ մթերման կետերում և դուրս արտահանվի: Այդ ժամանակ ինչքան շատ ջերմոց կառուցվի, այդքան լավ»,- հույս հայտնեց ֆերմերը:
Նոր շուկաների որոնմամբ զբաղվում է « Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ-ն: Պողոս Գևորգյանի խոսքով՝ հիմա գործընկերներ է փնտրում, որ ջերմատների արտադրանքը նոր ուղղություններով դուրս հանեն:
Ջերմոցներն Արարատյան դաշտից պետք է տեղափոխել
Նրա կարծիքով՝ ՌԴ-ից բացի, հայկական բերքը կարող ենք արտահանել Եվրոպա և Հեռավոր Արևելք, սակայն, ըստ նրա, այստեղ էլ խնդիրների կարող ենք բախվել. մրցակցությունը մեծ է, հետևաբար պետք է Հայաստանից միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք դուրս հանել:
Իսկ դրա համար, «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահի դիտարկմամբ, ջերմոցային տնտեսություններն Արարատյան դաշտից պետք է տեղափոխել լեռնային շրջաններ՝ այս կերպ լուծելով նաև սահմանամերձ համայնքներում աշխատատեղերի խնդիրը:
«Արարատյան դաշտում ջերմատուն դնելը «հիմարություն» է, որովհետև արևոտ օրերը քիչ են: Լեռնային գոտիներում պետք է ջերմոց դնենք և մշակենք, որ մաքուր ապրանք ստանանք, մեզ խնդրեն, որ այդ բերքը Եվրոպա հանենք: Լեռնային շրջանում օդը, ջուրը մաքուր են, կարող ենք օրգանիկ բանջարեղեն արտադրել: Եթե օրգանիկ լոլիկ աճեցնենք, դրսում պահանջարկը մեծ կլինի: Օրինակ՝ Սևան խոշորացված համայնքի Գագարին բնակավայրում տարեկան մոտ 320 արևոտ օրեր են լինում, իսկ Արարատյան դաշտում՝ ամիսներով մառախուղ: Արև չեղավ, ծաղիկը չի պտղավորվում: Դրա համար էլ նաև գազը շատ են վառում, և բերքի ինքնարժեքը թանկ է նստում: Այս տարբերակով բերք մշակելը ձեռնտու չէ: Արարատյան դաշտում հնարավոր չէ օրգանիկ բերք մշակել, քանի որ նաև վնասատուներն են շատ, պետք է անընդհատ սրսկել, այս դեպքում օրգանիկ բերք չի ստացվում»,- եզրափակեց Պողոս Գևորգյանը:
Ծրագրի իրականացումից ակնկալվում են արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով, որը կապահովի առնվազն 350 նոր աշխատատեղերի ստեղծում, բերքատվության բարձրացում՝ 2-3 անգամ՝ ավանդական եղանակով մշակվող ջերմատների նկատմամբ, մասնավորապես՝ լոլիկի դեպքում՝ 1 քառ. մ-ի հաշվով 40-50 կգ բերքի ստացում, ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում, մասնավորապես՝ 2024 թվականին՝ 6,7 հազ․ տոննա, 2025 թվականին՝ 11,3 հազ․ տոննա, 2026 թվականին՝ 15,6 հազ․ տոննա, իսկ 2027 թվականից յուրաքանչյուր տարի (մոտ 15 տարի) կապահովվի շուրջ 15,6 հազ․ տոննա լոլիկի բերք։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
Պետությունը խրախուսում է ջերմատնային տնտեսությունների զարգացումը
