Կանանչ անկյուն

Այգու հողի նախապատրաստումը եվ մշակումը

Այգու տեղն ընտրելուց, քարտեզավորելուց և հատակագծելուց հետո հողամասը պետք է մաքրել քարերից, թփուտներից, մացառներից և գրեյդերներով (հողի հարթեցման գործիք) հարթեցնել դար ու փոսերը: Եթե կան ճահճացած տեղեր, ապա հողամասի չորս կողմից անցկացնել 2-2.5մ խորությամբ և 2-3մ լայնությամբ դրենաժային ցանց, եթե զառիթափ լանջեր են՝ դարավանդավորել:
Պտղատու բույսերի կմախքային արմատները տարածվում են հողի 1.5-3մ և ավելի խոր շերտերում, սակայն մազարմատները, որոնք հողից սննդանյութ և ջուր կլանող հիմնական օրգաններն են, գոյանում են հողի վերինշերտերում՝ 20-70-80սմ խորության վրա. դրանք շատ նուրբ, զգայուն արմատիկներ են, անբարենպաստ հողային պայմաններում վատ են աճում և նույնիսկ կարող են չորանալ: Ուստի մինչև այգետնկումներն այդ խորությանվրա հողը պետք է մշակովի դարձնել, լավացնել նրա ֆիզիկաքիմիական հատկությունները, կառուցվածքը (ստրուկտուրա), դարձնել օդաթափանց, ջրաթափանց, հարստացնել սննդանյութերով, այլ կերպ ասած՝ մազարմատ ների աճի համար ստեղծել նպաստավոր պայմաններ:
image
image

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այգետնկումներից հետո ծառերի միջշարքային կամ մերձբնային տարածությունները 20-25սմ-ից խոր վարել չի կարելի (որովհետև մազարմատները կկտրվեն), այգին հիմնելուց առաջ հողի այդ շերտը պետք է լավացվի: Այդ նպատակով ընտրված հողամասը վարում են աշնանը՝ 30-40սմ խորությամբ, հետո, եթե քարեր կամ մոլախոտերի կոճղարմատներ են դուրս եկել, մաքրում են ու հեռացնում այգուց, և հողն այդպես վարած վիճակում թողնում են մինչև գարուն: Գարնանը, քեշի գալուց հետո հողը պետք է փոցխել սկավառակաձև փոցխերով և ցանել բազմամյա թի թեռնածաղկավոր խոտաբույսեր (առվույտ, կորնգան, երեքնուկ)՝ հացազգի խոտաբույսերի (բարձրաճ ռայգրաս, տիմաֆեևկա, շյուղախոտ, ոզնախոտ և այլն) հետ միասին, այդ խոտածածկի տակ պահել 2-3 տարի:

Խոտածածկի առաջին և երկրորդ տարում կատարել մակերեսային պարարտացում՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, հեկտարին 50-60կգ (ազդող նյութի հաշվով) յուրաքանչյուրից: Երրորդ տարվա վերջին հարը, որը սովորաբար Արարատյան հարթավայրում տեղի է ունենում մոտավորապես սեպտեմբերի վերջին, չկատարել, այլ պարարտացնել գոմաղբով՝ 60-70տ/հա-ին: Բացի այդ, պարարտացնել նաև մեծ դոզաներով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, հեկտարին 500-600կգ (ֆիզիկական քաշով) յուրաքանչյուրից: Այս բոլոր պարարտանյութերը խառնել ու փռել հողի երեսին և սեպտեմբերի վերջերին վարել Ս-80 պլանտաժային գութանով 65-75սմ խորությամբ, ու շուռ տալ հողի տակ՝ վարածածկել:
Ինչպես հայտնի է, հացազգի խոտաբույսերը զարգացնում են փնջաձև, հզոր, խիտ արմատային համակարգ, ինչը հողի մեջ մնալով այն հարստացնում է օրգանական նյութերով: Թիթեռնածաղկավոր բույսերի արմատները ֆիքսում են օդի ազատ ազոտը և հողը հարստացնում ազոտով:
Բացի դրանից, նրանց արմատները թափանցում են հողի մեջ մինչև 2մ խորությամբ և այստեղից բարձրացնում են կալցիումը դեպի հողի վերին շերտերը: Կալցիումն ունի ցեմենտացնող հատկություն, այդ պատճառով էլ հողի վերին՝ մինչև 70 սմ խորությամբ շերտի մասնիկները շաղկապում է իրար և դրանով լավացնում դրա ստրուկտուրան: Մեծ քանակությամբ գոմաղբով և հանքային պարարտանյութերով պարարտացումը հարստացնում է հողը սննդանյութերով, լավացնում է նրա ֆիզիկա-քիմիական
հատկությունները և նպաստավոր պայմաններ ստեղծում տնկվելիք ծառերի մազարմատների լավ աճի համար:

 

Խորեն մկրտչյան
Այգեպան Ուսումնական ձեռնարկ

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search